ReAnimania 2019
 

Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերություններն ունեն ամուր հիմքեր

Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերություններն ունեն ամուր հիմքեր
10.10.2019 | 12:12

Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Թուրքմենստանի իր գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ: ԱԳ նախարարները շնորհավորեցին միմյանց` Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի կապակցությամբ՝ երկուստեք կարևորելով համաժողովի շրջանակում երկկողմ ձևաչափով հանդիպման անցկացումը՝ որպես ևս մեկ քայլ՝ ուղղված երկու երկրների դարավոր բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց. «Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և պատմական խորն արմատներ, և դրանք մենք զարգացնում ենք մեծ պատասխանատվությամբ: Մենք ունենք համագործակցության տարբեր հարթակներ, մեր երկրների միջև երկխոսությունը շարունակվում է առաջին դեմքերի մակարդակով»: Նախարարները գոհունակություն հայտնեցին պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ: Կողմերն անդրադարձան ԱՊՀ գործունեությանը և օրակարգային խնդիրներին:


ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Փոխադարձաբար ընդգծվեց առևտրատնտեսական կապերի, ոլորտային համագործակցության ծրագրերի իրականացման և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Այս գործընթացում կարևորվեց Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը: Նախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների տարածքում պահվող հայկական և թուրքմենական պատմամշակութային ժառանգության և հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի առնչությամբ:


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ և հույս հայտնեցին, որ նիստը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
Զոհրաբ Մնացականյանը և Ռաշիդ Մերեդովը բարձր գնահատեցին միջազգային կառույցներում երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը: Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր:

Դիտվել է՝ 210

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao