«Վախենամ՝ այսօր հայի վերջին խելքն էլ մեզ չօգնի»
27.09.2019 | 00:24
Երկրում արժեհամակարգի, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն առաջինը զգում են իրական մտավորականները, որոնք քաղաքական վայրիվերումների ժամանակ երբեք չեն կորցնում մարդկային դեմքը, չեն քծնում օրվա իշխանությանը։ Այս իշխանություններն իրենց ամենամեծ ձեռքբերումը համարում են մարդկանց բարոյահոգեբանական վիճակի փոփոխությունը, իսկ ի՞նչ կարծիքի է մտավորականը։ Գրող-հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ է մեր զրույցը։
-Մեր հոգեբանությունը, մտածելակերպը փոխվե՞ց իշխանափոխությունից հետո։
-Ավելի դժվար է վերականգնել բարոյահոգեբանական տրավմաները, քան տնտեսություն ոտքի հանելն ու զարգացնելը։ «Աղետի գոտի» հասկացության ժամանակ գրեցի, որ այս ամենը կվերականգնվի, նոր սերունդ կգա, բայց հարվածների ազդեցությունը շատ երկար է մնալու։ Միշտ մտածել եմ մարդկանց բարոյահոգեբանական վիճակի մասին, երբ հեղաշրջումներ, իշխանափոխություններ են լինում։ Հիմա էլ սա է ինձ անհանգստացնում։ Իսկ «Նաիրիտը» փակեցին, ինչու՞ փակեցին, կբացե՞ն, թե՞ ոչ, սրանք վերականգնվող բաներ են, դրա համար կամք, մի քիչ էլ խելք ու հայրենիքը սիրել է պետք։ Խնդիրը հստակ է՝ դու գալիս ես իշխանության օգնելու՞ քո ժողովրդին, կյանքը բարելավելու՞, թե՞ կործանելու։ Ի՞նչ ծրագրով ես գալիս։ Իշխանափոխության ժամանակ սա է շատ կարևոր։ Երբ այս փոփոխությունները եղան, և երիտասարդությունը եկավ իշխանության, ես մի մտավախություն ունեի. «դուխով» բառի փոխարեն կուզեի, որ լիներ խելքով, խոհեմաբար, գիտակից, բանիմաց։ Եթե «դուխով» մարդը խելք չունի, շատ վտանգավոր է, գազանի նման մի բան է։ Նա կարող է միայն ավերել, ոչ թե ստեղծել։ Այս նոր իշխանության երիտասարդ ներկայացուցիչների հետ որքան հանդիպել եմ, ցավոք, հասկացել եմ, որ նրանք մերժում են նաև ավագներին։ Պառակտման տրամաբանությունը վատ տեղ է տանում։ Այդ հանդիպումների ժամանակ նրանց ասել եմ, որ պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձառությունը ներդնել, որպեսզի դուք չձախողվեք։ Իմ խնդիրը չի եղել կոնկրետ անձանց ձախողումը, այլ այն, որ այս ժողովրդին այլևս խաբել, հուսահատեցնել չի կարելի, որովհետև հավատը դժվար է վերականգնվում։ Սակայն այն ակնկալիքները, որ կային այս իշխանափոխությունից, չարդարացան։
-«Դուխովը» մնաց «դուխո՞վ», խելքն ու խոհեմությունը չփոխարինեցի՞ն դրան։
-«Դուխովն» էլ շատ հարաբերական հասկացություն է։ Չեմ էլ ուզում այդ բառը կիրառենք, համարձակ և խիզախ մարդը երբեք չի ասում, որ ինքն այդպիսին է։ Այդ խիզախությունն էլ պիտի նպատակ ունենա, ոչ թե գնաս փշալարերի վրա ընկնես՝ լավ իմանալով, որ այն քեզ ծակելու է, բայց դու «դուխով» գնում ես, որ ի՞նչ։ Սա սցենա՞ր է։ Չգիտեմ։ Միջազգային լրատվության, վերլուծություններին ենք հետևում ու հասկանում, թե զանգվածային միջոցառումների ժամանակ ինչ մանիպուլյացիաներով կարելի է ժողովրդին ամբոխի վերածել, որը հլու հնազանդ, հիպնոսված կարող է հետևել ցանկացած անհեթեթ նախաձեռնության։
-Փաստորեն, այս իշխանությանը չհաջողվեց մարդկանց մտածելակերպը որակապես փոխել, իսկ տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտների մասին ի՞նչ կասեք։
-Ես, օրինակ, չգիտեմ, թե ինչ մշակութային քաղաքականություն է վարում մեր այսօրվա կառավարությունը։ Մենք մշակույթով աշխարհին ներկայանալի ենք, եզակի ժողովուրդներից ենք, որ հին աշխարհից ենք գալիս։ Փակել մշակույթի նախարարությունը, պարզապես անհասկանալի է։ Գիտեմ, որ նախկին նախարարության աշխատողների արտահոսք կա։ Մենք այլևս չունենք պրոֆեսիոնալ մասնագետներ այդ միավորված հսկայական նախարարությունում, որն անկառավարելի է։ Ի՞նչ ենք անում մենք մշակույթի հետ, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ո՞վ է ներկայացնելու մեր մշակութային ժառանգության խնդիրները։ Էլչիբեյը ցանկացած ամբիոնից ոռնում էր, որ Հայաստանի և սփյուռքի միջև կապերը պետք է արգելափակել, իբր սփյուռքից են Հայաստան ներմուծվում Հայ դատի, ցեղասպանության, պահանջատիրության հարցերը։ ՈՒ՞ր է մեր սփյուռքի նախարարությունը։ Ո՞վ է որոշել, որ սփյուռքը պետք է կոորդինացնի մի հոգի, երբ հայ ժողովրդի եռակին ու քառակին դրսում է։ Այսօրվա կառավարությանը համազոր մի կառավարություն է պետք, որ բազմաշերտ սփյուռքի աշխատանքները համակարգի։ Սփյուռքը բարդ օրգանիզմ է` իր կուսակցություններով, համայնքներով, լեզվական խնդիրներով։ Ժամանակին Հայաստանում վաճառվեց ամեն ինչ, մեր ողջ արդյունաբերությունը։ Առաջին նախագահի թեթև ձեռքով մենք նետվեցինք ագրարային, առևտրային պետությունների շարքը։ Լավ, ագրարային ենք, ու՞ր է մեր գյուղնախարարությունը, ո՞վ է զբաղվելու գյուղացու խնդիրներով։ Մենք արդեն գյուղն ենք կորցնում, Արարատյան դաշտի գյուղացին վարկերի տակ կքած է։ Աշխատում են նաև այդ ուղղությամբ, որ գյուղն էլ չլինի։
-Դուք այս փոփոխություններում նպատակաուղղված քաղաքականությու՞ն եք տեսնում։
-Օր օրի դրանում համոզվում եմ, պետական կառույցների փլուզում, մասնագետների նկատմամբ բացասական վերաբերմունք։ Այս իշխանության առաջնահերթությունը պետք է լիներ այն, որ հավաքեր գոնե հայ տնտեսագետներին, ֆինանսիստներին, գործարարներին և տնտեսության փրկության, աշխատատեղերի ստեղծման համար ծրագիր ներկայացնելու ժամանակ տար, այսինքն, Հայաստանում հայտարարեր արտակարգ տնտեսական, սոցիալական դրություն։ Դրա փոխարեն ի՞նչ են անում. իրենց թույլ են տալիս 5 մլն դրամով փողոց փակել ու գորգ լվանալ։ Սա նորմա՞լ է։ Այդ 5 մլն դրամի համար, որպես պետական հափշտակություն, պետք է դատի տային ԱԺ նախագահին ու այդ պատգամավորներին։ Բայց աբսուրդն այն է, որ իրենք են հենց այդ գումարները բյուջեից դուրս գրում։ Նորմա՞լ է, երբ պաշտոնյան հայտարարում է, թե 1 մլն դրամն ինչ աշխատավարձ է այն դեպքում, որ գիտաշխատողը, մտավորականը ստանում է 60-70 հազար դրամ։ Սա բարոյակա՞ն է իշխանավորների կողմից։ ՈՒրեմն կա՛մ տգետ են, կա՛մ կույր են, կա՛մ հատուկ ծրագիր կա։ Չգիտես ինչու՛, այս իշխանությունները խնդիրները դիտարկում են ոչ թե 30, այլ 20 տարվա հեռավորությունից՝ մոռանալով, թե այդ ամենի հիմքերը երբ են դրվել, ու ով է դրել, ինչպես մասնագետները թողեցին հեռացան Հայաստանից, սկսվեց արտագաղթը։ Հիշեցի Եղիշեի հայտնի միտքը. «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»։ Բայց քիչ-քիչ համոզվում եմ, որ մտոք կույրի խնդիր չկա, հակառակը շատ տրամաբանված, մշակված գործողությունների հաջորդականություն է, որը լավ տեղ չի տանում։ Այս տրամաբանության մեջ է մտնում նաև մտավորականության հանդեպ վերաբերմունքը։
-Արժեհամակարգի խեղման խնդի՞ր է դրված։ Ի դեպ, մեծ ջանասիրությամբ փորձում են նաև Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել։
-Այդ կոնվենցիաները խարխլում են ոչ միայն մարդու հոգեբանությունը։ Ես կողմնակից եմ այն բանի, որ եթե դիմացդ չար ուժ է, պետք է պահպանողական, եթե հարկավոր է հետադեմ էլ լինել։ Կուրորեն գնում ենք այնպիսի «արժեքների» հետևից՝, ինչպիսիք են՝ միասեռականությունը, մարիխուանա ծխելը, կարծելով, թե դա է եվրոպականը։ Մյուս կողմից էլ պայքարում ենք ծխախոտ ծխելու դեմ։ Այս անհեթեթությունները պետք է դիտարկել կոնկրետ ծրագրի շրջանակում։ Մենք այսօր տեսակի լուրջ խնդիր ունենք։ Եթե մենք կորցնենք մեր տեսակը, մեր ինքնությունն ենք կորցնելու։ Չգիտեմ՝ դա դեմոկրատիա, գլոբալիզացիա, սիոնիզմ, պանթուրքի՞զմ է կոչվում, թե՞ այս բոլորը միասին են մեկ ափսեում։ Վերջին 100 տարվա ընթացքում մտավորականներին վերացրել են երիտթուրքերը, որպեսզի ազգն անուղեղ մնա, ապրի քաոսում։ Մտավորականներին վերացրել է Լենին պապիկը՝ Տրոցկու հրամանատարությամբ, որը սիոնիզմի մեծագույն ներկայացուցիչն էր։ Անհատի պաշտամունքի ժամանակ են նաև վերացրել մտավորականությանը։ Խորհրդային տարիներին փորձել են մտավորականներին փաղաքշելով իրենց ծառայեցնել, բայց մաքուր մտավորականները պայքարել են ու գտել են սողանցքներ՝ իրենց ասելիքն ասելու համար։ Ես մտավորական չեմ համարում դոկտոր-պրոֆեսորներին, որոնք Օքսֆորդն են ավարտել, մտավորականն այն մարդն է, ով անձնականն ու անանձնականը կշեռքի նժարներին դնելուց պատրաստ է անձնազոհության՝ հանուն հասարակական շահի, համայնի։ Այսօր աչքի ընկնող մտավորականնների մեջ տեսնում եմ գետնաքարշության վառվռուն օրինակներ, որոնցից երբեմն ինքս եմ ամաչում, տղամարդը չպետք է այդքան նվաստանա։ Մտավորականը միշտ պետք է ընդդիմադիր լինի։ Եթե այդպիսին չեղավ, առաջընթացը կխաթարվի։ Հենց այդ դժգոհությունն է իշխանավորին զգոնացնում։ Այսօր մեկ կենտրոնից կառավարվող ԱԺ և կառավարություն ունենք, ինչը շատ վտանգավոր է։ Այդպես չպետք է լինի, պիտի հակակշիռների մեխանիզմն աշխատի։ Կա նաև անպատժելիության մթնոլորտ, կարելի է շրջանցել ցանկացած օրենք։ Սա ինձ հիշեցնում է 90-ականները, երբ ասում էին` պոլի փետ էլ լինի, ՀՀՇ-ական լինի։ Բայց սրիկան նույն սրիկան է, չէի ուզենա, որ վերադառնանք 90-ականներ, առավել ևս, որ դրա միտումը տեսնում եմ, քանի որ անընդհատ ասում են՝ վերջին 20 տարին։ Այս իրավիճակում պետք է նոր ուժ ստեղծել, որը կհամախմբի ազգին։ Ես հարում եմ դաշնակցության գաղափարախոսությունը, որը կարող է սոսնձել հայությանը։ Դաշնակցությունն այսօր ամեն ինչ պետք է անի, որ հասարակությունն ընդունի իրեն, այդ գաղափարախոսության կարիքը մենք ունենք։ Այնպես չէ, որ գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։
-Բայց այսօր մենք առանց «իզմ»-երի իշխանություն ունենք։ Սա նորմալ չէ՞։
-Այդպիսի բան գոյություն չունի։ Դա նշանակում է առավոտյան արթնանալ, տրամադրությունը ինչպես լինի, այդպես էլ իշխանություն ղեկավարել։ Սա անարխիզմ է, բայց այստեղ էլի «իզմ» կա։ Անկախության ընթացքում մենք մի թշնամի ենք ունեցել, իսկ այսօր բոլորս դարձել ենք իրար թշնամի, չարացած ենք իրար նկատմամբ, մեկը մյուսին չի հանդուրժում։ Ես շատ վախենում եմ այսօրվա մեր բարոյահոգեբանական նկարագրից, հաճախ նաև անամոթության համար։ Երբ երիտասարդ էի, ասում էին, թե այս մարդը միասեռական է, ասում էինք՝ մի հատ տեսնեմ, կյանքումս չեմ տեսել։ Բայց հիմա ի՞նչ է կատարվում։
-Նրանք արդեն ԱԺ ամբիոնից են խոսում։
-Այո, ցավոք, նրանք նաև թելադրող են, փոխանակ ամոթից գետինը մտնեին։ Ոչ մեկի ննջարանը ոչ մեկին հետաքրքիր չէ, ապրեք, ինչպես ուզում եք, բայց դա մի քարոզեք, դասագրքեր մի կազմեք դրա մասին։ Երեխայի հեքիաթը մի սպանեք, երեխան պիտի մանկություն ունենա, պիտի այդ հավատալիքների մեջ ապրի։ Անգլիայում մի ուսուցչուհու աշխատանքից հեռացրել էին, որը երեխային ասել էր, թե Ձմեռ պապ գոյություն չունի։ Այ, սա արժեք է, թող նման բաներ ներկրեն։
-Միայն հեքիաթը չեն վերացնում, վարկաբեկման արշավ է սկսված եկեղեցու, կռված տղաների, մեր հերոսների դեմ, անգամ ազատամարտը «հեղափոխությանը» ստորադասվեց։ Այսինքն, այն, ինչ ազգի հիմքն է, խարխլվում է, Փաշինյանը կասեր` ծնկի է բերվում։ Ինչու՞։
-«Դեմոկրատիա» կոչվածի դեմ առաջին անգամ հին Հունաստանում խոսել են Արիստոտելն ու Պլատոնը։ Նրանք իշխանությունն իսկապես տվել են ժողովրդին ու հասկացել, որ բան դուրս չի գա, իշխանավոր պետք է լինի։ Ժողովրդավարությունը շատ նենգ, քողարկված բռնապետությունն է։ Այսօր ես դրա տարրերը տեսնում եմ։ Ասում են՝ ժողովուրդը ցանկացավ, որ այսպես լինի։ Այդ ո՞ր ժողովրդի մասին է խոսքը՝ իշխանության կողմնակիցների՞, քծնողների՞, թիմակիցների՞։ Բայց նրանք չեն ժողովուրդը։ Ինձ հարցրե՞լ եք, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որը վաղը վավերացնելու եք։ Գաղափարներ են գցում ժողովրդի մեջ ու ասում են՝ դու արեցիր, ժողովուրդ։ Բայց ո՞վ է դա ուզել, ու՞մ ես հարցրել։ Այս ամենին գումարվում է կադրային խայտառակ քաղաքականությունը։ Եթե կարդաք հենց ԿԳՄՍ նախարարության գրագրությունը, բաներ կան, որ չեք հասկանա, թե ինչ լեզվով են գրված։ Ինչ վերաբերում է վարկաբեկման գործընթացին, նախ` հերոսներին չեն դատում, սա միանշանակ է։ Պետք է դաստիարակել ու ժամանակին կասեցնել նրանց չափ ու սահմանն անցնելը։ Կարելի էր նրանց կանչել, ասել, որ անազնիվ ճանապարհով այսքան գումար ես աշխատել, մի գյուղում կառուցիր տոմատի կամ գինու գործարան, մարդկանց աշխատատեղերով ապահովիր։ Ձևեր միշտ կարելի է գտնել, բայց հաղթողներին չեն դատում, առավել ևս, որ նրանք բարձր կոչումներ ունեն։ Բանը հասել է այնտեղ, որ պղծում են ապրիլյան պատերազմին մասնակցած տղաների շիրիմները և այնքան ցինիկ են, որ հայտարարում են, թե մեղքերի թողություն են արել։ Ո՞րն է այդ մատղաշ տղերքի մեղքը, որ զե՞նք են վերցրել ու հայրենի՞ք պաշտպանել։
-Վարչապետի տիկնոջ մակարդակով մենք խաղաղություն ենք քարոզում։
-Հայրենիքը պաշտպանելն արդեն դառնում է մեղք։ Այստեղ մեծ վտանգներ կան։ Անուններով գիտենք, չէ՞, թե ովքեր են միասեռականները, աղանդավորները։ Սրանք ինչպե՞ս կարող էին գալ իշխանության։ Սրանք երկրում եղանակ են փոխում, մարդու մտածողություն են փոխում։ Եվ այս ամենի մեջ ագրեսիա կա։ Սեռական խնդիրներն արդեն դառնում են քաղաքական-հասարակական քննության առարկա։ Իսկ ինչու՞ երկրի ղեկավարությունն առաջին դեմքերի մակարդակով չի հայտարարում, որ մեզ պետք է առողջ հասարակություն՝ առողջ մարդկանցով, կողմնակից ենք դասական, ավանդական ճշմարտություններով ապրելուն, ավանդական ընտանիքը պահպանելուն։ Կանգ առնել է պետք, հակառակ դեպքում արժանանալու են համաժողովրդական պարսավանքին։
-Այս իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում։
-Եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, հետևանքները ծանր են լինլու։
-Ի՞նչ ասել է` կտրուկ փոփոխություն։
-Իրենց խոստումների առնվազն կեսը իրագործեն՝ սկսած հանքային արդյունաբերության հանդեպ վերաբերմունքից։ Մենք պայքարում էինք, որ իրենք գան ու նախկին խնդիրները լուծեն, իսկ այս թիմով դա անելն անհնար է։ Նոր ուժեր են պետք։
-Թիմն էլ է հիմա ներսից պայթում։
-Ժամանակին գրել եմ, որ երբ «Ղարաբաղ» կոմիտեի ժամանակ լիդերներից մեկը ելույթ էր ունենում, իմ ընկերներից մեկը՝ հին, լավ երևանցի, ասաց, որ սրանք Ղարաբաղը չեն ուզում, իշխանությունն են ուզում, սրանք Ղարաբաղը կծախեն։ Ասաց, որ դրանց հիմա պիտի «գյուլլել», բայց եթե հիմա դա անենք, կդառնան ազգային հերոս, իսկ մենք՝ դավաճան։ Պետք է մնան, իրենց ծրագիրն անեն, մինչև ժողովուրդը հիասթափվի։ Բայց նույն ժողովուրդը 2008-ի մարտի 1-ից առաջ 200 հազարանոց երթ կազմակերպեց այդ լիդերի առաջնորդությամբ։
-Մեր պատմական հիշողությու՞նն է կարճ, թե՞ խոստումներին շուտ ենք հավատում։
-Հովնանյանը մի շատ հետաքրքիր բան է ասում. «Հայերն ականջով են հավատում»։ Փաստը դնում ես աչքի առաջ, ասում է, չէ, նա այսպիսի բան է ասել։ ՈՒ գալիս է հայի վերջին խելքի հրամայականը։ Վախենամ` այսօր հայի վերջին խելքն էլ մեզ չօգնի։ Չեմ ուզում` մեր երկրում ցնցումներ լինեն, բայց եթե այսպես շարունակվի, կլինեն։ Մեր ժողովուրդը իմաստուն է, բայց համբերատարությունը բնավ չի նշանակում, որ թույլ ենք։ Սա էլ ենք հաղթահարելու։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ