ReAnimania 2019
 

Սիրիայի պատերազմի նոր ելևէջները

Սիրիայի պատերազմի նոր ելևէջները
12.10.2019 | 08:34

Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի եվրոպական գործերով պետական քարտուղար Ամելի դե Մոնշալենը France inter-ին հարցազրույցում ասաց, որ ԵՄ-ն քննարկելու է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Պատժամիջոցները կլինեն պատասխան Թուրքիայի զինված ուժերի՝ քրդական զորամիավորումների դեմ ռազմական գործողությունների Սիրիայի հյուսիս-արևելքում: «Մենք, իհարկե, կքննարկենք այդ հարցը»՝ հայտարարեց նախարարը և ճշտեց, որ պատժամիջոցների հարցը ԵՄ օրակարգում կարող է հայտնվել հաջորդ շաբաթ: Չորեքշաբթի թուրքական բանակը սկսեց ռազմական գործողություններ քրդերի դեմ, որ արևմտյան կոալիցիայի կողմից կռվում էին ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Անկարան քրդերի խմբավորումները համարում է ահաբեկչական: Թուրքիայի գործողությունները դժգոհության ալիք առաջացրին արևմտյան երկրներում, որ վախենում են ԻՊ-ի գործողությունների վերսկսումից Սիրիայում: «Մենք իրավիճակի անուժ դիտորդ չենք մնա, որ ոչ միայն շոկային է, այլև ապակայունացնող,-ընդգծեց նախարարը:-Մենք լրջորեն դատապարտում ենք Թուրքիայի գործողությունները ոչ միայն խոսքերով: Մենք գործելու ենք»: Սիրիայի հյուսիս-արևելքում, սիրիա-թուրքական սահմանի երկարությամբ, դաժան մարտեր են թուրքերի ու քրդերի միջև: Սիրիայում մարդու իրավունքների վերահսկողության կենտրոնը (OSDH) հաղորդում է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերին օգտագործում են թունելների և խրամատների պաշտպանության համար: Քրդերի վերահսկողության տակ գտնվող Ռաս էլ Այն և Էտ Տեպլ էլ Աբյադ քաղաքները թուրքական ավիացիաի հարվածների տակ են, բնակիչները լքել են իրենց տները: Արաբական որոշ ցեղեր անցել են թուրքերի կողմը և գրոհում են քրդական դիրքերը:
RFI


Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատել է ԵՄ-ին Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահմանային գործողությունը դատապարտելու համար: Ելույթում, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, Թուրքիայի նախագահը սպառնացել Է փախստականների համար բացել Եվրոպայի դուռը, եթե նա ներխուժում որակի այդ գործողությունը:


«Էյ, Եվրամիություն, սթափվիր: Եթե դուք փորձեք ներխուժում անվանել մեր գործողությունը, մեր գործը դյուրին է՝ մենք կբացենք մեր սահմանային անցումները եւ 3,6 մլն փախստականների կուղարկենք ձեզ մոտ»,-հայտարարել է Էրդողանը:
Երեկ ԱՄՆ անդադրում նախագահը, Կոնգրեսում Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու քննարկումներին զուգահեռ, հայտարարեց, որ պատրաստ է «միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև»: Թրամփը Թվիթերում գրեց, որ երեք տարբերակ կա՝ հազարավոր զինվորականների ուղարկել և հաղթել ռազմական ուժով, Թուրքիայի դեմ կոշտ ֆինանսական ու այլ պատժամիջոցներ կիրառել, կամ էլ փորձել միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար։ Երեկ նաև Ստամբուլում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Թուրքիան ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր դաշնակիցն է և ունի Սիրիայի վերաբերյալ անվտանգության լուրջ մտահոգություններ։

Թուրքիան ենթարկվել է հրեշավոր ահաբեկչական գրոհների, ապաստան է տվել սիրիացի միլիոնավոր փախստականների։ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են Սիրիայի հյուսիսում գործողություն իրականացնելու մասին։ Շատ կարևոր է խուսափել այնպիսի ակցիաներից, որոնք կարող են ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, սրել լարվածությունն ու ավելի շատ մարդկային տառապանք առաջացնել», - ասել է Ստոլտենբերգը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի «ամենաուժեղ երկրներից է»: Չավուշօղլուն նշել է, որ «Սիրիայում ապաստան են տալիս ահաբեկիչներին, իսկ Թուրքիան շարունակելու է պայքարն ահաբեկչության դեմ»: Ստոլտենբերգը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակելու են աջակցել Թուրքիային «ահաբեկչության դեմ պայքարում»: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեկ միասնական դիրքորոշում չունեն Սիրիայի հյուսիսում գործող քրդական PYD/YPG ուժերի հարցում: Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է Անկարայում հավատարմագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպաններին և տեղեկություններ է փոխանցել «Խաղաղության աղբյուր» օպերացիայի մասին։ «Գործողությունն իրականացվում է բոլոր միջազգային օրենքներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին համապատասխան», - Թվիթերում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Անկարան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանն էլ է պատշաճ խողովակներով տեղեկացրել գործողության մասին։ Չավուշօղլուն չի խնայել ոչ ՆԱՏՕ-ին, ոչ ԵՄ-ին. «ՆԱՏՕ-ի երկրները, որ դատապարտել են Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը, երկերեսանի են»՝ ասել է նա Յենս Ստոլտենբերգի հետ Թուրքիայում մամուլի ասուլիսի ժամանակ: «ՆԱՏՕ-ի որոշ երկրներ դատապարտող հայտարարություններ են արել: Ես դա չեմ հասկանում: Բոլորը գիտեն, որ PKK- ն (Քրդստանի աշխատավորական կուսակցությունը) և YPG- ը (Սիրիայի քրդական ինքնապաշտպանության ուժեր) մեկն են և նույնը: Բոլորն ասում են, որ մեր մտահոգությունն օրինական է: Այդ դեպքում նման մտահոգությունների պատճառների դեմ մեր պայքարի իրավունքն օրինական է: Դուք պաշտպանում եք մեր մտավախությունը, բայց մերժում գործողությունների մեր իրավունքը և նույնիսկ աջակցում եք ահաբեկիչներին: Դա երկերեսանիություն է», - ասել է Չավուշօղլուն:


Յենս Ստոլտենբերգը հորդորել է. «Հուսով եմ, որ Թուրքիան զսպվածություն կդրսևորի և բոլոր ակցիաները Հյուսիսային Սիրիայում կլինեն համարժեք և հավասարակշռված։ Մենք չպետք է վտանգենք նվաճումները, որոնք ձեռք ենք բերել մեր ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, որովհետև «Իսլամական պետություն»-ը տակավին մեծագույն սպառնալիք է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և մեր բոլոր երկրների համար։ Ուրբաթ օրը ես այս հարցերը Ստամբուլում քննարկելու եմ նախագահ Էրդողանի հետ»:
Իսկ Սիրիա՞ն: Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց: «ՍԱՆԱ» պետական գործակալությունը հաղորդել է, որ նախարարության աղբյուրը հավելել է՝ նման հայտարարություններ անելով՝ «հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»:
«Սիրիական Արաբական Հանրապետությունը կդիմակայի Թուրքիայի ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով և կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ: Սիրիացիների պաշտպանությունը միայն սիրիական բանակի և սիրիական պետության խնդիրն է»,- եզրափակել է աղբյուրը: Բացի այդ՝ «Դամասկոսը քրդերի հետ չի բանակցելու, քանի որ վերջիններս «դավաճանել են երկիրը և Թուրքիային առիթ տվել խախտելու Սիրիայի ինքնիշխանությունը»՝ ասել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը: «Մենք չենք համաձայնվի ոչ մի երկխոսության ու բանակցությունների նրանց հետ, ովքեր օտար ուժերի պատանդն են: Սիրիայի տարածքում հարթակ չկա Վաշինգտոնի գործակալների համար», – ասել է նա:


Փաստացի՝ Դամասկոսը ևս փակեց դռները քրդերի առաջ: «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը, որը մարտական գործողություններ է անցկացնում Սիրիայի կառավարության դեմ և աջակցում է թուրքական բանակին, երեկ քրդական Էլ Յաբսե գյուղում է եղել՝ տեղեկացնում է En Son Haber կայքը: Խմբավորման անդամները վստահեցրել են խաղաղ բնակիչներին, որ իրենք «կմաքրեն տարածաշրջանն ահաբեկիչներից, և խաղաղ բնակչությունը կշարունակի անվտանգ ապրել»: Խմբավորման ջոկատներից մեկի ղեկավարը ասել է. «Հանգիստ եղեք: Մենք ձեր ընտանիքն ու ձեր ժողովուրդն ենք: Մենք այստեղ ենք, որ պաշտպանենք ձեզ: Որպես սիրիացի ժողովուրդ՝ մենք թույլ չենք տա մեր պետության կառույցում լինի անջատողական ահաբեկչական կազմակերպություն: Հավատը պատկանում է Աստծուն, իսկ հայրենիքը՝ բոլորիս: Խնդրում եմ ձեզ աղոթել մեզ համար»:


Երեկ նաև ՄԱԿ-ը ապացուցեց, որ ունակ չէ կանխել զինված բախումները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դռնփակ նիստում չկարողացան համաձայնեցնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն հրաժարվել են ընդունել համատեղ հայտարարությունը, որովհետև հայտարարության մեջ Թուրքիայի գործողություններին վերաբերող հատվածում եղել է «դատապարտում» բառը:
Նիստից հետո եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները տարածել են իրենց համատեղ հայտարարությունը, որում կոչ են արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները: ԱՄՆ-ը սահմանափակվել է հայտարարությամբ, որ չի աջակցում Թուրքիայի այս քայլին: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը հիշեցրել է, որ Վաշինգտոնը չի խրախուսել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերին անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել: Ավելին է արել Պետդեպարտամենտը՝ փաստացի հաստատելով, որ Թուրքիային տրված է գործելու որոշակի ազատություն: «ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ, երբ թուրքական բանակն առանց ընտրելու թիրախները՝ հարվածներ հասցնի խաղաղ բնակչությանը և փորձի էթնիկ զտումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում, սակայն այդպիսի գործողություններ Թուրքիայի կողմից Վաշինգտոնը դեռ չի նկատել»՝ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: «Խոսքն էթնիկ զտումների, առանց թիրախ ընտրելու՝ խաղաղ բնակչությանը հրետանային և ավիահարվածներ հասցնելու մասին է: Մենք հիմա հետևում ենք գործողություններին, և այդպիսի լուրջ օրինակներ չենք նկատել: Սակայն այս մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև թուրքական ուժերը դեռևս նշանակալիորեն առաջ չեն գնացել սահմանից, այնպես որ մենք գտնվում ենք վաղ շրջանում: Եվ հենց այդ պատճառով է, որ մենք այդքան շատ նախազգուշացումներ ենք անում, որովհետև անհանգստացած ենք առանց թիրախներ ընտրելու կրակոցներ արձակելու դեպքերից»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ:


Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունների երրորդ օրը թուրքական զորամիավորումները վերահսկողության տակ են վերցրել սահմանամերձ սիրիական 7 գյուղեր: Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են մարտական գործողությունների շրջաններից: Զոհերի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Ըստ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ քրդամետ ուժերից 29 զինյալ է զոհվել և 10 քաղաքացիական անձ: 17 զոհ է տվել թուրքամետ «Սիրիայի ազգային բանակը»: Թուրքիան հայտնել է իր բանակի մեկ զինվորի զոհվելու և երեքի վիրավորվելու մասին: Զոհեր կան նաև Թուրքիայի տարածքում: Սիրիական կողմից կատարված ռմբակոծության հետևանքով սահմանամերձ թուրքական քաղաքում 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա՝ հայտնել են թուրք պաշտոնյաները:


Բրիտանական The Independent պարբերականի թուրքական ծառայությունը ներկայացրել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ միջազգային արձագանքները՝ պետություններին բաժանելով երկու խմբի՝ թուրքական գործողությանն աջակցողների և քննադատողների: Թուրքական ռազմական գործողությանը կողմ են Պակիստանը, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Հունգարիան, Կատարը և Իսպանիան: Հակառակ ճամբարում են և Թուրքիայի ռազմական գործողությունը քննադատում են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Եգիպտոսը, Կանադան, Իտալիան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը, Հայաստանը։
ՀՀ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով հայտարարել է, որ կանգնած է Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ «Իսրայելը խիզախ քուրդ ժողովրդի կողքին է»:
Ռուսաստանը չեզոք դիրքում է և չի միջամտելու կոնֆլիկտին: Արդեն ուրվագծվում է, որ Թուրքիան իր անվտանգության գոտին կհաստատի՝ փոխարենը կհեռանա Իդլիբից, և դա է այն գինը, որ վճարել է Ասադին ու Պուտինին՝ քրդերին մենակ թողնելու համար: Մնում է պարզել՝ ի՞նչ է ստանալու Թրամփը: Ակնհայտ է նաև, որ Թուրքիան մեկընդմիշտ իր առաջ փակում է ԵՄ-ի դռները, բայց նա արդեն այդ մասին չի էլ մտածում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao