ReAnimania 2019

«Երբ Շոս­տա­կո­վի­չը հա­կադր­վում էր ղե­կա­վա­րու­թ­յանն ինչ-որ հար­ցում, «պարզ­վում» էր, որ նա երկ­րի վա­տա­գույն կոմ­պո­զի­տորն է»

«Երբ Շոս­տա­կո­վի­չը հա­կադր­վում էր ղե­կա­վա­րու­թ­յանն ինչ-որ  հար­ցում, «պարզ­վում» էր, որ նա երկ­րի վա­տա­գույն կոմ­պո­զի­տորն է»
27.09.2019 | 01:10

«Ի­րա­տե­սի» հյու­րը կոմ­պո­զի­տոր ՎԱՉԵ ՇԱ­ՐԱ­ՖՅԱՆՆ է:

-Պա­րոն Շա­րա­ֆյան, տա­րին հո­բե­լյա­նա­կան է. նշում ենք Թու­մա­նյա­նի և Կո­մի­տա­սի 150-ա­մյակ­նե­րը: Ի՞նչ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով է հան­դես ե­կել կոմ­պո­զի­տոր Վա­չե Շա­րա­ֆյա­նը, և ի՞նչ է սպաս­վում այս հա­մա­տեքս­տում ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին:
-Ցա­վոք, Թու­մա­նյա­նին անդ­րա­դառ­նա­լու լուրջ ա­ռիթ չեմ ու­նե­ցել, թեև կա­րող էի: Ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րիս նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րին անդ­րա­դար­ձել եմ, ի­հար­կե, բայց դա բա­վա­րար չէ, դեռ խո­րու­թյամբ պի­տի զբաղ­վեմ դրա­նով: Իսկ Կո­մի­տա­սին անդ­րա­դար­ձել եմ, անդ­րա­դառ­նում եմ, նույ­նիսկ խա­ղա­ցել եմ իր կեր­պա­րը կի­նո­յում, ո­րով­հետև, բախ­տի բեր­մամբ, ար­տա­քի­նով նման եմ նրան: Վեր­ջերս Գառ­նիում կա­յա­ցած բա­ցօ­թյա հա­մեր­գի ժա­մա­նակ հն­չե­ցին իմ գոր­ծե­րից՝ բազ­մա­մաս ստեղ­ծա­գոր­ծու­թյան եր­կու մաս: Գա­ղա­փարն այն էր, որ Կո­մի­տա­սի փր­կած մե­ղե­դի­նե­րը փո­խադր­վեին դու­դու­կի և նվա­գախմ­բի հա­մար: Կո­մի­տա­սը փր­կեց մե­ղե­դի­ներ, որ պի­տի վե­րա­նա­յին ի­րա­կա­նում, ո­րով­հետև այն կեն­ցա­ղը, ո­րում դրանք ստեղծ­վել ու կա­տար­վել էին, ար­դեն չկար: Կո­մի­տա­սի հան­ճա­րը նաև նրա­նում էր, որ ճիշտ ժա­մա­նա­կին ե­կավ ու ա­րեց այն, ինչ ա­րեց: Ես շատ եմ անդ­րա­դար­ձել այդ մե­ղե­դի­նե­րին: Շարքն ամ­բող­ջու­թյամբ հն­չել է Սանկտ Պե­տեր­բուր­գում, Մոսկ­վա­յում, Փա­րի­զում, Ի­տա­լիա­յում, Սո­չիում օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին կից անց­կաց­վող Յու­րի Բաշ­մե­տի փա­ռա­տո­նին, այ­լուր: Այդ­պես Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը կար­ծես նոր կյանք են ստա­նում: Գրել եմ չորս մա­սից բաղ­կա­ցած Դաշ­նա­մու­րա­յին տրիո, ո­րի մեջ օգ­տա­գործ­ված են Կո­մի­տա­սի ժո­ղո­վա­ծուից վերց­ված մե­ղե­դի­ներ: Դրանք կո­չել եմ «Չորս շա­րու­նա­կու­թյուն» և նվի­րել իմ ու­սուց­չին՝ Էդ­վարդ Միր­զո­յա­նին: Նա ա­սում էր, որ ե­թե մի բան ա­վարտ­վեց, ու­րեմն լավ չէ:
-Հայտ­նի խոսք ու­ներ. «Ա­մեն ինչ լավ է, ե­թե լավ է շա­րու­նակ­վում»:
-Ա­յո՛, ան­վերջ կրկ­նում էր այդ խոս­քը, կար­ծում, որ ա­մեն լավ բան պի­տի շա­րու­նակ­վի: Եվ ես ո­րո­շե­ցի շա­րու­նա­կու­թյուն տալ, նոր կյանք տալ կո­մի­տա­սյան այս մե­ղե­դի­նե­րին, ո­րոնք կեն­ցա­ղում ար­դեն չեն շա­րու­նակ­վում: Իսկ ե­թե եր­բեմն փոր­ձում են այս մե­ղե­դի­նե­րին ժո­ղովր­դա­կան ոճ տալ ու կա­տա­րել, ծի­ծա­ղե­լի է դառ­նում: Ես փոր­ձել եմ դրանք ապ­րեց­նել բո­լո­րո­վին ու­րիշ մի ճա­նա­պար­հով, և փա՜ռք Աստ­ծո, այդ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը կա­տար­վում են, շու­տով նո­րից կկա­տար­վեն Եվ­րո­պա­յում: Ու­նեմ նաև «Դիա­լոգ­ներ Կո­մի­տա­սի հետ» շար­քը, ո­րը ձայ­նագ­րեց «Դոյ­չե գրա­մո­ֆո­նը», բայց դեռ լույս չի տե­սել: Այդ նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­րել ենք Մարկ Սի­նա­նի հետ, ո­րի տա­տի­կը հայ է, պա­պի­կը՝ թուրք: Շատ մեծ ներ­քին խն­դիր­ներ է ու­նե­ցել Սի­նա­նը՝ այս հան­գա­ման­քի բե­րու­մով, և դրա­նից նա ձեր­բա­զատ­վեց՝ նա­խա­ձեռ­նե­լով հան­րա­հայտ «Ա­ղետ» նա­խա­գի­ծը, ո­րը միտ­ված էր Գեր­մա­նիա­յում և Թուր­քիա­յում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ըն­դուն­ման նպա­տա­կին: Գեր­մա­նիա­յում նպա­տակն ի­րա­կա­նա­ցավ, իսկ Թուր­քիա­յի մա­սով քայ­լե­րը դեռ շա­րու­նակ­վում են: Նա­խա­տես­ված հա­մեր­գը, որ պի­տի լի­ներ Ստամ­բու­լում 2015 թվա­կա­նին, հե­տաձգ­վեց: Ա­ռայժմ մնում է հե­տաձգ­ված, բայց այդ օ­րը կգա, և հա­մեր­գը կկա­յա­նա:
-Դուք դա­սա­վան­դել եք Կո­մի­տա­սի ան­վան կոն­սեր­վա­տո­րիա­յում, ու­նեք նաև դր­սում դա­սա­վանդ­ման փորձ. դա­սա­վան­դել եք Կա­լի­ֆոռ­նիա­յի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում (UCLA): Շատ է խոս­վում մեր երկ­րում ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին փլուզ­ված կր­թա­կան հա­մա­կար­գի, խորհր­դա­յին նախ­կին հա­մա­կար­գի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րի մա­սին: Ի՞նչ զու­գա­հեռ­ներ և հա­կադ­րու­թյուն­ներ եք նկա­տում մեր և դր­սի կր­թա­կան հա­մա­կար­գե­րի միջև:
-Ա­յո՛, ո­րոշ ժա­մա­նակ դա­սա­խո­սել եմ Կա­լի­ֆոռ­նիա­յի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում, ո­րը հա­մար­վում է աշ­խար­հի լա­վա­գույն հա­մալ­սա­րան­նե­րից մե­կը: Տա­սը տա­րի էլ դա­սա­վան­դել եմ Երևա­նի պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յում: Մինչ այդ չորս տա­րի դա­սա­վան­դել եմ Ե­րու­սա­ղե­մի Ժա­ռան­գա­վո­րաց ճե­մա­րա­նում, և այդ տա­րի­ներն ինձ հա­մար շատ կարևոր են ե­ղել: Վեր­ջերս ա­ռիթ ու­նե­ցա կր­կին լի­նել Ե­րու­սա­ղե­մում, որ­տեղ չէի ե­ղել քսա­նե­րեք տա­րի: Ե­րու­սա­ղե­մը քա­ղաք է՝ իմ սր­տի մեջ, և միշտ ա­սում էի, որ մի օր պի­տի վե­րա­դառ­նամ այն­տեղ: Լավ էր, որ գնա­ցի և բո­լո­րո­վին զար­մա­ցած չէի, որ ինձ դա ա­ռա­ջարկ­վեց: Անդ­րա­դառ­նանք դա­սա­վանդ­ման հար­ցին: Եր­կար ժա­մա­նակ է, որ այլևս չեմ դա­սա­վան­դում: Ես մտա­ծում եմ՝ ինչ­պե՞ս են ո­րո­շում այս կամ այն հա­մալ­սա­րա­նի ար­ժե­քը, վար­կա­նի­շը: Ի­հար­կե, այն դա­սա­խոս­նե­րով, ո­րոնք դա­սա­վան­դում են այն­տեղ: Ես, օ­րի­նակ, բախ­տա­վոր եմ, որ կոն­սեր­վա­տո­րիա­յում ու­սա­նե­լիս առ­նչ­վել եմ Էդ­վարդ Միր­զո­յա­նի, Ա­վետ Տեր­տե­րյա­նի, Ղա­զա­րոս Սա­րյա­նի, Գա­յա­նե Չե­բո­տա­րյա­նի, Էդ­վարդ Բաղ­դա­սա­րյա­նի, շատ այլ հան­րա­հայտ մաս­նա­գետ­նե­րի, դա­սա­խոս­նե­րի հետ: Դա մի ջերմ մթ­նո­լորտ էր, ո­րում չկար կեղծ մր­ցակ­ցու­թյուն: Եր­բեմն Էդ­վարդ Միր­զո­յանն ինքն էր իր ու­սա­նող­նե­րին ուղ­ղոր­դում այս կամ այն հար­ցով դի­մել Ղա­զա­րոս Սա­րյա­նին՝ ա­սե­լով. «Ին­քը քեզ ա­վե­լի ճիշտ խոր­հուրդ կտա»: Սա խոր­հր­­դա­յին տա­րի­նե­րին էր, բայց ոչ թե այս մթ­նո­լորտն ստեղծ­ված էր խորհր­դա­յին մտա­ծո­ղու­թյան շնոր­հիվ, այլ կոնկ­րետ մարդ­կանց, ո­րոնք մե­ծու­թյուն­ներ էին, մե­ծա­հո­գի էին: Հի­մա Խորհր­դա­յին Միու­թյու­նը չկա, բայց ես շատ հար­ցեր եմ բարձ­րաց­նում՝ կապ­ված հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի հետ, և դրանք մնում են ան­պա­տաս­խան: Այ­սինքն՝ հի­մա էլ, միշտ էլ շատ բան կախ­ված է ան­հատ­նե­րից: Այս ա­ռու­մով շատ ու­րախ եմ, որ Սո­նա Հով­հան­նի­սյանն է այ­սօր ղե­կա­վա­րում մեր կոն­սեր­վա­տո­րիան:
-Սո­նա Հով­հան­նի­սյա­նի նշա­նակ­ման հա­մար ես նույն­պես շատ ու­րախ եմ: Ինչ-որ փո­փո­խու­թյուն­ներ ար­դեն նկատ­վու՞մ են հաս­տա­տու­թյան ներ­սում:
-Շատ լավ ու­ժեր են հա­մախ­մբ­ված կոն­սեր­վա­տո­րիա­յում հի­մա, ե­րի­տա­սարդ մաս­նա­գետ­ներ: Ա­մեն ինչ լավ է կար­ծես, և ես ու­նեմ մեծ սպա­սում­ներ: Ե­թե ինչ-որ բան էլ ինձ­նից կախ­ված կլի­նի, ու­րա­խու­թյամբ միշտ կն­պաս­տեմ: Ա­մեն ան­գամ, երբ լի­նում եմ որևէ ժյու­րիի կազ­մում, շատ ծանր ապ­րում­ներ եմ ու­նե­նում: Նույ­նը կա­տար­վեց այս տա­րի, երբ նա­խա­գա­հում էի կոն­սեր­վա­տո­րիա­յի ա­վար­տա­կան քն­նու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վը: Միշտ ինքս ինձ հետ կռիվ եմ ու­նե­նում այս դեպ­քե­րում: Գնա­հա­տա­կան­նե­րը ոչ մի բան չեն նշա­նա­կում: ՈՒ­զում ես բո­լո­րին բարձր նշա­նա­կիր, ու­զում ես՝ ցածր, դրա­նից ո­չինչ չի փոխ­վում, մեկ է՝ մարդն ինչ կա, այն էլ մնում է: Ես իմ ողջ կյան­քում «չորս» չեմ ստա­ցել (մաս­նա­գի­տու­թյու­նից, ի­հար­կե, բայց ԽՄԿԿ պատ­մու­թյու­նից «ե­րեք» եմ ստա­ցել): Ա­մեն բան ան­հա­տա­կան ո­րակ­նե­րով է ո­րոշ­վում: Վե­րա­դառ­նա­լով նա­խորդ հար­ցին՝ ա­սեմ, որ ինչ վե­րա­բե­րում է խոր­հր­դա­յին կր­թա­կան հա­մա­կար­գը կա­րո­տով հի­շե­լուն, պետք է նախ և ա­ռաջ հաս­կա­նանք, որ այդ եր­կի­րը չկա այլևս: Ե­թե հա­մա­րենք, որ դա կա­տա­րյալ եր­կիր էր՝ իր օ­րենք­նե­րով, հա­մա­կար­գով, ու­րեմն ին­չու՞ փլ­վեց, ին­չու՞ էինք մենք այս քսան-քսան­հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում այս­քան փո­փո­խու­թյուն­ներ ա­նում մեր կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում: Ստաց­վում է, որ փաս­տո­րեն կա­տա­րյալ չէին այն եր­կիրն ու հա­մա­կար­գը: Բայց այն­պես չէ, թե հի­մա է կա­տա­րյալ: Ես շատ եմ բարձ­րաց­նում այն հար­ցը, որ մենք ու­նենք ար­վես­տի ֆի­նան­սա­վոր­ման միակ ճա­նա­պարհ՝ մշա­կույ­թի (այ­սօր ար­դեն՝ միա­վոր­ված) նա­խա­րա­րու­թյու­նը: Խորհր­դա­յին Միու­թյան ժա­մա­նակ էլ էր այս­պես. մշա­կույ­թը ֆի­նան­սա­վոր­ում էր պե­տու­թյունը, և ով ու­ներ ո­րո­շա­կի հատ­կա­նիշ­ներ, ով լավ էր հա­ճո­յա­նում պե­տու­թյան ղե­կա­վար­նե­րին, նա էլ ստա­նում էր ֆի­նան­սա­վո­րում: Երբ Շոս­տա­կո­վի­չը հա­կադր­վում էր ղե­կա­վա­րու­թյանն ինչ-որ հար­ցում, «պարզ­վում» էր, որ նա երկ­րի վա­տա­գույն կոմ­պո­զի­տորն է: ՈՒ բո­լո­րին դա շատ ու­րա­խաց­նում էր, ո­րով­հետև Շոս­տա­կո­վի­չի հան­դեպ նա­խան­ձից մեռ­նում էին: Հի­մա էլ շատ բան չի փոխ­վել: Եվ մինչև այ­սօր ու­նե­նալ այս վի­ճա­կը՝ ինչ-որ կո­չում­նե­րով (վաս­տա­կա­վոր, ժո­ղովր­դա­կան, չգի­տես՝ էլ ինչ), սո­վե­տից ե­կած կեղծ մո­տե­ցում­նե­րով, քծ­նող ին­տե­լի­գեն­ցիա ձևա­վո­րե­լով, մարդ­կանց խա­մա­ճիկ­ներ սար­քե­լով ստեղ­ծել մշա­կու­թա­յին դաշտ, ինձ հա­մար ա­նըն­դու­նե­լի է ե­ղել միշտ և այ­սօր: Ինչ էլ որ փոխ­վի հա­սա­րա­կու­թյան կյան­քում, եր­բեք մեկ ան­հա­տից չպետք է կախ­ված լի­նի մշա­կույ­թի ճա­կա­տա­գի­րը: Ես չեմ ու­զում հա­ճո­յա­նալ որևէ մե­կի ճա­շա­կին, թող նա հա­ճո­յա­նա իմ ճա­շա­կին. ես եմ կոմ­պո­զի­տո­րը: Երբ Թա­մա­նյա­նը ժա­մա­նա­կին հարց բարձ­րաց­րեց, որ թույլ տան ար­վես­տի հար­ցերն ի­րենք` ար­վես­տա­գետ­նե­րը, տնօ­րի­նեն, նրան ուղ­ղա­կի քշե­ցին, ո­րով­հետև խորհր­դա­յին չի­նով­նիկ­ներն ու­զում էին միանձ­նյա ո­րո­շել ա­մեն բան նաև ար­վես­տում: Այս­պես չի կա­րող լի­նել, և խե­լա­ցի պե­տու­թյուն­ներն ու­նեն այս գի­տակ­ցու­թյու­նը: Բո­լոր մար­դիկ ու­նեն ի­րենց թույլ տե­ղե­րը, և շատ հեշտ է ո­մանց հա­մար լի­նել շո­ղո­քորթ­նե­րով շր­ջա­պատ­ված, ի­րենց հաս­ցեին լավ բա­ռեր ա­սող­նե­րին միայն մոտ թող­նել: Բայց այս­պի­սի հա­մա­կար­գով ոչ մի ար­ժե­քա­վոր բան չի ստեղծ­վի: Ար­ժե­քա­վոր բա­ներն ստեղծ­վում են այն­տեղ, որ­տեղ կա ա­զատ մտա­վո­րա­կա­նի տե­սակ: Միայն այդ ա­զատ մտա­վո­րա­կա­նի տե­սակն ու­նե­նա­լու պա­րա­գա­յում կա­րե­լի է հա­մա­րել, որ եր­կիրն առ­հա­սա­րակ ու­նի մտա­վո­րա­կա­նու­թյուն: Ես կողմ եմ, որ մեր հան­րա­պե­տու­թյու­նում ըն­դուն­վի մե­կե­նա­սու­թյան մա­սին օ­րենք, ստեղծ­վեն նոր ա­պա­րատ­ներ: Ես դեմ չեմ, ի­հար­կե, պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­մա­նը, այն ան­պայ­ման պի­տի լի­նի, ա­վե­լին՝ դա անհ­րա­ժեշտ է: Ֆիլ­հար­մո­նիա ու­նենք, օ­պե­րա­յի և բե­լա­տի թատ­րոն, այլ հաս­տա­տու­թյուն­ներ, ո­րոնց պի­տի ֆի­նան­սա­վոր­ի պե­տու­թյունը, բայց սա միակ ճա­նա­պար­հը չպետք է լի­նի, աշ­խար­հում կան ու­րիշ մո­դել­ներ: Դրանց շնոր­հիվ մտա­վո­րա­կա­նու­թյունն ա­զատ է լի­նում: Ես հիա­նում եմ, երբ լի­նում եմ որևէ երկ­րում, որ­տեղ հե­ռուս­տա­տե­սու­թյան 1-ին ա­լի­քով խո­սում են նա­խա­գա­հի, երկ­րի ա­ռա­ջին դեմ­քի դեմ, նրա հաս­ցեին սուր քն­նա­դա­տու­թյուն հն­չեց­նում: Սա կոչ­վում է ժո­ղո­վր­դա­վարություն: Ե­թե մենք ու­զում ենք իս­կա­պես ստեղ­ծել մի նոր եր­կիր, ե­թե մենք ա­րել ենք հե­ղա­փո­խու­թյուն, ո­րի հա­մար ես շատ ու­րախ եմ, ա­պա ե­կեք ա­նենք այն մինչև վերջ՝ ըն­դու­նե­լով հա­մա­պա­տաս­խան օ­րենք­ներ, ձեռ­նար­կե­լով դրա հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր քայ­լե­րը:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao