Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԳՆ. Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը

ԱԳՆ. Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը
17.11.2019 | 16:33

ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, որ Էրդողանի պնդումները նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնել ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ որակելով «ամենաողջամիտ գործողություն», ցեղասպանության զոհերին՝ «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ»: Այժմ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերին զրկում է նույնիսկ իրենց պատմական հայրենիքից՝ նրանց անվանելով քոչվորներ, մոռանալով իր նախնիների և տարածաշրջանի բնիկների պատմությունը՝ շեշտում է ԱԳՆ-ն:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտության և պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Անհրաժեշտ է այն մարդկանց և ժողովուրդներին, որոնց Թուրքիայի Հանրապետությունն այսօր, կրոնական և էթնիկ պատկանելիության համար անվանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնության և բռնագաղթման իր իսկ հարևան երկրի տարածքում: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար», - ասված է հայտարարությունում:
ԱԳՆ-ն նշել է, որ ցեղասպանության զոհերի ժառանգների և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948-ի կոնվենցիայի մշակման, հետագայում ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:


Արդարացնելով և ժխտելով Հայոց ցեղասպանությունը, ուժի կիրառմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելով իր հարևանների հանդեպ, երկու տասնամյակից ավելի շարունակելով Հայաստանի ցամաքային շրջափակումը, և ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին ԼՂ հակամարտության համատեքստում՝ Թուրքիան շարունակում է մնալ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք: «Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ներկա թշնամական քաղաքականությունը, ինչն առաջին քայլը կարող է դառնալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցման ուղղությամբ», - նշված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ