Սահմանադրական դատարանի և դրա նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող իրադարձությունների, գաղտնի փաստաթղթով նախարարների աշխատավարձ բարձրացնելու, Նաիրի Հունանյանի խնդրագրի և ներքաղաքական այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցել է քաղաքագետ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:
-Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ՍԴ-ում չընդունվելուց հետո իշխանություններն անցել են, իրենց իսկ բնորոշմամբ, «Պլան Բ»-ին, և այդ շրջանակներում ԱԱԾ հարցաքննության են կանչվել Հրայր Թովմասյանի դուստրերն ու հայրը: Ընդդիմախոսներն ասում են, թե այս գործի շրջանակներում է ձերբակալվել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի շուրջ նույնպես իրավական գործընթացներ են տեղի ունենում: Ի՞նչ է կատարվում իրավական ու քաղաքական դաշտում այս առումով: Քաղաքական հետապնդումնե՞ր են սրանք:
-Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող այս բոլոր իրադարձությունները՝ թե՛ Արսեն Բաբայանի ձերբակալությունը, կալանավորումը, որոնք ոտքից գլուխ ապօրինի գործընթացներ են, թե՛ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելը, թե՛ Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելը, հետապնդում են մեկ քաղաքական նպատակ՝ Հրայր Թովմասյանին՝ իրենց համար անցանկալի թեկնածուին, հրաժարական պարտադրել: Այստեղ իրավական որևէ գործընթաց չկա, սրանք բացառապես քաղաքական հետապնդումներ են, որոնք վաղը, մյուս օրը ստանալու են իրենց իրավական գնահատականը, և պատասխանատվության են ենթարկվելու բոլորը՝ սկսած շարքային քննիչից, վերջացրած քաղաքական հրահանգները իջեցնող մարդկանցով: Ըստ էության, ակնհայտ քաղաքական գործընթաց է տեղի ունենում, ինչը նպաստում է, որ Հրայր Թովմասյանը դառնա ամենաբարձր վարկանիշն ունեցող ընդդիմադիր գործիչը, քանի որ կարողանում է դիմակայել ու դիմադրել բոլոր տեսակի հարձակումներին: Այս ամենի հետևանքները, միանշանակ, չեն բխելու Հայաստանի միջազգային հեղինակության շահերից, որովհետև գերագույն դատարանի նախագահի նկատմամբ քաղաքական հալածանքներ է սկսել քաղաքական իշխանությունը:
-Ինչու՞ հենց հոկտեմբերի 27-ի նախաշեմին Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումը հանրայնացվեց: Պատգամավորներից մեկն էլ որոշեց հանդիպել նրա հետ: Նույն այդ պատգամավորն էլ այս օրերին ակտիվորեն հայտարարություններ է անում ու հանդիպումներ ունենում ամենատարբեր մարդկանց հետ:
-Այս ամբողջ ներկայացումը, որը կազմակերպվել է մի քանի գործող անձանց կողմից, բավական վաղուց էր պլանավորվել, և պլանավորվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, իմ ունեցած տեղեկություններով, դեռևս երկու ամիս առաջ: Արման Բաբաջանյանը գլխավոր գործող անձի դերը ստանձնել է հենց Փաշինյանի առաջարկով: Բայց սա ընդամենը շոու է, որպեսզի հանրությանը կերակրեն նորանոր ինչ-որ «սկանդալային» բացահայտումներով և այլն: Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ անգամ «Հոկտեմբերի 27»-ի գործով հարազատների նկատմամբ հարգանք չունի: Նա դրա գնով կարող է փորձել քաղաքական ինչ-ինչ դիվիդենդներ ստանալ, բայց, այնուամենայնիվ, ձախողված նախագիծ է, ինչի մասին Արման Բաբաջանյանը վաղ թե ուշ ցուցմունք կտա, ու բոլորիս համար պարզ կլինի, թե ինչ է խոսել Նաիրի Հունանյանի հետ, ինչ է համոզել, որ ասի կամ «բացահայտի» ոճրագործը: Հուսով եմ՝ հանդիպման ձայնագրությունն առկա է: Ցավոք, Հայաստանում այսօր «մատնիչի զարգացող ինստիտուտ» է գործում, գերագույն գլխավոր մատնիչը Արման Բաբաջանյանն է: Նա իշխանությունների համար սև գործ անող պատգամավոր է դարձել:
-Կենտրոնացած ենք իրավական գործընթացների վրա՝ մոռանալով, որ իշխանափոխության օրերին կառավարող թիմը մեծ խոստումներ է տվել մարդկանց, թե բոլորիս կյանքի որակը շատ արագ ու էականորեն փոխվելու է։ ՈՒ՞ր մնացին այդ խոստումները։
-Իշխանափոխության օրերին տրված խոստումներն իրականանալու ենթակա չեն և չեն էլ կարող իրականացվել Նիկոլ Փաշինյանի «ամուլ կառավարության» կողմից: Այդ խոստումները և շոուները՝ սկսած Հրայր Թովմասյանի նկատմամբ հետապնդումներից, վերջացրած Ռոբերտ Քոչարյանի կալանավորումով կամ «Հոկտեմբերի 27»-ի գործի ծաղրուծանակով, այդպես էլ կյանքի չկոչվող փոփոխությունները քողարկելու համար են: Միամտություն է կարծել, որ այս իշխանությունը կկարողանա ինչ-որ լուրջ փոփոխություն անել, նման խոսակցությունները ֆանտազիայի ժանրից են:
-Սրան զուգահեռ՝ գաղտնի որոշմամբ, առանց ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին տեղյակ պահելու, բարձրացվել են նախարարների ու մարզպետների աշխատավարձերը:
-Նախարարների ու մարզպետների աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ նաև բարձրացվել են պարգևավճարները, որոնք ստանում են պետական աշխատողները, այսինքն՝ իրենց յուրայինները: Գործուղումներն են ավելացել, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից բավական ճոխ գնումներն են ավելացել, երկու S դասի «Mercedes» են ձեռք բերել, որ, մեր ունեցած տեղեկություններով, սպասարկում են անձամբ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին: Նիկոլ Փաշինյանը պետբյուջեից մեկ միլիոն դոլարից ավելի գումար ծախսել է տան վերանորոգման աշխատանքների համար, այժմ էլ քննարկում է նոր ինքնաթիռ գնելու հնարավորությունը: Փաշինյանը ցոփ ու շվայտ կյանքով ապրող մարդ է, որը պատահաբար եկել է իշխանության ու իր մերձավոր շրջապատի աշխատավարձերը բարձրացնելու, նրանց համար ճոխ կյանք ապահովելու համար ջանք ու եռանդ չի խնայում:
-Նախորդ հարցի տրամաբանությունից ելնելով՝ հասարակությունը շատ հարցերի լոյալ է վերաբերվում այսօր, որոնք նախկինում բուռն քննադատության առիթ էին դառնում։ Ինչու՞ են անտարբեր մարդիկ:
-Այդքան էլ համակարծիք չեմ, թե մարդիկ անտարբեր են, ընդհակառակը՝ հասարակությունը կամաց-կամաց սկսում է գիտակցել իր շուրջը տեղի ունեցող աբսուրդը: Թվացյալ անտարբերություն ու անդորր է, բայց իրականում այդպես չէ: Խոսքերիս ճշմարտացիության մեջ համոզվելու համար հորդորում եմ երթուղային տաքսի նստել ու լսել մարդկանց խոսակցությունը: Նույնը խորհուրդ եմ տալիս նաև Նիկոլ Փաշինյանին՝ կերպարանափոխվել, նստել ցանկացած տաքսի ու լսել՝ մարդիկ ինչ են խոսում: Նա ավելի արագորեն է «վաստակել» ժողովրդի հակակրանքը, քան Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում:
-Ինքներդ հաճախ եք նշում, որ իշխանություններն անդառնալի որոշումներ են կայացնում, կմասնավորեցնե՞ք:
-Իհարկե, եղել են որոշումներ, որոնք այս իշխանություններին վերադարձի տեղ չեն թողնում: Այդպիսի որոշումներից մեկը Հրայր Թովմասյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումն է, Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը, Արցախյան հակամարտության բանակցություններում սեղանի խաղաքարտերը, բառի բուն իմաստով, ամբողջությամբ հօգուտ Ադրբեջանի շրջելը, կադրային քաղաքականության մեջ՝ ոչ կոմպետենտ անձանց նշանակելը և այլն:
-Ինչու՞ չի ձևավորվում ընդդիմադիր բևեռը, ու՞ր է արտախորհրդարանական ընդդիմությունը:
-Ընդդիմադիր բևեռը, ըստ էության, ձևավորված է, հիմնական խաղացողները երևում են: Նոր ձևավորվող քաղաքացիական ուժերը, որոնք այս ընթացքում կարողացան ժամանակը ճիշտ օգտագործել և ավելի կայանալ, արդեն երևում են դաշտում: Ժամանակի հարց է, մի քանի հստակ բևեռներ կառանձնանան ու կստանձնեն իշխանափոխություն իրականացնելու և Հայաստանը ժողովրդավարական ուղիով տանելու առաքելությունը:
-Ներքին և արտաքին քաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում մոտակա ժամանակներում, որոնք հնարավոր է փոխեն Հայաստանի զարգացման ընթացքը:
-Ներքաղաքական համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ջղաձգումները գնալով ավելի ակնհայտ կդառնան, նոր քաղաքական հետապնդումներ կլինեն, որոնք ավելի ու ավելի կհիասթափեցնեն մարդկանց, քաղաքացիներին, որոնք, ի վերջո, կհասկանան՝ շոուները ոչ թե արդարություն իրականացնելու կամ այն վերականգնելու, այլ իշխանությունը երկարաձգելու և այն պահելու միտում ունեն: Արտաքին քաղաքական համատեքստում՝ հուսանք, որ ցնցումներ չեն լինի: Բայց ամենահավանական ցնցումը պատերազմը կարող է լինել, ինչի դեպքում, վստահաբար, Նիկոլ Փաշինյանը միանգամից կկորցնի իշխանությունը, քանի որ բանակը և զինվորականությունը չեն կարող ենթարկվել մի մարդու, որը գաղափար չունի պատերազմի մասին առհասարակ, փախել է բանակից և «բանակից փախածների» կառավարություն է գլխավորում: Հուսանք՝ Արցախյան հակամարտությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ զինված գործողությունների չի վերածվի:
Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ