Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
16.10.2019 | 00:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ:
Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը: «Կարևոր է արձանագրել` երկուստեք համոզված ենք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որոնք են իմ վարչապետության մեկուկես տարիների ձեռքբերումները, առաջին հերթին կնշեմ Վրաստանի հետ նոր մակարդակի հարաբերությունների ձևավորումը: Միաժամանակ համոզված եմ, որ մեր աշխատանքների արդյունքում երկկողմ համագործակցությունը շատ ավելի կզարգանա», - նշել է Նիկոլ Փաշինյանը:


Վրաստանի վարչապետը ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Հայաստանում: Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր նախնիների առաջ, որոնք դրել են մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հիմքը: Ցանկանում եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ինչը կանդրադառնա նաև մեր քաղաքացիների վրա: Չնայած նրան, որ երկուստեք մեր հարաբերությունները գնահատում ենք բարձր, սակայն մենք տնտեսության, մշակույթի և մյուս ոլորտներում կապերը զարգացնելու լավ հնարավորություններ ունենք»։


Առանձնազրույցում զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարագային մի շարք հարցերի, այդ թվում` առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության զարգացմանը վերաբերող թեմաների:
Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ: «Դրա ամենակարևոր արդյունքը հետևյալն է. մենք խորապես շահագրգռված ենք արձանագրելու նոր արդյունքներ մեր երկրների հարաբերություններում և կառուցել ռազմավարական զարգացման տեսլական», - նշել է Հայաստանի վարչապետը:
Գեորգի Գախարիան ևս արդյունավետ է գնահատել Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումները և նշել. «Դրանք վերաբերում են մեր երկու երկրների պատմական արժեքներին և մարդկանց, ովքեր ապրում են մեր երկրներում»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համարժեք արձագանքել իրավիճակին տարածաշրջանում, որի կայունությունը միայն կնպաստի տարածաշրջանային համագործակցության արդյունավետությանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Գեորգի Գախարիան համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը և գոհունակություն հայտնել վերջերս տեղի ունեցած նիստի արդյունքներից:


Նրանք առանձնակի շեշտել են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, մասնավորապես, Գոգավան-Գուգութի և Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհների վերակառուցման ուղղությամբ:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ