Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արծվիկ Մինասյան. Եթե Փաշինյանը հայտարարում է, որ ապազգային օրակարգի տերն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա

Արծվիկ Մինասյան. Եթե Փաշինյանը հայտարարում է, որ ապազգային օրակարգի տերն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա
11.11.2019 | 21:53

Սա պայքար է ազգային և ապազգային մտածողության երևույթների շրջանակներում: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը խոր թյուրիմացության մեջ է և այս գործընթացի խորքային իմաստը չի ըմբռնել, կամ առնվազն իրեն զեկուցել են մակերեսորեն՝ ԿԳՄՍ նախարարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: «Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա: Բայց առայժմ կա հնարավորություն, որ այդ քաղաքականությունը փոխի: Մենք չենք ուզում այս մոտեցումը՝ սև ու սպիտակի բաժանել հասարակությունը, բայց եթե այդ դաշտ են մղում, պետք է բացատրեն իրենց հակազգային պահվածքը, թիրախը, ուղղորդումը որտեղից է գալիս»,-ասաց նա: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ չի կարող իրեն վերագրել նախարարության գործառույթները: «Օրենքը հստակ սահմանում է, որ Կառավարության անունից ոլորտի քաղաքականությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Օրենքով շատ հստակ է ձևակերպված, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացվի, այն, ինչ իրականացնում է այս նախարարությունը նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հակասում է օրենքին»,- նշեց Մինասյանը:


Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդներին ասել էր, որ դա Արայիկ Հարությունյանի քաղաքականություն չէ, Կառավարության քաղաքականությունն է: «Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը, նրա խորհրդատուները և, եթե վարչապետն էլ միանա, ապա նա էլ, ակնհայտորեն, փորձում են ապակողմնորոշել այս ընդվզումը, որը ձևավորեց երիտասարդությունը: Այո, «Դաշնակցությունը» հանդես է գալիս ազգայինը պաշտպանելու դիրքերից և գտնվելու է այն շարժման կողքին, որը ապազգային երևույթները մեր երկրից դուրս մղելու գործունեություն է իրականացնում»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Նա կարևորեց, որ ՀՅԴ հայաստանյան թևի հայտարարությանը միացան քսանից ավելի երկրների երիտասարդներ, որ վկայում է հարցի՝ համազգային լինելը: «Օտարածին օրակարգերը սպասարկելու փոխարեն՝ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ստացած, թեկուզ և էյֆորիայի պայմաններում, ցանկացած իշխանություն պարտավոր է իր ազգային ուղեգիծը պահել, ոչ թե արհեստականորեն համադրել հետադիմությունն ու առաջադիմությունը՝ հետադեմ համարելով այն մարդկանց, որոնք ուզում են իրենց արմատներով զարգացում ունենալ, այլ ոչ թե կտրվել արմատներից և վերածվել կոսմոպոլիտ մի երևույթի, որի նպատակը մեկն է՝ ստամոքսը օր առաջ լցնել»,- նշեց Մինասյանը: Նա հավաստիացրեց, որ սա իշխանության կռիվ չէ, այլ ազգայինը պահելու, պահպանելու և առաջ մղելու պայքար: «Առաջիկայում աշխարհում մրցակցող են լինելու այն ազգերը, որոնք իրենց արմատների զուգակցմամբ են զարգանում, այլ ոչ թե արմատներից կտրված և, եթե վարչապետ Փաշինյանը, որ միշտ հանդես է եկել այդ դիրքերից, այսօր փոխել է դիրքորոշումը, նշանակում է, որ հասարակության տված վստահության քվեն օգտագործվում է ի չարս»,- ասաց նա:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ