Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ
07.11.2019 | 22:03

Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին մերժեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: «Կալանքը գրավով փոխարինելու մասին, մերժել», - հայտարարեց Դանիբեկյանը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի փոխանցմամբ՝ իրենք Վերաքննիչ դատարանում կբողոքարկեն դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումը։ Սահակյանը մերժման որոշմանը դեռ չի ծանոթացել, բայց ենթադրում է, դատարանը որոշման հիմքում դրել է դատախազների ներկայացրած հանգամանքը, որ ազատության մեջ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը: Փաստաբանը տեղի ունեցածը որակում է ապօրինություն, որի պատասխանատուն համարում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:


«Ես գտնում եմ, որ եթե մարդ կարողանում է 3 ամսում և կարող է սխալվում եմ՝ 3,5-ում երկու գեներալի կոչում ստանալ, արդեն սրանով ամեն ինչ ասված է: Երբևէ տեսե՞լ եք, որ որևէ մեկը չունենալով որևէ արժանիք այդքան կարճ ժամանակում թռնում է ինչ-որ տարիների աստիճանակարգ և ստանում երկրորդ կոչումը, սրանով ես պայմանավորում եմ, որ նա ծառայություններ է մատուցում հանրապետության ղեկավարությանը, դիցուք՝ վարչապետին», - նշեց Սահակյանը:


Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը վստահ է՝ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվելով կխոչընդոտի քննությանը, հետևաբար դատարանի որոշումը, նրա գնահատմամբ, ավելի քան օրինական է: «Մենք հղումներ ենք անում քրեական գործի այն ապացույցներից, որտեղ երևում է Ռոբերտ Քոչարյանի կազմակերպելու մեծ կարողությունը և բռնապետական բնավորության գիծը և այդ բռնապետությունը ստեղծելու մեջ նրա մեծ դերը և հիմա էլ չենք թերագնահատում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը դրսում լինի, շատ հարցեր և շատ հանգամանքներ, որոնք քրեական գործի համար ունեն էական նշանակություն, ասենք, նաև զորքի ներքաշման հարցում նրա իմացության և մնացյալի հետ: Ռոբերտ Քոչարյանը հո չի ասում, որ «կհանդիպեմ սրան, կհանդիպեմ նրան, կփոխեմ այս մարդու կարծիքը», մենք հասկանում ենք, որ այդպիսի բան որևէ մեկը չի գա և դատարանում չի հայտնի», - ասաց Սաֆարյանը:


Արդեն մեկ անգամ դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտարարած Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը կարծում է՝ անհրաժեշտության դեպքում պետք է 100 նման միջնորդություն ներկայացնել, քանի որ դատավորը, ըստ Սահակյանի, իր մասնագիտությանը չի տիրապետում: Փաստաբանը ավելի հեռուն գնաց՝ հեգնելով դատավորին, թե նա ոչ թե Քոչարյանին, այլ իր կատուներին պետք է դատի:
«Եթե դու չես հասկանում, ինչի՞ կարճ կապեմ, գնա ձեր տուն, գնա քո կատուներին դատապարտի, գնա քո կատուների գործը լսի, ոչ թե լսի մարդկանց գործը», - նշեց Սահակյանը:


Թեև այս գործով դատավարությունը սկսվել է գարնանը, բայց բուն գործին այդպես էլ դեռ անդրադարձ չի եղել՝ դատավորները հիմնականում քննել են նախկին նախագահի կալանքի հարցը: Ինչո՞ւ նման միջնորդություններով ձգձգել դատական գործընթացը, եթե ասում եք, որ ձեզ համար ակնհայտ է, որ դատարանը մերժելու է դրանք, հարցին ի պատասխան Սահակյանը հակադարձեց՝ դա իրենց մասնագիտական պարտականությունն է, ապա փաստաբանին զայրացրեց լրագրողի մեկ այլ հարց, որ կա տեսակետ, թե Քոչարանի փաստաբանական խումբը ձգձգում է գործընթացը, մինչև Սահմանադրական դատարանը ստանա Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի կարծիքը նախկին նախագահին մեղսագրվող 300.1 հոդվածի վերաբերյալ:


«Մենք նպատակ չունենք ձգձգել քննությունը, մեկ, մենք նպատակ չունենք սպասել միջազգային կառույցներից եկած գնահատականին», - ասաց Ռուբեն Սահակյանը:
Հաջորդ դատական նիստը կանցկացվի նոյեմբերի 12-ին:4

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ