ԱՆԳԼԻԱ
Տուրը բացառիկ մարտաշունչ ստացվեց, ու առաջին տոն տվողը «Մանչեստր Սիթին» եղավ, որը հյուր ժամանած «Ուոթֆորդի» հետ անասելի դաժան վարվեց՝ հաղթելով ութ անպատասխան գնդակի առավելությամբ (երեք գնդակ հեղինակել է Բ. Սիլվան)։ Այս գոլառատության հենքի վրա պակաս դիտարժան չեղավ մրցաշարային առաջին օրվա մյուս առանցքային հանդիպումը, որտեղ, հավատարիմ իր վերջին հանդիպումների փիլիսոփայությանը, «Լեստերի» հետ արտագնա խաղում «Տոտենհեմը» միանգամից գործի անցավ ու դրանով իսկ սարսափի մեջ գցեց բազմահազար երկրպագուներին, քանի որ թիմը տխուր ավանդույթի ուժով վարժվել է այն բանին, որ առաջինը գոլ (գոլեր) հեղինակելով՝ հետագայում փոշիացնում է ունեցած առավելությունն ու հաճախ վատթարագույն ելքով։ Պոչետինոյի սաներն այս անգամ էլ չկարողացան խախտել տհաճ ավանդույթն ու դաշտից հեռացան գլխիկոր։ 2։1 հաշվով պարտությունը «Տոտենհեմին» միանգամից հետ մղեց յոթերորդ հորիզոնական։
Տուրի կենտրոնական հանդիպումն անշուշտ «Չելսի»-«Լիվերպուլ» դիմակայությունն էր։ Մի փոքր եթե մեզ նեղություն տանք անցյալի էջերը թերթելու, անվերապահորեն կհիշենք, որ մեկը Եվրոպայի, մյուսը Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է։ Ինչ խոսք՝ ներքին առաջնությունում թիմերի մեկնարկը տարբեր է եղել։ Չունենալով միավորի կորուստ՝ «Լիվերպուլը» հինգ խաղից հետո մշտական գրանցված բնակվում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում, մինչդեռ նույնքան խաղից հետո «Չելսին» ութ միավորով ընդամենը երկրորդ տասնյակի առաջին հորիզոնականն էր զբաղեցնում։ Հանդիպումը անչափ հետաքրքիր էր, հզոր կրքերով լի, ու դժվար էր դիմակայության ելքը միանշանակ գուշակել, որքան էլ հյուրերն առաջին խաղակեսից հետո առջևում էին երկու անպատասխան գնդակի առավելությամբ։ Ամպը տանտերերի համար իսկապես որոտաց երկրորդ խաղակեսին։ Կանտեն կրճատեց հաշվի տարբերությունը, և խաղի ելքն արմատապես բեկելու ավելի քան իրական հնարավորություն կար, սակայն այդ օրը ֆուտբոլային Նիկե աստվածուհու համակրանքը լիվերպուլցիների կողմն էր՝ 2։1։
Օրվա ոչ պակաս զարդ եղավ «Արսենալ»-«Աստոն Վիլա» դիմակայությունը։ Բավական չէ, որ զինագործները հանդիպման առաջին կեսի վերջնամասից մնացին տասը հոգով, դեռ պարտվում էլ էին 1։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան տասնմեկմետրանոցից հաշվի հավասարությունը վերականգնել, սակայն դա տևեց ընդամենը մեկ րոպե. հյուրերը կրկին առաջ անցան։ Եվ այսուհանդերձ, «Արսենալը» ֆանտաստիկ խաղավարտ ունեցավ՝ ընթացքում երկու գոլ հեղինակելով ու հանդիպումը 3։2 հաշվով շահելով։
Անհաջող մեկնարկած «Մանչեստր Յունայթեդին» հիշատակենք այնքանով, որ արտագնայում երկու անպատասխան գնդակի տարբերությամբ զիջել է «Վեստ Հեմին» ու հնարավորություն տվել 11 միավորով եզրափակել առաջին հնգյակը։ Ի դեպ, նույնքան միավոր է նաև «Լեստերի» ու «Արսենալի» անվան դիմաց։ «Լիվերպուլի» միավորների մասին հիշատակել ենք՝ 18, նրանից հինգով պակաս է վաստակել «Մանչեստր Սիթին»։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականը զբաղեցնող «Լայպցիգն» ու «Բավարիան» տուրն ավարտեցին առանց միավորների կորստի։ Փոխչեմպիոնն արտագնայում երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեց «Վերդերին», երկրորդը, որ երկրի գործող չեմպիոնն է, սեփական հարկի տակ պատժեց «Քյոլնին»՝ 4։0։ «Լայպցիգն» ունի 13, «Բավարիան»՝ 11 միավոր։
Երրորդից յոթերորդ հորիզոնականներում գտնվող թիմերը վաստակել են տասական միավոր, ու բնականաբար լրացուցիչ գործակիցներն են այս կամ այն թիմին ապահովել այս կամ այն տեղը։ Հարկավ այս ցուցակն առնվազն մեկով պակաս կարող էր անել երրորդում գտնվող Դորտմունդի «Բորուսիան», եթե հավելյալ ժամանակում Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» հնարավորություն չտար հաշիվը հավասարեցնելու՝ 2։2։
Չորրորդ տեղում «Աուգսբուրգի» հետ տնային հանդիպումը ոչ-ոքի (1։1) ավարտած «Ֆրայբուրգն» է։ Նրան հաջորդում են սեփական հարկի տակ «Մայնցի» նկատմամբ 2։1 հաշվով առավելության հասած «Շալկեն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան», որը նույն հաշվով պարտության է մատնել «Ֆորտունային»։
ԻՍՊԱՆԻԱ
Հերթական տուրը նոր առաջատար պարգևեց իսպանական ֆուտբոլին։ Հանգամանքների բերումով այդ թիմը դարձավ Բիլբաոյի «Աթլետիկը», որը սեփական հարկի տակ 2։0 հաշվով պարտության մատնեց «Ալավեսին» ու հավաքեց 11 միավոր։ Նույնքան միավոր ակտիվում ունի և Մադրիդի «Ռեալը» (լրացուցիչ գործակիցների պատճառով է երկրորդ հորիզոնականում), որն արտագնայում նվազագույն հաշվով պարտության մատնեց անդալուզական ակումբին ու հարկադրեց առաջին հորիզոնականից գահավիժել հինգերորդ։ Այո՛, այսպիսի կտրուկ անկում արձանագրեց «Սևիլիան», որը ողջ խաղի ընթացքում չկարողացավ գոնե մեկ դիպուկ հարված հասցնել «Գալակտիկոսի» դարպասին։
Կտրուկ անկում ունեցավ և «Աթլետիկոն» (եզրափակում է առաջին վեցնյակը), որն այդպես էլ չկարողացավ գտնել «Սելտայի» դարպաս տանող ճանապարհն ու բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ ահա հյուրերը կարողացան ընդհատել վերջին չորս հանդիպումներում մադրիդյան մարզադաշտից գլխիկոր հեռանալու տխուր ավանդույթը։
Անսպասելիորեն առաջին եռյակ խուժեց սեփական հարկի տակ «Բարսելոնին» 2։0 հաշվով պարտության մատնած «Գրանադան»։ Ի դեպ, սա թիմի երրորդ անընդմեջ հաղթանակն է հինգ խաղում կատալոնյան ակումբի երկրորդ պարտության ֆոնին, ու անհասկանալի է, թե վերջինս այսպես դեռ որքան է շարունակելու։ ՈՒ քանի որ հիշատակել ենք առաջին վեցյակը կազմած գրեթե բոլոր թիմերին, բացառություն չանենք չորրորդ հորիզոնականում հայտնված «Ռեալ Սոսիեդադի» առնչությամբ, որն արտագնայում պարտության է մատնել «Էսպանիոլին»՝ 3։1։ Ավելորդ չհամարենք նկատել, որ երրորդից վեցերորդ տեղերում հայտնված բոլոր թիմերի անվան դիմաց տասը միավոր է։
ԻՏԱԼԻԱ
Նախօրեին արտագնայում «Միլանին» հաղթելով (2։0)՝ «Ինտերը» բոլորին հասկացրեց, որ ոչ մեկն էլ առաջին տեղի ակնկալիք չի կարող ունենալ (առաջնության գոնե այս փուլում), ու խնդիրն իրենից հետո ունենալիք դասավորությունն է։ «Ինտերը» վաստակել է տասը միավոր։
Առաջատարի մարտահրավերին համարժեք արձագանքեց երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը, ինչը «Յուվենտուսին» արժեցավ կամային հաղթանակ։ Հանդիպման հաշիվը բացած «Վերոնան» ընդամենը տասը րոպե է եղել առջևում։ Ռեմզիի ու Ռոնալդուի ջանքերով «ծեր սինյորան» տիրացել է իր օրինական հասանելիք երեք միավորին ու տասը միավորով շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում։
Սկուդետեում ունեցած երրորդ հորիզոնականը չի կորցրել «Նապոլին», որը հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտության է մատնել «Լեչեին»՝ 4։1։
ՈՒթ միավորով չորրորդ հորիզոնականում է արտագնայում 2։1 հաշվով «Բոլոնիային» պարտության մատնած «Ռոման», նրանից մեկ միավոր է պակաս վաստակել «Լացիոն» (սեփական հարկի տակ պարտության է մատնել «Պարմային»՝ 2։0), իսկ վեցնյակը եզրափակում է «Ֆիորենտինայի» հետ ֆանտաստիկ հանդիպում անցկացրած «Ատալանտան», որը խաղավարտի վերջին րոպեներին երկու գոլ հեղինակելով, կարողացել է միավոր կորզել։ Այն ունի նույնքան միավոր, որքան «Լացիոն»։
ՖՐԱՆՍԻԱ
Թեպետ խաղավերջին, այնուամենայնիվ տանտերերի՝ «Լիոնի», դիմադրությունը «Պարի Սեն Ժերմենին» հաջողվեց կոտրել, ու կրկին հաղթական գոլի հեղինակը Նեյմարն է, ում շարունակում են սուլոցներով դիմավորել ակումբի երկրպագուները։ Իհարկե, եթե բրազիլացուն այս կերպ շարունակի հաջողվել վճռական գոլերի հեղինակ դառնալ, կհաջողվի և իր նկատմամբ քամահրական վերաբերմունքը կոտրել, որի միակ մեղավորը, անկեղծ լինենք, իրենից բացի ուրիշ ոք չէ, իսկ խաղային առումով կարևորն այն է, որ թիմը վեց հանդիպումից հետո 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Տուրի արդյունքներով փոփոխություն են կրել երկրորդ-երրորդ հորիզոնականները։ Երկրորդ է բարձրացել սեփական հարկի տակ 4։1 հաշվով «Սենտ Էտիենին» պարտության մատնած «Անժը», իսկ երրորդ տեղն իրենով է արել «Դիժոնին» հյուրընկալած ու 2։1 հաշվով պարտության մատնած «Նիցցան»։
«Լիլի» հետ տնային հանդիպումում ունեցած ոչ-ոքիից հետո (1։1) չորրորդ հորիզոնական է նահանջել «Ռենը», իսկ «Լիլն» անգամ առաջին հնգյակում չկա։ Ահա թե ինչպիսի ցնցումներ է կրել դիվիզիոնի առաջնությունը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ