Արայիկ Հարությունյանը` սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող «մշակույթի» հովանավոր

Արայիկ Հարությունյանը` սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող «մշակույթի» հովանավոր
14.10.2019 | 13:49

«Ես բացարձակապես չեմ բացառում, որ սատանիզմը որպես ըմբոստության սիմվոլ է օգտագործվում՝ ընդդեմ ամեն վատի». սա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ս. թ. հոկտեմբերի 4-ին նախատեսված, բայց քննադատության, հասարակական ճնշման արդյունքում չեղարկված «Vader» սատանիստական ռոք խմբի համերգի ու նշված խմբի վերաբերյալ թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Ռուբեն Բաբայանի արտահայտած «դարակազմիկ» միտքն է` panarmenian.net կայքին օրերս տված հարցազրույցում: Գյումրին կասեր` իյա՜, ծո, էս ի՞նչ կըսես:

Լո՞ւրջ է ասել պարոն Բաբայանը… Իսկապե՞ս համարում է, որ սատանիզմը կարող է որպես ըմբոստության խորհրդանիշ (սիմվոլ) օգտագործվել ընդդեմ ամեն վատի… Բա այդ միտքը որ արտահայտել է, իր գլխում ինչ-որ պայթյուն կամ վթար չի՞ եղել, դրանց բնորոշ ձայներ չի՞ լսել… Սատանիզմը, որը հիմնված է Սատանայի կերպարի` աշխարհում, ողջ տիեզերքում ամենայն վատի ու չարի մարմնացման վրա, և որն իր բովանդակությամբ, գաղափարախոսությամբ, քարոզչությամբ չարիք է միայն` իր հետևորդներին դեպի հոգևոր կործանում առաջնորդող, ախր ինչպե՞ս կարող է որպես ըմբոստության խորհրդանիշ օգտագործվել ընդդեմ ամեն վատի: Բաբայանի բացարձակապես չբացառածն ընդհանրապես զուրկ է տրամաբանությունից, նոնսենս է, անհեթեթություն, և ի՞նչ է` մի՞թե ինքը դա չէր գիտակցում ու չի գիտակցում…
Սատանիզմը կարող է որպես ըմբոստության խորհրդանիշ օգտագործվել միայն ընդդեմ Աստծո և ամեն լավի` խորհրդանշելով մարդկությանը հայտնի առաջին և ամենամեծ ըմբոստի` Սատանայի ըմբոստացումն Աստծո դեմ: Լավ չէ՞ր լինի` տիկնիկայինի տնօրենը լռեր, այդ մասին ընդհանրապես չխոսեր, մանավա՛նդ, որ նույն հարցազրույցում ինքն է ասել` «Ես շատ քիչ բան գիտեմ սատանիզմի մասին», ինչին անձամբ ես, իհարկե, դժվարանում եմ հավատալ: Պարզ երևում է, որ տեղերը շուռ է տվել` «Vader» խմբի սատանիզմը և իր կամ տիկնիկային թատրոնի ղեկավարության կողմից նշված խմբին տիկնիկայինի դահլիճը վարձակալությամբ տրամադրելու փաստն արդարացնելու համար:


ատրոնի տնօրենն այսպիսով փորձել է ինչ-որ բացատրություն, անուղղակիորեն նաև արդարացում գտնել-ներկայացնել ռոքի Death (Death-Thrash-մահացու քոթակ) metal (մահացու մետաղական) ժանրով հանդես եկող լեհական «Vader» խմբի, հենց Բաբայանի իսկ բառերով, «բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն» ունենալուն: Այս ամենից հետո արդեն դժվարանում ես չհավատալ տիկնիկային թատրոնի տնօրենից բացի, նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի) տնօրենների խորհրդի անդամ, ԼԳԲՏ անձանց կամ այլասերվածների նկատմամբ ցանկացած խտրականության բացասաբար վերաբերվող Ռուբեն Բաբայանի վերաբերյալ տարածված այն խոսակցություններին, թե նա Հայաստանի ծպտյալ մասոններից մեկն է:


Նույն հարցազրույցում շփոթահար Բաբայանը, ինչպես ասում են, մեկ նալին է խփել, մեկ` մեխին: Ահավասիկ. նշելով, որ « ատրոնը միշտ աջակցել է ռոք համերգներին, և՛ հայկական, և՛ արտերկրի խմբերին», նա մի կողմից ասել է. «Բայց այս տարիների ընթացքում, երբ ես եմ ղեկավարում թատրոնը, կտրականապես արգելված է որևէ քարոզչություն՝ լինի դա կուսակցական, թե կրոնական: Ցավոք սրտի, այս ռոք խումբն ունի բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն, որի մասին իր հարցազրույցներում բազմիցս ասել է խմբի ղեկավարը»: Սա նույնպես «Vader»-ի ու նրա համերգի առնչությամբ թատրոնի տնօրենի խոսքն է. «Բոլոր դեպքերում, այդտեղ կա որոշակի քարոզչություն՝ էլի կրոնական. աստված է, սատանա է՝ իրականում ի՞նչ տարբերություն, քարոզչությունը մնում է քարոզչություն» (այո, ճիշտ է ասում Բաբայանը` «Vader»-ի, նրա համերգի պարագայում կա Սատանայի, սատանիզմի քարոզչություն, բայց ոչ թե կրոնական (կրոնը ճանապարհն է դեպի Աստված), այլ հակակրոնական, որը տանում է դեպի Սատանան):


Եվս մեկ մեջբերում Բաբայանի խոսքից. «Ես պարզապես որպես թատրոնի տնօրեն ունեի մի մտավախություն. սա կարող էր դառնալ նախադեպ, որ քարոզչական տարբեր խնդիրներով տառապող խմբեր փորձեին օգտագործել այս թատրոնի բեմը: Սահմանափակումը սա էր…»:
Սակայն հավաստելուց հետո, որ տինիկայինում քարոզչության արգելումը «թատրոնի կողմից ընդունված սկզբունք» է, Ռուբեն Բաբայանը մյուս կողմից ասել է. «Ես կարծում եմ, որ այսօր լուսավորության և կրթության մեջ մենք մեծ պրոբլեմ ունենք: Այն, ինչ ասում եք, ոչ թե պետք է մակերեսային մակարդակով մատուցվի, այլ խորանալ, որպեսզի հասկանալ, որ արվեստը շատ ավելի լայն և շատ ավելի բազմագույն երևույթ է, քան պարզունակ ճշմարտությունները։ ՈՒ սա պետք է սկսվի դպրոցից: Եթե չլիներ հանրության մշակութային կրթության այդ պրոբլեմը, համերգի՝ տիկնիկայինում չեղարկում չէր լինի»: Բնականաբար, հարց է առաջանում` բա այդ դեպքում ու՞ր մնաց տինիկայինում քարոզչության արգելման` թատրոնի կողմից ընդունված սկզբունքը…


Վերը շարադրվածից պարզ է դառնում, որ Ռուբեն Բաբայանը կա՛մ ստում է, այսինքն` տիկնիկայինը չունի քարոզչության արգելման սկզբունք, կա՛մ էլ, չնայած նշված սկզբունքի առկայությանը, գնացել է այն խախտելու քայլին` հանուն, իր իսկ բառերով, «բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն» ունեցող «Vader» խմբին տիկնիկայինի դահլիճը տրամադրելուն: Միայն թե դրան խանգարել է, ինչպես ինքն է ասել, «հանրության մշակութային կրթության այդ պրոբլեմը», այսօր լուսավորության և կրթության մեջ մեր ունեցած մեծ պրոբլեմը, ներկայիս ժամանակաշրջանում խավարամտության գլուխ բարձրացնելը, այլապես, դարձյալ իր խոսքն է, «համերգի՝ տիկնիկայինում չեղարկում չէր լինի»:


Արվեստի, գրականության առաքելությունը (բարության, սիրո, գեղեցիկի քարոզը) «մոռացած» տիկնիկայինի տնօրենը դարձյալ նույն հարցազրույցում ասել է. «Բացարձակապես չեմ բացառում նման (նկատի ունի` «Vader» խմբի.- Ա. Հ.) արվեստի առկայությունը. այն ունի բազմադարյա պատմություն և՛ գեղարվեստի մեջ, և՛ գրականության մեջ, եթե մենք նայենք Գյոթեի «Ֆաուստը», Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» և շատ այլ գործեր: Այս ձևը, ես նկատի ունեմ «դիվային մոտեցումը», արվեստի ասպարեզում եղել է մշտապես, և դա չի բացառել արվեստի մեծ գործեր ստեղծելը»:


Սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող կամ սատանիզմ արտահայտող արվեստի գոյությունը բացարձակապես չբացառող (երևի նաև սիրահա՞ր) Ռուբեն Բաբայանն անտեսել է, որ իր նշած գրական ստեղծագործություններում դևի կամ Սատանայի գրական կերպարը կա, բայց ո՛չ «դիվային մոտեցումը», և որ այդ ստեղծագործությունները Սատանայի ու սատանիզմի քարոզչություն չեն, առավել ևս` բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող, ինչպիսիք են «Vader» ռոք խումբը և նրա կատարումները կամ, թեկուզ, կատարումների մի մասը:
Էլ ավելի «զարմացրեց» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒ ՅՈՒՆՅԱՆԸ: Նա «բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն» ունեցող լեհական «Vader» խմբի ռոք կատարումները, որոնք իրենց էությամբ սատանիզմի արտահայտություն են ու հակամշակույթ, ս. թ. հոկտեմբերի 5-ին «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառմամբ, թեկուզ անուղղակիորեն, առանց խմբի անունը նշելու, համարել է մշակույթ (հիշենք, որ հայելային հակաշրջությունը սատանիզմի առավել կարևոր սկզբունքներից մեկն է, եթե ոչ կարևորագույնը), քանի որ հոկտեմբերի 5-ին հյուրընկալվելով Երևանի Հովհաննես ումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին, դատելով ամենից, նրա հետ խոսել է հենց նշված խմբի ու տիկնիկայինում «Vader»-ի համերգի չեղարկման մասին:


Ահա Արայիկ Հարությունյանի վերոնշյալ ֆեյբուքյան գրառումը. «Առավոտ կանուխ Տիկնիկայինում հյուրընկալվեցի Ռուբեն Բաբայանին: Խոսեցինք վերջին օրերի զարգացումների մասին: Մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի են, և որոշել ենք համատեղ պայքարել նման երևույթների դեմ»:
Հիշեցնենք, որ տիկնիկային թատրոնին ու նրա տնօրենին առնչվող վերջին օրերի զարգացումները, որոնք կապված էին սահմանափակման (տիկնիկայինում նախատեսված համերգի չեղարկման) հետ, բացառապես վերաբերում էին տիկնիկայինի դահլիճը «Vader» ռոք խմբին այնտեղ հոկտեմբերի 4-ին նախատեսված համերգի համար վարձակալությամբ տրամադրելուն, համերգ, որը հանրային բողոքի ու քննադատության արդյունքում հիշյալ թատրոնում չկայացավ: Բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող խմբի համերգը նույն օրը ժամը 21:00-ից սկսվել է Երևանի Կորյունի փողոցի 19ա հասցեում գտնվող «Պոլիգրաֆում» ու շարունակվել կեսգիշերից հետո:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը տիկնիկայինի տնօրենի հետ հիշյալ հանդիպմամբ ու դրա մասին վերը նշված գրառմամբ փաստորեն իր զորակցությունն է հայտնել թատրոնի դահլիճը բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող վերոնշյալ խմբին վարձակալությամբ տրամադրելու համար օրերս հասարակական քննադատության ու պարսավանքի արժանացած թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին:
Ավելին. նախարարը Երևանում և, մասնավորապես, տիկնիկային թատրոնում բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող ռոք խմբի համերգի դեմ մեր հասարակության մի մասի կողմից օրերս բարձրացված բողոքն ու քննադատությունը, ուղղակիորեն թե անուղղակիորեն, համարել է մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակում, այդ սահմանափակումը համարել անընդունելի, և հայտարարել, որ տիկնիկային թատրոնի տնօրենի հետ որոշել են համատեղ պայքարել նման երևույթների, այսինքն` մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումների դեմ: ե ինչպե՞ս են պայքարելու, չգիտենք, նույնիսկ չենք պատկերացնում, բայց չենք էլ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կամ փաշինյանական իշխանությունը սատանիզմի ու սատանիստական խմբերի դեմ ԶԼՄ-ների քննադատական հրապարակումներ թույլ չտալու համար վաղը կամ մյուս օրը գրաքննություն մտցնի կամ այդպիսի հրապարակումներն արգելող օրենք ընդունի:


Եվս մեկ ընդգծում. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշված պաշտոնը զբաղեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ինչը նշանակում է, որ նրանք քաղաքական ու բարոյական պատասխանատվություն են կրում Արայիկ Հարությունյանի հայտարարությունների, արարքների և այլ գործողությունների համար: Հետևաբար եթե բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող ռոք խմբի կատարումները, ուղղակիորեն թե անուղղակիորեն, մշակույթ համարող, այդպիսի «մշակույթն» իր հովանավորության տակ վերցնող, դրա սահմանափակումներն անընդունելի համարող և այդ սահմանափակումների դեմ համատեղ պայքարի մասին հրապարակայնորեն հայտարարած Արայիկ Հարությունյանը մոտ ժամանակներս պաշտոնանկ չարվի, ապա պետք է ևս մեկ փաստ արձանագրենք առ այն, որ Նիկոլ Փաշինյանի` իր քրիստոնյա և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու վերաբերյալ ասածները կեղծ են, ինչպես և վարչապետի այլ հայտարարություններ կամ հավաստումներ:


Ի՞նչ է` լինելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Արայիկ Հարությունյանը չգիտե՞, թե ինչ են ծանր (հարդ) և մետաղական (մետալ) ռոքները… Կարծում ենք, շատ լավ էլ գիտե և «Ֆեյսբուքում» նման գրառում կատարելուց առաջ տեղյակ է եղել նաև, առնվազն պետք է տեղյակ լիներ, որ լեհական «Vader» խումբը հանդես է գալիս, տիկնիկայինում էլ պետք է հանդես գար (եթե դեմը չառնվեր), ի վերջո, նույն օրը Երևանում, «Պոլիգրաֆում» հանդես է եկել ռոքի Death (Death-Thrash-մահացու քոթակ) metal (մահացու մետաղական) ժանրով:


Չենք կարծում, թե «սուպեր» նախարարը ռոքի հիշյալ ժանրերի իրազեկման նպատակով կարիք ունի ինչ-որ լիկբեզի, սակայն մեր հասարակության մի ստվար հատված, հիմնականում երիտասարդությունը, անտեղյակ է, թե այդ «մշակույթն» իրենից ինչ է ներկայացնում: Հենց այդ էլ նկատի ունենալով, առաջիկայում հնարավորինս հանգամանորեն կներկայացնենք իրականությունն այդպիսի ռոքի վերաբերյալու, դրա բոլոր վտանգները:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao