Սեպտեմբերի 14-20-ն Արագածոտնի մարզի ՈՒջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» ՈԻջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:
Շուրջ մեկ շաբաթ փառատոնի արտասահմանյան և տեղական բոլոր մասնակիցները կապրեն հյուրընկալ ուջանցիների տներում, յուրաքանչյուր օր հաց կկիսեն նրանց հետ և հնարավորություն կունենան մոտիկից ճանաչել հայկական կենցաղն ու մշակույթը: Փառատոնի ընթացքում հանդիսատեսն ու հյուրերը կհրավիրվեն զանազան համերգների, քննարկումների և էքսկուրսիաների: Իսկ երեկոյան բոլորը կհավաքվեն ՈԻջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում՝ մասնակցելու բացօթյա կինոցուցադրություններին: Փառատոնի բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում (ցուցադրությունների ժամանակացույցը՝ կից): Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:
Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված է 9 կարճամետրաժ և 11 լիամետրաժ կինոնկար աշխարհի 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն: Սա շատ բազմազան ծրագիր է, որտեղ ներառված են թե՛ ազգագրական վավերագրություններ, թե՛ ավելի փորձարարական ֆիլմեր, որոնք հատում են խաղարկայինի ու ոչ խաղարկայինի սահմանը, ինչպես նաև ֆիլմեր, որոնք անդրադառնում են մերօրյա աշխարհի սուր քաղաքական ու սոցիալական խնդիրներին: Հաղթողներին ընտրելու է փառատոնի եռանդամ ժյուրին, որի կազմում այս տարի ընդգրկված են կինոգետ, կինոպատմաբան, Հարավսլավական կինոարխիվի նախկին տնօրեն և «Filmograf» ամսագրի գլխավոր խմբագիր Բոժիդար Զեչևիչը (Սերբիա), կինոպրոդյուսեր, Էթնոաշխարհագրական հետազոտությունների հիմնադրամի աշխատակից և Մոսկվայի «Դոկեր» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչ Մարիա Չուպրինսկայան (Ռուսաստան) և ֆիլմերի իրավունքների ձեռքբերման մասնագետ Շահեն Բազիլը (Իրան):