Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ

Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ
10.10.2019 | 12:16

«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ:

Պեղումները համակարգող Մուհամեթ Արսլանը նշել է, որ աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով: Հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ: Անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո հնարավոր է՝ ցուցադրվեն:
Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսյուզը լրագրողներին ասել է, որ Անիի ավերակների պեղումները արդեն 120 տարի է, ինչ կատարվում են: Օքսյուզի փոխանցմամբ` իրենց նպատակն է ևս մեկ անգամ բացահայտել Անիի թե պատմական և թե մշակութային արժեքը:
Անիի ավերակներում 1904-ին պեղումներ է իրականացրել հայագետ Նիկողայոս Մառը, նրա հայտնաբերած հնագիտական գտածոներով թանգարան բացվեց: Մինչ այդ քաղաքը գրեթե չէր պեղվել:


Կարսի նահանգապետը հայտնել է նաև, որ 2017-ին Անի է այցելել 60.000 զբոսաշրջիկ, իսկ 2018-ին` 95.000 զբոսաշրջիկ: Հույս ունեն, որ այս տարի այցելուների ավելի մեծ թիվ են արձանագրելու:
Անիի ավերակները 2016-ի․ հուլիսի 15-ին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ