Հայերիս թաիլանդական հաղթահանդեսը
01.10.2019 | 02:47
Թաիլանդական Պատայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը։ Գերազանց է հանդես եկել մեր ընտրանին՝ երկամարտում տալով աշխարհի երկու չեմպիոն, մեկ փոխչեմպիոն, մեկ բրոնզե մեդալակիր (ավելի բարձր արդյունք գրանցել է լոկ Չինաստանի ընտրանին)։ Առանձին վարժությունների առումով մեր մեդալային հաշվարկն ավելի ներկայացուցչական է, սակայն եկեք ամեն ինչի մասին հերթով, ու չկաշկանդվենք նրանից, որ մեր չեմպիոնների մասին արդեն իսկ խոսել ենք. ինչպես խոստացել էինք, առաջնության մասին պատմությունը լինելու է ամբողջական։
Մեր տղաները պայքարի մեջ մտան մրցումային հինգերորդ օրը։ 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը մրցելույթը սկսեց այն բանից հետո, երբ իր հիմնական մրցակիցներին մնացել էր մեկական մոտեցում։ Պոկում վարժության առաջին մոտեցումը՝ 168 կգ, գերազանց էր ու նշանակում էր առնվազն բրոնզե մեդալ։ Ցավոք, այդ առնվազնն այդպես էլ առնվազն մնաց, որովհետև մեր մարզիկը ձախողեց հաջորդ երկու մոտեցումը։ Սա և՛ ցավալի էր, և՛ տագնապալի, քանզի մեր տղան առանձնապես է ուժեղ այս վարժությունում, ու երկամարտի հաշվարկով ամենաբարձր հարգի մեդալի մասին երազանքները դառնում էին մշուշապատ։ Այդ պահին դեռևս ոչ մեկի մտքով չէր անցնում վատթարագույնը, ինչը չուշացավ։ Նախնական 195-ը համառորեն այդպես էլ չենթարկվեց մեր մարզիկի կամքին, արդյունքում՝ զրո, ու մնաս բարով աշխարհի առաջնություն։ Հարկ է նկատել, որ այս հիրավի տաղանդավոր մարզիկի կյանքում տևական ժամանակ է անհաջողությունների փուլ է, ու դրա դեմն առայժմ ոչ մի կերպ չի առնվում։ Սա լուրջ խնդիր է և պահանջում է լրջագույն մոտեցում։ Հայկական ծանրամարտը, ճիշտ է, ունի օժտված մարզիկների ռեզերվ, սակայն մենք այնքան էլ հարուստ չենք եղած պատրաստի կադրերը փոշիացնելու համար։
Անդրանիկի դառը վրիպումը բարեբախտաբար հաջորդ օրն իսկ հարաբերական մոռացության տրվեց շնորհիվ գյումրեցի Հակոբ Մկրտչյանի, ով 89 կիլոգրամ քաշային կարգում պարզապես հմայեց իր գերազանց մրցելույթով՝ Հայաստանին բերելով երկամարտի (375 կգ) առաջին ոսկին (չորրորդն է եղել պոկում՝ 167, երկրորդը՝ հրում վարժությունում (208 կգ)՝ հրաժարվելով երրորդ մոտեցումից)։ Հակոբի մրցելույթի մասին մեր նախորդ հրապարակման մեջ հնարավորինս մանրամասն ենք եղել, ուստի տեղ խնայենք մեր մնացած հրաշալիների մասնակցությունը լուսաբանելու համար, քանզի նրանք դրան ավելի քան արժանի են։ Միայն ավելացնենք, որ 89 կգ քաշային կարգում. ի դեմս Դավիթ Հովհաննիսյանի, ունեինք նաև երկրորդ մասնակիցը։ Նրա գրաված տեղը՝ 12-րդ, բավականին համեստ է, սակայն համոզված ենք, որ Դավիթի համար 355 կիլոգրամը շատ արագ կդառնա անցյալի էջ, ու նա իր մեդալային մասնակցությունը կունենա տղամարդկային այս արժանապատիվ գործում։
Մեր հաջորդ ներկայացուցիչը Սամվել Գասպարյանն էր (102 կգ)։ Պոկում վարժության նրա երրորդ մոտեցումը՝ 178 կգ, մեդալային էր, իսկ հրումում ցույց տվեց վեցերորդ արդյունքը՝ 212 կգ՝ ձախողելով հաջորդ երկուսը։ Եթե 212-ից հետո բարձրացներ 216-ը, երկամարտում կունենայինք բրոնզե մեդալ ու ոչ թե հինգերորդ տեղը։ Հանուն ճշմարտության ասենք, որ մեր տղան հրում վարժությունում վնասվածք է ստացել, ինչն էլ խանգարել է ողջ զորությամբ հանդես գալուն։ Բոլոր դեպքերում նկատենք, որ մեր 22-ամյա մարզիկը վատ չի աշխատել։
109-ն արդեն այն քաշային կարգն է, որի մրցումները դիտելիս մարզասերն առանձնապես չի լարվում, քանզի գիտի, որ Սիմոն Մարտիրոսյանը դրական հույզերից զատ այլ ապրումների տեղիք չի տա։ Մեր հսկայի մրցելույթի մասին էլ ենք թերթի նախորդ համարում եղել հնարավորին մանրամասն (հաղթել է երկամարտի 429 կգ արդյունքով՝ թարմացնելով պոկում վարժության աշխարհի ռեկորդը՝ 199 կգ) ու թե կրկնվելու ենք, ապա շնորհավորանքներում՝ ցանկանալով, որ նրա կուռը միշտ դալար լինի, մեջքը՝ պինդ, ինքն էլ՝ երկիր ոսկե մեդալներ ներկրող։ Իսկապես, կեցցես, Սիմոն, կեցցես, մեր ոսկե տղա։ Հավելենք միայն, որ Սիմոն Մարտիրոսյանին են պատկանում այս քաշային կարգի աշխարհի բոլոր ռեկորդները։
Առաջնության ավարտական օրը մենք ունեինք երկու ներկայացուցիչ՝ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։ Ինչ խոսք, մտածել, որ ոսկե մեդալի համար պայքարում նրանք կկարողանային կռիվ տալ Լաշա Տալախաձեի հետ, անհնարինի ոլորտից էր, քանզի իսկապես դժվար է լրջորեն հավատալ, որ նա երկրաբնակ է։ Մեր հասանելիքն այստեղ արծաթն ու բրոնզն էին լինելու, ու դրանց համար պահանջվում էր լրջորեն կռիվ տալ։
Մրցահարթակին առաջինը մոտեցավ Ռուբեն Ալեքսանյանը, մարզիկ, ով ուժեղ է, սակայն առանձնապես հզոր չէ այս վարժությունում։ Պատճառն ուսագոտու հետ կապված խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ անհանգստության մեջ են պահում այս բացառիկ տաղանդավոր մարզիկին, ով, որքան էլ տարօրինակ է, մեծահասակների աշխարհի մրցաշարերում երբեք չի արժանացել մեդալի։
Ռուբենը սկսեց 192-ից, ու քաշը դարձավ իսկապես փորձաքար։ Երկու մոտեցումներն էլ անհաջողությամբ պսակվեցին։ Սարսափելին թվում էր այլևս իրականացած, սակայն մեր մարզիկը կարողացավ հավաքվել ու խուսափել զրո ստանալուց։ Սա կամային մեծ հաղթանակ էր ինքն իր նկատմամբ, սակայն մրցակիցներն իրենց մրցելույթներում արդեն այնքան էին առաջ անցել, որ թվում էր, թե այս առաջնությունն էլ մեր հսկայի համար արժանանալու է նախորդների ճակատագրին։
Իր առաջին իսկ մոտեցմամբ՝ 200 կգ, առնվազն արծաթե մրցանակակիր դարձավ Գոռ Մինասյանը, ում երկրորդ մոտեցումը 207-ին գերհսկա Լաշա Տալախաձեին հարկադրեց վերանայել նախնական պատվերը։ Լաշան իրեն ապահովագրեց 208-ով, սակայն Գոռը հաջողությամբ գրոհեց նաև 212 կգ կշռող ծանրաձողն ու ստիպեց ենթարկվել իր կամքին։ Ասենք, որ պաշտոնական մրցաշարերում մեր ծանրորդն առաջին անգամ էր նման ծանրություն բարձրացնում։ Տալախաձեի մասին չխոսենք, քանզի նա երկրորդով սանձահարեց 215-ն ու գրոհեց 220-ը, որն աշխարհի նոր ռեկորդ էր։
Հրում վարժության մրցումներից առաջ պարզ էր, որ Գոռ Մինասյանի ձեռքից երկամարտի արծաթե մեդալը խլող մարզիկ չի գտնվի, վարժության արծաթե կամ բրոնզե մեդալը Ռուբեն Ալեքսանյանինը կլինի։ Սակայն ցավը մնում էր այն, որ Ռուբենի համար անհասանելի էր լինելու երկամարտի մեդալը։ Ինչևէ։ Գոռը մարտի մտավ՝ 237-ն իր կամքին ենթարկելով, ու պարզից էլ պարզ էր, որ անհավատալի բան պիտի լինի, որ գյումրեցի հսկան առանց արծաթի վերադառնա տուն։ Աննկարագրելի է, թե մարզասերներս ինչ անլուր տառապանքների մեջ էինք ամեն մի մարզիկի մոտեցումից հետո ամեն անգամ զրոյից սկսում հաշվել, թե Ռուբենն ինչքան պիտի բարձրացնի, որ երկամարտում... Ախր, չէ՞ որ չի կարող անվերջ անիծված լինել մի բան... Մրցության տրամաբանության թելադրանքով Ռ. Ալեքսանյանը նախնական 247-ից իջավ ներքև ու ապահովագրեց 241 կիլոգրամը՝ որպես մեկնարկային հարթակ։ Հանգամանքների հաջող դասավորվելու դեպքում այն երաշխավորված մեդալ էր թե՛ վարժությունում, թե՛ երկամարտում, սակայն հարկավոր էր սպասել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կռիվ տալ, մանավանդ որ հայ մարզիկը երկու մոտեցման իրավունք դեռ ուներ։ Չերկարացնենք, մրցասպարեզում մնացածներից երկուսին հաջողվեց միայն կարճ ապագայի համար վարժությունում շրջանցել Ռուբենին, սակայն մեր տղան 241-ից հետո իր հաղթ բազուկներով վեր պարզեց և 245-ը, ու պոկումի հետ մեկտեղ երկամարտի բրոնզե մեդալն իրենն էր՝ երկամարտի երանելի մեդալը։
Իսկ ինչ արեց Գոռ Մինասյանը։ Գյումրեցի հսկան 243-ից հետո բարձրացրեց նաև 248-ը, որը վարժության արծաթե մեդալ էր, ու երկամարտում ցույց տվեց հիրավի գրոսմայստերական արդյունք՝ 460 կիլոգրամ։ Նման ծանրության ձող մեր մարզիկը մինչ այդ չէր բարձրացրել։ Մի խոսքով՝ ֆանտաստիկ մրցելույթ՝ առաջնության եզրափակչում արծաթե ու բրոնզե մեդալներով։
Ինչ վերաբերում է Լաշա Տալախաձեին, վրացին 247-ից հետո սանձահարեց 255-ը, որից հետո գրոհեց 264-ն ու վարժության հետ երկամարտում սահմանեց աշխարհի ռեկորդ, որն ունի 484 թվային արտահայտությունը, սակայն, կներեք, սա վերմոլորակային ցուցանիշ է, երկրաբնակներիս ուղեղի մեջ ահավոր մեծ դժվարությամբ տեղավորվող։
Ամփոփենք։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա աշխարհի առաջին առաջնությունն էր, որտեղ ունեցանք երկու չեմպիոն։ Ավելի հզոր ցուցանիշ արձանագրել ենք միայն 1983 թվին, երբ Երևանում նախատեսված աշխարհի առաջնությունը մեր վայ քաղաքական կուսակցության ու կուսակիցների ահաբեկման պատճառով խորհրդային կենտրոնական իշխանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխեց Մոսկվա, ու որտեղ ԽՍՀՄ հավաքականի կազմում չեմպիոններ հռչակվեցին Օգսեն Միրզոյանը, Յուրիկ Սարգսյանը, Յուրի Վարդանյանը։
Հ. Գ. Ինչ վերաբերում է կանանց, մեր ընտրանին, ունեցել է բավականին համեստ մրցելույթ։
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ