Մեկնարկեց «Ճարտարապետություն և շինարարություն արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը

Մեկնարկեց «Ճարտարապետություն և շինարարություն արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը
14.10.2019 | 14:06

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ հոկտեմբերի 14-16-ը հաջորդեց «Ճարտարապետություն և շինարարություն արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իտալիայի, Չեխիայի, ԻԻՀ-ի, Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետների և շինարարների մասնակցությամբ։
«Ճարտարապետություն և շինարարություն արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել գիտական հետազոտությունների արդյունքները և դրանց գործնական լուծումները քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտներում, ինչպես նաև հաստատել և ընդլայնել միջազգային գիտական համագործակցությունը տարբեր երկրների համալսարանների միջև:


«21-րդ դարում տնտեսության զարգացման ժամանակակից պահանջներն ուղղակիորեն պայմանավորված են գիտատար ճյուղերի՝ այդ թվում ճարտարապետության և շինարարության ներուժի համախմբմամբ և արդիականացմամբ: Նմանատիպ միջոցառումների անցկացումը կարևոր է և խրախուսելի, քանի որ դրանց շնորհիվ ապագայի համար ակնկալիքներն ու սպասելիքներն առավել հավակնոտ են դառնում: Գիտաժողովի բոլոր համակազմակերպիչներին, մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, հաջողություններ և ամենայն բարիք»,- ասված էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձում:


Միջազգային երկօրյա գիտաժողովում կներկայացվեն « Ճարտարապետություն», «Շինարարություն (քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա), շինարարական մեխանիկա, նյութեր, տեխնոլոգիաներ», «Շինարարական և կապակցող նյութերի, բետոնների տեխնոլոգիաներ, ժամանակակից նյութերի կիրարությունը ճարտարապետությունում», «Բնապահպանական Ճարտարագիտություն»,«Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում»,«Գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրություն և կադաստր»,«Building information modeling (BIM) և Geographic Information System (GIS) տեխնոլոգիաների կիրառումը շինարարական ինդուստրիայում» թեմաներով գիտական զեկույցներ։ Գիտաժողովի «Շինարարական և կապակցող նյութերի, բետոնների տեխնոլոգիաներ, ժամանակակից նյութերի կիրառությունը ճարտարապետությունում» գիտական ուղղության նյութերը կտպագրվեն Scopus-ում ինդեքսավորվող «Key Engineering Materials» պարբերականում:


«Մեզ համար մեծ պատիվ է հերթական անգամ մեր երկրում և մեր համալսարանում հյուրընկալել ճարտարապետության և շինարարության բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների ու գիտնականների: Արդեն 11-րդ անգամ անցկացվող այս միջազգային գիտաժողովն անխոս իր ուրույն տեղը, դիրքն ու կարևորությունն ունի ճարտարապետաշինարարական ոլորտի մասնագետների և հատկապես բուհերի կյանքում: Ի սկզբանե գիտաժողովի նպատակն է եղել վերհանել ոլորտի արդի հիմնախնդիրները, ինչը հանդիսանում է ներկայիս կրթության և գիտության կարևորագույն պահանջներից մեկը, որի շուրջ համախմբվում են տարբեր ազգությունների և մշակույթների ներկայացուցիչներ, փոխանակում միջազգային լավագույն փորձը՝ այսպիսով կրկին անգամ նպաստելով տվյալ ոլորտների գիտական գործունեության միջազգայնացմանն ու հանրահռչակմանը: Գիտաժողովը հատկապես կարևորում եմ ակնկալիքով, որ այն կմեկտեղի նախանշված ոլորտների հավաքական գիտական ներուժը, ցույց կտա ինչպես Հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական կյանքում առկա որակական փոփոխություններն ու առաջընթացը, կնախանշի նոր ուղղություններ՝ դառնալով հետագա գործունեության յուրօրինակ ուղենիշ։»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, հյուրերին իր ելույթում ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովի համակազմակերպիչ համալսարաններին, գիտաժողովի կազմակերպման և մասնակցության համար։
«Ճարտարապետություն և շինարարություն արդի հիմնախնդիրներ » խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովի շրջանակներում ՃՇՀԱՀ-ում կայացավ դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցադրություն։
«Այստեղ հավաքված են ճարտարապետներ, շինարարներ, ովքեր բեկումնային աշխատանք են տարել ճարտարապետության ոլորտում: Հույսով եմ, որ համաժողովը կլինի պտղաբեր և կնպաստի նոր գաղափարների ծագմանը: Այն հնարավորությունները որ այսօր ստեղծված են, ֆանտաստիկ են թվում 30-40 տարի առաջվա համեմատ՝ նոր տեխնոլոգիաները գնալով թափ են առնում և դրանք նպաստում են ճարտարապետների և շինարարների մտքի թռիչքի զարգացմանը: Հուսով եմ, որ Հայաստանը այնքան դուր կգա գիտաժողովի մասնակիցներին, որ նրանք հետո կկարոտեն մեր երկիրը»,-ողջունելով ներկաներին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:


2008 թ-ի հոկտեմբերի 15-18-ը ՃՇՀԱՀ-ն նախաձեռնեց և կազմակերպեց «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով ՀՀ Ջերմուկ քաղաքում, որտեղ մասնակցում էին ներկայացուցիչներ Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից: 2010թ-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը 2-րդ գիտաժողովը կրկին կազմակերպվեց Ջերմուկում: Այնուհետև 3-րդը՝ Պեկինում, Պեկինի Քաղաքացիական ճարտարագիտության և շինարարության համալսարանի հետ համատեղ 2011թ-ի նոյեմբերի 20-24-ը՝ Չինաստանի, Հայաստանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Մոլդովայի և Թայլանդի ներկայացուցիչների մասնակցությամբ: 4-րդ գիտաժողովը տեղի է ունեցել Լեհաստանի Չեստոխովա քաղաքում 2012թ-ի սեպտեմբերի 24-27-ը: 5-րդ գիտաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Սանկտ Պետերբուրգի Ճարտարապետության և շինարարության համալսարանում, որը տեղի է ունեցել 2013 թ-ի հունիսի 25-28-ը: Հերթական՝ 6-րդ գիտաժողովը կազմակերպվեց Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքի Օստրավայի համալսարանում 2014թ-ի հունիսի 24-27-ը, իսկ 7-րդ գիտաժողովը՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, Ֆլորենցիայի համալսարանում 2015թ-ի նոյեմբերի 19-21-ը: 8-րդ գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից 2016թ. հոկտեմբերի 26-28-ը՝ Իտալիայի, Չինաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Չեխիայի Հանրապետության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: 9-րդ գիտաժողովն անց է կացվել Բաթումիում 2017թ-ի սեպտեմբերի 13-ից 18-ը՝ Վրաստանի, Հայաստանի, Չինաստանի, Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության, Ռուսաստանի, Իտալիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ հոբելյանական՝ 10-րդ գիտաժողովը տեղի է ունեցել Չինաստանում, 2018թ-ի սեպտեմբերի 22-24-ը՝ կազմակերպված Պեկինի քաղաքացիական շինարարության և Ճարտարապետության համալսարանի կողմից: Երկու գիտաժողովների (3-րդ՝ Պեկինում, Չինաստան, 2011 և 6-րդ՝ Օստրավայում, Չեխիայի Հանրապետություն, 2014թ.) նյութերը տպագրվել են Scopus-ում ինդեքսավորվող պարբերականներում:


ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao