Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիացի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիացի ուխտավորներին
13.09.2019 | 21:43

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի հայոց թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: Թեմի տարբեր համայնքներ ներկայացնող ուխտավորները ժամանել են Սուրբ Էջմիածին թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ.Գրիգոր աբեղա Խաչատրյանի վարդապետական թեզի պաշտպանության առիթով: Վահան Սրբազանը ուխտավորների անունից ուրախություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հյուրընկալության և հայրական օրհնության համար` գնահատանքով անդրադառնալով նաև Հայր Գրիգորի հոգևոր ծառայությանը:

Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, գոհունակությամբ նշեց, որ հաճելի է տեսնել այն հոգևոր ամուր կապը, որ ձևավորվել է եկեղեցականի և նրա համայնքայինների միջև: Շնորհավորելով Հայր Սուրբին վարդապետական թեզի պաշտպանության առիթով՝ Նորին Սրբությունն անդրադարձավ Եկեղեցու կյանքում վարդապետաց դասի կարևոր առաքելությանն ու դերակատարությանը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց հայորդիներին եկեղեցական կյանքում նրանց կարևոր ներգրավվածության համար: Նորին Սրբությունն անդրադարձավ Ֆրանսիայի հայոց թեմի գործունեությանը և Սփյուռքի առջև ծառացող մարտահրավերներին` ընդգծելով, որ փորձություններին հնարավոր է դիմակայել համայնքների համախմբվածության և հզոր հավատքի շնորհիվ:


Հայոց Հայրապետը պատգամեց փարված մնալ նախնյաց սուրբ հավատքին և հավատարիմ ազգային ինքնությանը շարունակել գործուն մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքում:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը պահապան լինի Ֆրանսիայի թեմի հոգևոր դասին և զորացնի ֆրանսահայ համայնքին իր հավատքի մեջ:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ