«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Նրա կինոն իմպրովիզացիա է, նրա տեսախցիկը` ենթագիտակցության աչքը»

«Նրա կինոն իմպրովիզացիա է, նրա տեսախցիկը` ենթագիտակցության աչքը»
01.08.2019 | 12:01

ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Դեկտեմբեր» ֆիլմի հեղինակն է: Վավերագրական այս ֆիլմում տեղ է գտել 2018-ի դեկտեմբերին կայացած Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող պատգամավորի երկու թեկնածուների՝ քարոզարշավի չորս օրերն արտացոլող տեսաքրոնիկոնը։ Ֆիլմի գլխավոր հերոսները քարոզարշավի ընթացքում թեկնածուների ճանապարհին հանդիպած մարդիկ են: Ռեժիսորն արձանագրել է նրանց խոսքը, պահվածքը, կեցությունը և մտորումները: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ ի սկզբանե հրավիրված է եղել լուսանկարելու քարոզարշավը, սակայն քաղաքական անցուդարձից ծնվել է «Դեկտեմբերը». «Քարոզարշավը տեղ-տեղ չսպասված աբսուրդային ձևով էր ընթանում, ու մտածեցի՝ պետք է նկարահանեմ, կարևոր է արձանագրել ժամանակի հոսքը»:


«Ոսկե ծիրան» փառատոնում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցանակը շնորհել է «Դեկտեմբեր» ֆիլմին: «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում այն դարձյալ արժանացել է «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակի:
Հետաքրքրվեցի՝ խնդիրներ չե՞ն ծագել ֆիլմի քաղաքական ենթատեքստի պատճառով: «Խնդիրներ ընդհանրապես չեն եղել: Ֆիլմում չի ասվում ՝ մեկը լավն է, մյուսը՝ վատը, շեշտն ավելի շատ դրվել է սոցռեալիզմի վրա: Ոմանք քաղաքական ենթատեքստ են տեսնում, ոմանք էլ ավելի շատ մարդկային հոգեբանական մտածողության հետ կապված խնդիրներ»,- ասաց ռեժիսորը, որի ընտրած չեզոք դիրքն ու ֆիլմը նկարահանելու ոճը հնարավորություն են տալիս կինոդիտողին տարբեր շերտեր բացահայտելու:


«Աշխարհում, կարելի է ասել, երկու հոգի են եղել: Մեկը Լենին պապին՝ Վլադիմիր Իլիչը, մեկը՝ Նիկոլ Փաշինյանը: Լենին պապին մահացել է, Նիկոլ Փաշինյանը մնացել է առաջին մարդը, առաջին հեղափոխականը...»,-«Դեկտեմբերը» սկսվում է հերոսներից մեկի այս հայտարարությամբ: Ավարտվում է «Լուրերի» թողարկման գլխավոր նորություններով՝ կենցաղային տեխնիկայի արտադրություն Հայաստանում, գաղտնալսված ձայնագրության հրապարակումը՝ հակահեղափոխության դրսևորում, նախընտրական բացառիկ բանավեճ Հանրայինի եթերում, աղբը եկամտի աղբյուրի վերածելու ուղիների քննարկում... Լուրերի թողարկումը, ֆիլմը նույնպես ավարտվում են մշակութային նորության մասին ազդագրով. «Նրանք հավատում են հեքիաթներին. 28 հայ տիկնիկագործների բացառիկ ցուցահանդեսը»: Հարց է առաջանում՝ ֆիլմի սկիզբն ու վերջը արտահայտում են ռեժիսորի մոտեցու՞մը, հիմնական ասելի՞քը:


«Այդքան ճակատային չէի ասի, թե դա է իմ մոտեցումը, կարող եմ ասել, թե ինչու եմ այդ լուրերը նկարել,- ասաց նա:- Դա ընդամենը նկարահանման օրվա լրահոսն էր: Չորս օր է տևել նկարահանումը, վերջին՝ չորրորդ օրը հեռուստացույցը միացրել եմ և նկարել լուրերի թողարկումը: Ինչ կար, դա եմ նկարել, առանձնապես ընտրություն չեմ արել: Ես ավելի շատ նպատակ ունեի ներկայացնելու, թե ինչպես է մարդը արտաքին աշխարհի հետ կապվում, իր կարծիքը տարբեր իրողությունների մասին ինչի հիման վրա է ստեղծում: ՈՒ հանգեցի այն մտքին, որ առօրյա գաղջ, ինկուբատորային կարծիքներ ձևավորում է լրատվադաշտը: Մարդիկ հեռուստատեսության, մեդիայի պրիզմայով են կարծիք կազմում: Առանձնապես ընտրություն էլ չունեն»:


Օրընթաց թեմաների մասին ֆիլմ նկարահանելը շատ դժվար է, նշված փառատոներում մեր օրերի մասին պատմող նման ֆիլմ Արմանը չի հանդիպել: Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է մտածում երիտասարդ ռեժիսորների աշխատանքների մասին: Պարզվում է՝ այնքան էլ չի հավանում, կարծում է, որ մանավանդ նորավարտ երիտասարդների գործերը, հատկապես՝ խաղարկայիները, շատ վատ վիճակում են. «Հավակնությունները մեծ են, նկարահանման ձևն ու բովանդակությունը՝ թույլ: Անհարկի օգտագործում են դասական երաժշտություն, անդրադառնում հուզիչ թեմաների՝ տատիկ, պապիկ... Ֆիլմերը հիմնականում չեն ստացվում, երբ փորձում են համամարդկային կամ վերերկրային թեմաների անդրադառնալ: Իսկ սոցռեալիզմը Հայաստանում, իմ կարծիքով, ընդհանրապես զարգացած չէ, թեև շատ են վավերագրությունները: Գնում են գյուղեր, լոկալ թեմաներ են վերցնում և շատ մակերեսային ներկայացնում: Մարդը խնդիր ունի, խոսում են, նկարահանում նրա պատմությունը»:
ՈՒրեմն ի՞նչն է պակասում՝ հարցնում եմ:

Կինեմատոգրաֆիկ տարրերը՝ ասում է զրուցակիցս:


Արմանը փոքրուց հետաքրքրվել է կինեմատոգրաֆիայով, շատ է նայել ֆիլմեր, հետո սկսել է լուսանկարչությամբ զբաղվել, ֆիլմերից եկած ազդեցությունը կիրառել լուսանկարչության մեջ, հետո հակառակը՝ լուսանկարչության ազդեցությամբ որոշել է ֆիլմ ստեղծել: «Դեկտեմբերն» ավելի շատ իմ սիրած ռեժիսորների ազդեցություն է կրում իր մեջ և այն լուսանկարչությունը, որ արել եմ, բայց կարծես միշտ շատ ավելին եմ ուզել, քան լուսանկարչությունը»,- ասաց նա:
Ինչու՞ «Դեկտեմբեր»: «Արձակագիր Արամ Ավետիսը խորհուրդ տվեց «Չգիտեմ» անվանումը, որ վերաբերմունքս լինի մռայլ, երևա, որ ոչ մի բան հստակ չէ, ոչ մի բան հստակ չգիտեմ, բայց մտածեցի, որ հեղինակը վերնագրի միջոցով չպետք է արտահայտի իր կարծիքը: Ֆիլմում շատ է դեկտեմբերը, ասես միստիկ բառ լինի, որ ազդում է գյուղացու վրա և ուղղորդում՝ գնացեք, ընտրեք: Այսինքն՝ խորհրդանշական է այդ անվանումը, նաև` չեզոք: Դա այն է, ինչ ուզում էի. կարծիքս պետք է արտահայտեի պատկերաշարի միջոցով՝ ասելիքս թողնելով ենթատեքստում: Այդպես ծնվեց վերնագիրը»:


Այս ֆիլմը ստիպում է մեկ այլ հայացքով նայել այն ամենին, ինչ կատարվում էր ընդամենը երեկ: Վերհիշում ու վերանայում ես նախընտրական խոստումները՝ կատարեք ձեր քայլը հանուն որակյալ առողջապահության, զարգացած գյուղատնատեսության, մատչելի կրթության, զարգացած Հայաստանի… Բնականաբար միանշանակ չի ընկալվում ֆիլմը: Արմանն ասաց, որ հենց ֆիլմում հայտնված քաղաքական ուժի կողմից եղել են բացասական կարծիքներ, որ սևոտ է մի քիչ… Ոմանք էլ վավերագրությունն են կարևորում, ասում են, որ պետք է լինի ֆիլմը, անկախ նրանից, թե ինչ լույսի տակ են երևում իրենք: Ընդհանուր առմամբ՝ դրական են կարծիքները:


«Ինձ համար կարևոր էր այս ֆիլմը, որովհետև հեղափոխություն ասվածից հետո շատերը նկարահանում էին հենց ընդհանուր էյֆորիան, պարերը, ուրախությունը, բայց երբ այդ ամենը ավարտվեց, տեսախցիկը դարակներից էլ չէին հանում»,- պարզաբանեց ռեժիսորը: Նրա համար տարօրինակ է, որ արվեստագետին, ռեժիսորին չի հետաքրքրում, թե ինչ եղավ հետո: Նման դեպքերում իրեն միշտ հետոն է հետաքրքրում, ու երբ հնարավորություն է ընձեռվում, փորձում է զգացմունքային ցնցման ընկալումն ուսումնասիրել՝ ինչպե՞ս մարդիկ ընկալեցին հեղափոխության սկզբունքները, արդյո՞ք այլախոհության կամ մենթալիտետային այլ դրսևորումներ եղան: «Լենինի ու Նիկոլի զուգահեռները շատ խորհրդանշական են: Չգիտեմ՝ այդ մարդը համեմատությունը գիտակցաբար է անում, թե ոչ, բայց, իսկապես, պատմությունն անընդհատ կրկնվում է,- եզրահանգեց մեր զրուցակիցը:- Հեղափոխությունները, շարժումները անիծված շրջապտույտի մեջ են, պարզապես անուններն են փոխվում: Եվ խնդրեցի, որ այդ մարդը, ով բոլորի մոտ այդ համեմատությունը անում է, տեսախցիկի մոտ էլ նույնն ասի»:
Ենթադրում եմ՝ եթե էլի քարոզարշավ լինի, քեզ չեն ասի՝ նկարիր:


«Ես չեմ ուզում: Մտածում էի, որ կարող եմ շարունակել այս թեման երկու տարի հետո, բայց գուցե չստացվի»,- ասում է Արմանը: Ինչ վերաբերում է նոր գաղափարներին, միշտ երազել է Սևանի ափին հանգստացող մարդկանց նկարահանել: Հաջորդ թեման հանրակացարանային կյանքն է: Կայարանում մի հին հանրակացարան կա, մի անգամ գնացել է, ասում է, որ բավական հետաքրքիր կերպարներ կան. «Այդ հանրակացարանի ներքին փակվածության մթնոլորտը ինձ շատ է հետաքրքրում, ասես փոքր պետություն լինի»:


ՈՒշագրավ կարծիք է հայտնում «Դեկտեմբերի» մասին Արամ Ավետիսը. «Արմանն ինձ իր ֆիլմը ցույց տվեց երկու ամիս առաջ: Մինչ այդ ես գիտեի, որ նա ֆիլմերի վերլուծություններ էր գրում ու լուսանկարչությամբ զբաղվում, հետաքրքվում էր համաշխարհային գրականությամբ: Նրա ֆիլմն ինձ համար բացահայտում էր: Արմանն այն բնածին տաղանդներից է, ում գործերի մեջ չես տեսնի ազդեցություններ: Այդ ամենն այնքան խորքային է, որ սիրողական աչքի համար համարյա անտեսանելի է: Նրա կինոն իմպրովիզացիա է: Իմպրովիզացիա, որի ներսում ինտելեկտուալ պինդ կառույց կա, նրա տեսախցիկը ենթագիտակցության աչքն է: Այս ֆիլմը հիշեցնում է ինձ Հենրի Միլլերի գրականությունը. ինքնուս, հիմնվելով միայն ներքին ինտուիցիային՝ նրա ֆիլմը ցույց է տալիս ընդերքը: Սա այն ընդերքն է, որ խղճահարություն չի առաջացնում, այլ նողկանք: ՈՒ՞ր ենք մենք գնում՝ չունենալով ոչինչ, բացի դատարկ հպարտությունից: Ֆիլմի հերոսը մտնում է այդ դատարկության մեջ և ցույց տալիս, որ ոչինչ չի փոխում մարդուն: Հեղափոխությունը նոր չինովնիկներ ու նոր ծառաներ է ստեղծում, կուռքեր և ստրուկներ: Եվ վաղ թե ուշ այդ երկուսը կսկսեն իրար ուտել, քանզի երկուսն էլ կոչված են ուտելու համար»:


Հավելենք, որ «Դեկտեմբերը» ներկայացվել է մեկ տասնյակից ավելի փառատոների Հայաստանում և արտերկրում:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao