«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Գաղտնազերծված փաստաթղթի առեղծվածը

Գաղտնազերծված փաստաթղթի առեղծվածը
07.09.2019 | 13:48

«168 ժամը» գրում է. «Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե արձակուրդի ընթացքում գաղտնի մի փաստաթուղթ-զեկույց է ուսումնասիրել, որը, ըստ նրա, կազմվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, և հանգել է եզրակացության. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և, ինչ-որ առումով, դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»։ Նաև հավելել էր. «Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները: Մենք ըստ էության զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ՝ անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ, և այսպես շարունակ: Մեզ ամուր նյարդեր են պետք: Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետևից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին»:Նա այդպես էլ չբացահայտեց, թե ինչ գաղտնի փաստաթղթի մասին է խոսքը, սակայն խորհրդավորությունն ապահովված էր. բոլորը փորձում էին հասկանալ՝ ինչ գաղտնի փաստաթուղթ է, ով է կազմել, ինչու է այդքան կարևորության փաստաթուղթը Փաշինյանը պահում ու միայն արձակուրդի օրերին ծանոթանում, և, ի վերջո, ինչո՞ւ չի հրապարակում, որպեսզի հասարակությունը հասկանա՝ ինչի մասին է խոսքը, եթե, իհարկե, իրականում նման բան կա։

Նրա այդ ելույթին հետևել էր ՀՀԿ արձագանքը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հակադարձել էր. «Ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակիր «զեկույցի» անունն ու հեղինակներին»:

Մինչ որոշ գործիչներ հայտարարում էին, որ դա սովորական հնարք էր Փաշինյանի կողմից, և ոչ մի փաստաթուղթ էլ իրականում չկա, ԼՀԿ նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օգոստոսի 5-ին գրությամբ դիմեց Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը։

Եվ ահա երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ առավոտյան գնացել է Կառավարություն և ծանոթացել Փաշինյանի նշած գաղտնի փաստաթղթին. «Ամբողջությամբ ծանոթացել եմ վարչապետի կողմից մատնանշված հույժ գաղտնի զեկույցին»:

168.am-ը երեկ նրանից հետաքրքրվել է՝ ի վերջո, ի՞նչ փաստաթուղթ է, և չի պատրաստվում հասանելի դարձնել նաև հանրությանը։ «Այն հույժ գաղտնի փաստաթուղթ է և չի կարող ծանոթացվել հասարակությանը», - պատասխանել էր Է.Մարուքյանը։ Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ, ըստ ամենայնի, խոսքը մի զեկույցի մասին է, որը պատրաստվել է 2014թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից` որպես Հայաստանի հետ հետագա ֆինանսական գործունեության բովանդակային հիմք։ Այդ զեկույցում փորձագետները, այո, գորշ գույներով են նկարագրել իրավիճակը, և երբ այդ ժամանակ զեկույցը պատրաստ է եղել և ներկայացվել է կառավարություն, մանրամասն քննարկումների արդյունքում պարզվել է, որ զեկույցում գույները խտացված են և օբյեկտիվ չէ։

Եվ կառավարությունն է հրաժարվել հիմք ընդունել, և, ինչն ավելի ուշագրավ է, Համաշխարհային բանկը նույնպես այլևս այդ զեկույցի մասին որևէ հիշատակություն չի արել։ 2014-ի նշյալ զեկույցը չի ընդունվել՝ որպես Հայաստանի կառավարության հետ աշխատանքի հիմք։ Ահա և ամբողջ, խիստ արդիական և հետհեղափոխական բառով ասած՝ բոլոլան»:

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ