Լիլիթ Գալստյան. Իշխանությունները ցույց են տալիս իրենց ռեպրեսիվ վարքագիծը

Լիլիթ Գալստյան. Իշխանությունները ցույց են տալիս իրենց ռեպրեսիվ վարքագիծը
11.11.2019 | 21:50

Հայաստանի այսօրվա իշխանությունները ցույց են տալիս իրենց ռեպրեսիվ վարքագիծը` ամեն անգամ իրենց ոչ հաճո քաղաքական ուժին, անհատին, քաղաքական գործչին լռեցնելու մեթոդների դիմելով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը, թե իրենից առաջ պաշտոնավարած անձանց անօրինական գործունեության վերաբերյալ փաստեր ունի, Գալստյանն ասաց, թե շատ ավելի վատ ԿԳՄՍ նախարարության համար. «Եթե փաստեր են ունեցել, ստացվում է` կոծկել են, իսկ կոծկելը ևս քրեորեն պատժելի է»,-ասաց Լիլիթ Գալստյանը: Նրա խոսքով` երբ հետևում, վերլուծում է նոր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի քաղաքական վարքագիծը, որը ներառում է այս մեկուկես տարին, տեսնում է, որ սա ուղղակի արժեհամակարգային պայքար է:

«Մի տեսակ տպավորություն ունեմ, որ այսօրվա իշխանությունները ալերգիա ունեն այն ամենի հանդեպ, ինչն իր մեջ ազգայինն ունի: Ցանկացած մարդ, ով այս խճանկարը միացնի, մի պատկեր կտեսնի, այս իշխանությունները, կարծես թե, դիտավորյալ կամ ծրագրված քաղաքականություն ունեն՝ նվաստացնելու այն ամենը, ինչ ազգային է, այն ամենը, որ պետք է սնուցի մեր ինքնությունը, ամրացնի հայի ոգին»,- ասաց նա։ Լիլիթ Գալստյանի խոսքով` ոտնձգություններ են կատարվել նաև հայոց եկեղեցու նկատմամբ, դրանք ևս հաստատում են, որ իշխանությունները պատերազմ են հայտարարել այն ամենին, ինչն ազգային է: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը խնդրահարույց համարեց, որ իրար են միացել միանգամից երկու կարևորագույն ոլորտներ` կրթությունն ու մշակույթը, ինչի հետևանքով աշխատանքներն այդ ոլորտներով պակաս արդյունավետ են դարձել: «Վերջին մեկուկես տարում արշավանք կա մշակութային օջախների նկատմամբ, կրթության ու մշակույթի։ Շարունակվում է գործունեությունը, բայց ոլորտները չունեն երկարաշունչ ռազմավարական ծրագրեր, տեսլականներ և քաղաքականություն»,- ասաց Գալստյանը` նշելով, որ կասկածելի մրցույթներում դրամաշնորհներ են տրվում «մշակութային» երևույթների, որոնք ոչ ազգային ենթատեքստ ունեն, ոչ ուղղված են ազգային դաստիարակությանը:

Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao