«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի երիտասարդական-ուսանողական միությունները միանում են Հայաստանի ուսանողական շարժմանը

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի երիտասարդական-ուսանողական միությունները միանում են Հայաստանի ուսանողական շարժմանը
09.11.2019 | 13:31

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունները հանդես են եկել Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը միանալու հայտարարություններով, հայտնում է Yerkir.am-ը։


Նրանք միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին և իրենց զորակցությունն ու անվերապահ աջակցությունն են հայտնել ուսանողական շարժմանը: Հայաստանի ուսանողական շարժմանն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՅԴ Երուսաղեմի երիտասարդական միությունը, ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միությունը, ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը, ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպությունը, որոնք ևս իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրել են կոչեր, Երևանում անցկացվող հանրահավաքների ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող կարգախոսներով մակագրված լուսանկարներ: ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունն այդ առթիվ տարածել է նաև հատուկ հայտարարություն, որտեղ ասված է. «Կը զօրակցինք ՀԵՄ-ին, Արայիկ Յարութիւնեան, ՀՀ կրթութեան նախարարը կը ցանկանայ հանել հայոց լեզուի եւ պատմութեան պարտադիր ուսուցումը համալսարաններէն: ԱՆ նաեւ կը ցանկանայ հեռացնել հայ եկեղեցուոյ պատմութիւնը դպրոցական կրթական համակարգէն: Ասոնք քայլեր են, որոնք ուղակիօրէն կը հարուածեն մեր ազգային ինքնութեանն ու նկարագրին։


Նոյն ԿԳ նախարարը միլիոնավոր դրամներ կը տրամադրէ մեր մշակոյթին չհամապատասխանող ձեռնարկներուն, անտեսելով հայկական մշակութային եւ կրթական նախաձեռնութիւնները:
Այդ պատճառով, ՀԵՄ-ը եւ նաեւ ուսանողներ կը պահանջեն Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:
Կ'ուզենք նաեւ շեշտել թէ իշխանութեան փորձերը, Դաշնակցութեան մէջ բաժանարար գիծեր գտնելու ի սկզբանէ ձախողած են։ Դաշնակցութիւնը մէկ եւ միասնական կուսակցութիւն է, Հայաստանով եւ սփիւռքով։
Կ'աջակցինք ՀԵՄ-ին եւ կը միանանք մեր ընկերներուն ՝ պահանջելով նախարարի հրաժարականը:


#պատվովհեռացիր #Démission»:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունն «Շանթ» ուսանողական միությունն ու իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ուսանողներին, ովքեր պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հայտարարության մեջ ասվում է. «Նախարարի առաջարկած քաղաքականությունը խստորեն վտանգում է այն արժեքներն ու պահանջները, որոնք բխել են 2018-ին ժողովրդական շարժումից մեր հայրենիքում: Արայիկ Հարությունյանն առաջարկել է` հանել հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը, բարձրագույն կրթության ոլորտում պարտադիր առարկաների շարքից: Կրթությունն այս ոլորտներում, որպես ազգայինա արժեք, հայրենիքում քաղաքացիների անբաժանելի ազգային ինքնության մասն է, և այդ տարրերը հեռացնելը ստեղծում է գիտելիքների անդունդ հասակակիցների և սերունդների շրջանում: Նախարարի վերաբերմունքն այն արժեքների նկատմամբ, որոնք սփյուռքը շարունակում է բարձրացնել և խթանել համալսարանական մակարդակի ուսանողների շրջանում, ամբողջովին անընդունելի է:


Ավելին, նախարարը հարցազրույցներից մեկում անդրադարձավ իր հրաժարականի պահանջներին՝ասելով, որ Հայաստանում և Սփյուռքում մեր ընկերների միջև որակական տարբերություններ կան: Մենք հրաժարվում ենք ընդունել նախարարի հայտարարությունների բաժանարար բնույթը: Որպես այսօր Հայաստանում կրթության դեմք՝ մենք հուսով ենք, որ համենայն դեպս, պարոն Հարությունյանը գիտի, որ մեր կազմակերպությունները ապակենտրոնացված են աշխատանքում, բայց ոչ գաղափարախոսության մեջ, և որ մենք միշտ կհամախմբվենք կանգնելու ի պաշտպանություն մեր լեզվի, ժառանգության և ինքնության»:


Հայ Յեղափոխական Դաշնակցության Լիբանանի Երիտասարդական միությունը տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիային.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ՀԵՄ-ականներ, Բեյրութից ՀՅԴ ՀԵՄ ընկերների անունից ցանկանում եմ զորակցություն հայտնել ձեզ այս օրերին Հայաստանում ձեր կազմակերպած նախաձեռնությունների համար: Մենք հպարտություն ենք ապրում, երբ տեսնում ենք, որ մեր ընկերները առաջնագծում ազգային արժեքների պաշտպանության և ազգային պետությանը սպառնացող սադրանքների դեմ հանդիման են: Ցավոք այսօր մենք այդտեղ չենք և հակառակ մեր ցանկության չենք կարող ուղղակի մասնակցություն բերել հայրենանպաստ գործունեության: Բայց կգանք հաստատելու, որ ձեր բարձրացրած խնդիրները մեզ նույնպես մտահոգում են: Ձեր հնչեցրած զգոնության կոչը մեր բոլորիս խղճի ձայնն է: Կուզենք նաև մեր միության ափսոսանքը հայտնել դրսի և ներսի դաշնակցականի կեղծ օրակարգի տեսական շահարկումների համար: Կհորդորենք կեղծ օրակարգով չկոծկել իրական խնդիրները, որովհետև այդ վարքագիծը կտանի լճացումի և հիասթափության մեծ ալիքի: Եվս մեկ անգամ կցանկանանք ասել մեր ընկերնեին, որ ձեր կողքին ենք՝ ազգային արժեքների պահպանման և ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտման ճանապարհին», - ասված է տեսաուղերձում:


ՀՅԴ Կանադայի երիտասարդական միությունը արձագանքել է Արայիկ Հարությունյանի որակումներին և իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է կոչ՝ հետևյալ բովանդակությամբ. «ՉԿԱ՛Յ ՆԵՐՍԻ ԵՎ ԴՈՒՐՍԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ, ԿԱ ՄԵ՛Կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»:
ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միությունը տարածել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Բոլորս մէկ ենք: Չկայ ներսի և դուրսի Դաշնակցութիւն, կայ մէ՛կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»։ Երիտասարդական միության ֆեյսբության պաշտոնական էջում տեղադրել է նաև Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «# պատվով _ հեռացիր» մակագրությամբ:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ