Ի՞նչ է կատարվում Մեծ Բրիտանիայում

Ի՞նչ է կատարվում Մեծ Բրիտանիայում
04.09.2019 | 10:43

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ոչ մի դեպքում ԵՄ-ից բրեկզիտի հետաձգում չի խնդրի: Նա դեմ է նաև արտահերթ ընտրություններին, որոնց հնարավորությունը վաղուց է քննարկվում: Բորիս Ջոնսոնը, սակայն, մտադիր է առաջարկել հոկտեմբերի 14-ին արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե խորհրդարանը սկսի օրինագծի ընդունման գործընթացը, որն արգելում է վարչապետին հոկտեմբերի 31-ին հեռանալ ԵՄ-ից առանց համաձայնագրի՝ հաղորդում է Guardian-ը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրին: Խորհրդարանը մտադիր է առաջիկա օրերին օրենք ընդունել, որ հարկադրում է Ջոնսոնին բրեկզիտի հետաձգում խնդրել: «Ես ոչ մի պայմանով ԵՄ-ից հետաձգում չեմ խնդրի: Մենք ԵՄ-ից դուրս կգանք հոկտեմբերի 31-ին՝ ինչ էլ լինի»՝ հայտարարել է Ջոնսոնը երկուշաբթի երեկոյան հեռուստաուղերձով՝ մեկնաբանելով կառավարության արտահերթ քննարկումը: Նա խորհրդարանին կոչ է արել իրեն չխանգարել և հայտարարել է, որ իր կոշտ դիրքորոշումը կօգնի ԵՄ-ից համաձայնագիր պոկել, որը կբավարարի Լոնդոնին ու խորհրդարանին:

Մինչև վարչապետի ելույթը շատերն էին ակնկալում, որ նա արտահերթ ընտրություններ կհայտարարի, որ ավելի կբարդացնեն իրավիճակը: Սակայն Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների մտադրություն չունի: Սեպտեմբերի 3-ին Համայնքների պալատը վերադառնում է արձակուրդից և Ջոնսոնին ընդդիմադիր պատգամավորները ծրագրում են ընդունել օրենք, որ նրան պարտադրում է ԵՄ-ից խնդրել բրեկզիտի հետաձգում մինչև հունվարի 31-ը: «Ես չեմ կարծում և հույս ունեմ, որ նրանք դա չեն անի: Բայց եթե անեն, պարզապես ԵՄ-ի հետ բանակցություններում կթուլացնենն Բրիտանիայի դիրքերը և անհնար կդարձնեն հետագա բոլոր բանակցությունները»՝ ասել է Ջոնսոնը: Նրա պաշտոնական դիրքորոշումն է ԵՄ-ից ստանալ բրեկզիտի համաձայնագրի նոր խմբագրություն, նախագիծ, որ պատգամավորների մեծամասնությունն ու ինքը՝ Ջոնսոնը, երեք անգամ մերժել են գարնանը:

Եթե ԵՄ-ն չհամաձայնի, վարչապետը սպառնում է հեռանալ առանց համաձայնագրի, որ շոկ կլինի և Մեծ Բրիտանիայի, և ԵՄ-ի տնտեսության համար: Ջոնսոնի կարծիքով՝ կոշտ բրեկզիտի սպառնալիքը ԵՄ-ից զիջումներ կորզելու լավագույն միջոցն է, սակայն նրա քննադատները գտնում են, որ վարչապետը կրակի հետ է խաղում և կոշտ բրեկզիտը նախևառաջ ձեռնտու չէ Մեծ Բրիտանիային: Ջոնսոնի կարծիքով՝ քանի դեռ ԵՄ ղեկավարները հույս ունեն, որ Համայնքների պալատը կարգելակի կոշտ բրեկզիտը, զիջումների պատճառ չունեն: ԵՄ ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ Ջոնսոնի կառավարությունը մինչև հիմա չի առաջարկել ԵՄ-ին ձեռնտու որևէ այլընտրանք համաձայնագրի գլխավոր հարցում՝ իռլանդական բեկստոպի, այսինքն՝ մաքսային վերահսկողության բացակայության երաշխիքի և Իռլանդիայի Հանրապետության ու Հյուսիսային Իռլանդիայի միջև ֆիզիկական սահմանի:

Ջոնսոնի ելույթից առաջ քաղաքական շատ մեկնաբաններ, հիմնվելով Դաունինգ սթիթից արտահոոսքի վրա, ենթադրում էին, որ վարչապետը արտահերթ ընտրությունների պատրաստակամություն կհայտնի: Ջոնսոնն արեց հակառակը. «Ես ընտրություններ չեմ ուզում, դուք էլ չեք ուզում»: Բրիտանական քաղաքականությանը լավ ծանոթ լրագրողները վստահ են, որ Ջոնսոնի հայտարարությունը հենց նշանակում է ընտրությունների պատրաստակամություն՝ մինչև հոկտեմբերի 31-ը: «Դաունինգ սթրիթի գնահատականով՝ եթե պատգամավորներն այս շաբաթ իրեն պարտության մատնեն և կարողանան օրենքով արգելել առանց համաձայնագրի բրեկզիտը, կառավարության լավագույն քայլը կլինի շատ արագ՝ մինչև հոկտեմբերի 31-ը, արտահերթ ընտրություններ հայտարարելը»՝ գտնում է BBC-ի մեկնաբան Լորա Կյունսբերգը:

Բրեկզիտի հարցով ԵՄ սամիթը նշանակված է հոկտեմբերի 17-18-ը: Բորիս Ջոնսոնը խոստանում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս բերել հոկտեմբերի 31-ին, նույնսիկ եթե պահանջվի կապերը կտրուկ խզել ԵՄ-ի հետ: Խորհրդարանի պատգամավորների մեծ մասը դեմ է կոշտ բրեկզիտին: Հետաձգման 3 ամիսներին, ընդդիմադիրների կարծիքով, Բրիտանիան կանցկացնի արտահերթ ընտրություններ, որ կդառնան բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվե:

BBC

Հ.Գ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ առանց վարանելու կարտաքսի պահպանողական պատգամավորներին, որ կհամարձակվեն մերժել կառավարության տեսակետը: Ցանկացած պատգամավոր, որ կքվեարկի կառավարության ծրագրի դեմ, կվտարվի պահպանողականների շարքերից և կզրկվի հաջորդ ընտրություններին առաջադրվելու իրավունքից: Լեյբորիստների համոզմամբ, առանց գործարքի բրեկզիտը և Բրիտանիայի, և ԵՄ-ի համար աղետալի կլինի: Ջոնսոնը 650 մանդատով խորհրդարանում ունի 1 մանդատի առավելություն, ընդդիմախոս կուսակիցներին, օրինակ՝ ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդին կամ արդարադատության նախկին նախարար Դեյվիդ Գոուքին արտաքսելու սպառնալիքի իրականացումը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների: «Մեր առաքելությունն է իրականացնել բրեկզիտը հոկտեմբերի 31-ին և նոր լիցք հաղորդել մեր Միացյալ Թագավորությանն ու դարձնել աշխարհի լավագույն երկիրը», - ասել է Ջոնսոնը: Նա պարզապես կրկնում է Դոնալդ Թրամփի՝ «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսը և Բրյուսելի հետ հարաբերություններում դիմում է բլեֆի՝ հույս ունենալով, որ ԵՄ-ն կզիջի: Բայց Բրյուսելը Վաշինգտոնին ու Լոնդոնին նույն հարթության վրա դնելու ու ինչ-որ հարցերում զիջելու շահ չունի և Ջոնսոնը տանուլ է տալու կոշտ բրեկզիտի ծրագիրն ու վարչապետի աթոռը: Մինչև այսօր նա անում է ճիշտ հակառակը նախորդ վարչապետ Թերեզա Մեյի ձեռնարկած քայլերի՝ հույս ունենալով, որ Բրյուսելը կփոխի տեսակետը, բայց Մեծ Բրիտանիայում վարչապետի փոփոխությունը համաձայնագրի փոփոխություն չի դարձել, ուստի Բրյուսելը պատճառ չունի իր տեսակետը փոխելու:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao