Yerevan Perspectives International Music Festival
 

Ինչո՞ւ է «ծռվել» Նիկոլ Փաշինյանը

Ինչո՞ւ է «ծռվել» Նիկոլ Փաշինյանը
06.09.2019 | 18:22

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԾ անդամներ Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի հետ: Խորհրդավոր հանդիպման մասին վարչապետի կայքում տեղեկություն չկա, հանդիպումից հետո Սեֆիլյանն ասել է, որ նախկին իշխանությունը ինտենսիվ պատրաստվում է ռևանշի, իրենք այն ուժն են, որ թույլ չեն տալու դա: Դա, իհարկե, ինքնամեծարման հերթական փուչիկն է: Եթե նույնիսկ նախկին իշխանությունը պատրաստվում է ռևանշի, ընտրություններում 1 տոկոս հավաքած և գործող խորհրդարանին 6 ամիս ժամկետ տված քաղաքական ուժը այդ ռևանշը ի զորու չէ կանխել: Նույնիսկ ծիծաղելի է այդ հայտարարությունը բարձրաձայնելը, եթե, իհարկե, ուղղված չէ հասարակության ագրեսիվ ու անուղեղ հատվածին, որին միայն քար է պետք՝ ինչ-որ մեկի վրա շպրտելու, հրճվելու ու հայրենասեր-հայրենասեր տուն գնալու:


Իսկ ինչպե՞ս թույլ չեն տալու: Հերթական ՊՊԾ գունդն են գրավե՞լու, թե՞ ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Ու շարունակելու՞ են սպանել՝ մնալով անպատիժ: Ոչ ոք, չգիտես ինչու, չի արձանագրում, որ ինչ-որ կուսակցություն փորձում է ստանձնել պետական կառույցի դեր, իրեն դնում է պետության, դատարանի ու օրենքի տեղ: Ոչ մի լայվ-մայվ չի հայտնվում՝ ազդարարելու, որ պետությունը չի մեռել ու կարող է ինքն իրեն պաշտպանել առանց խիստ կասկածելի «պաշտպանների»: Փաստացի՝ Սեֆիլյանի հայտարարությունը կարող է դիտվել սպառնալիք կամ շանտաժ պետությանը՝ եթե անգամ իշխանությունն ու օրենքը ռևանշի դեմ չպայքարի, ՍԾ-ն թույլ չի տալու։ Ամենատարօրինակը վարչապետի լռությունն է, չի բացառվում, որ իրականում հանդիպումը բոլորովին այլ օրակարգ է ունեցել, բայց այլ բովանդակությամբ է ներկայացվում: Թեպետ ավելի տարօրինակ է ոչ թե հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի լռությունը, այլ՝ հենց հանդիպման բուն փաստը: Սա, մեղմ ասած, նոնսենս է, որովհետև ՍԾ-ն հազիվ թե քաղաքական ուժ է, իսկ եթե քաղաքական ուժ է և քարոզում է քաղաքականության մեջ զենքի գործադրում, ուրեմն պիտի արգելվի: Սա՝ մեկ, և երկրորդ՝ փաստացի ՍԾ-ի գործունեության մեթոդը տեռորն է: Եվ միանգամայն օրինաչափ է, որ նրանց ահաբեկչական կազմակերպություն են համարում արտասահմանում, թերևս Թուրքիայի ու Ադրբեջանի բացառությամբ, ուստի հարց է ծագում, թե արդարադատության նախարարությունն ինչու՞ ընդհանրապես նրանց գրանցեց: Ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը, որ աչքի չի ընկել տարբեր կուսակցությունների հետ հանդիպումներով, նրանց հանդիպելով: Փաստացի՝ հասարակության մտածող հատվածին իր դեմ է հանում, իսկ զոմբի պոպուլիստները, որ սպասում են նրա փռշտոցին, «առողջություն» ասելու համար, այս դեպքում կարող են սրտներն ուզածի չափ աղմկել, որ միայն զենքով կա հային փրկություն: Չհարցնելով ումի՞ց։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Քաղաքական գործընթացները կարգավորվում են օրենքով, համենայն դեպս՝ այդպես է հայտարարվում: Իսկ եթե ինչ-որ անձինք ուզում են իրենց օրենքից վեր դասել, նրանցով պիտի զբաղվեն իրավապահները: Այլապես վաղը Ժիրայր Սեֆիլյանը կհայտարարի, որ Նիկոլ Փաշինյանն է իրենց խնդրել «նախկինների» հարցերը լուծել:


Բայց ամենազարմանալին այս հանդիպման շուրջ վարչապետի խոսնակի պահվածքն է: Factor.am-ը մեկնաբանություն է խնդրել և նա ասել է. «Նրանք միասին քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։ Պատասխանը. իհարկե, հերթապահ ժպիտով նետված հերթապահ բառակույտ է: Բայց երբ հետևել է հաջորդ հարցը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներքաղաքակա՞ն , թե՞ նաև արտաքին քաղաքական հարցեր են քննարկվելու, Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Ես չեմ կարող ասել, ես այդ հանդիպմանը չեմ մասնակցելու»: Փաստացի՝ վարչապետի մամլո քարտուղարը ավելորդ ինտրիգ է մտցնում այնտեղ, որտեղ չկա, որովհետև անխուսափելի է երրորդ հարցը՝ ինչու՞ չեք մասնակցելու: Վարչապե՞տն է արգելել: Խոսնակի գործը ունի գրված ու չգրված օրենքներ: Թե գրված, թե չգրված օրենքները պարտադրում են, որ խոսնակը ոչ թե սրի, այլ նվազեցնի լարումը: Այս դեպքում Վլադիմիր Կարապետյանը իր բարձրության վրա է, բայց հակառակ իմաստով:

Դիտվել է՝ 1089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao