Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում չեն վստահում ռուսական հեռուստաալիքներին

Հայաստանում չեն վստահում ռուսական հեռուստաալիքներին
17.11.2019 | 21:19

Հայաստանում հեռուստատեսությունը շարունակում է մնալ բնակչության համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրներից մեկը։ Հայաստանում ամենատարածված հեռուստաալիքների թվում կան ռուսական պետական ալիքներ, որոնց հեռուստադիտողների քիչ մասն է վստահում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատվերով «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության իրականացրած՝ ՀՀ մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության տվյալները, Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում իրականացված հարցման մասնակիցների 35․7 տոկոսը նշել է, որ իրենց համար հեռուստատեսությունը տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուր է։ Այս ցուցանիշով հեռուստատեսությունը Հայաստանում զիջում է միայն համացանցին (36.5%):

Տեղեկատվություն ստանալու մյուս աղբյուրներից ամենահաճախ նշված տարբերակն ընտանիքի անդամներն են՝ 8․2 տոկոս։ Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1200 մարդ Հայաստանի բոլոր մարզերից, նրանց նախընտրելի հեռուստաալիքները «Արմենիա TV»-ն և «Շանթն» են` 24.6-ական տոկոս։ Երրորդ տեղում Հանրային հեռուստաընկերությունն է (12.4%), արդեն երրորդ և չորրորդ տեղերում ռուսական РТР և ОРТ պետական հեռուստաընկերություններն են՝ 61 և 5․1 տոկոսներով։ Ռուսական հեռուստաալիքները նախընտրում են նայել հիմնականում կանայք՝ 67․7 տոկոս РТР-ի և 73․4 տոկոս՝ ОРТ-ի դեպքում։
Ռուսական այս երկու ալիքների հեռուստադիտողները հիմնականում 50 տարեկանից բարձր մարդիկ են։ РТР-ն ամենաշատ հեռուստադիտողներ ունի 56-65 տարեկանների խմբում՝ 25.7%, 23.4%՝ 65-ից բարձր խմբում և 16.2%՝ 46-55 խմբում։ Պատկերը նման է նաև ОРТ-ի դեպքում։ Այստեղ 56-65 և 65-ից բարձր տարիքային խմբերում են հեռուստադիտողների 22․9-ական տոկոսները, սակայն նույնքան հեռուստադիտողներ կան նաև 36-45 տարեկանների խմբում։ Այս հեռուստաալիքը չունի դիտողներ 18-25 տարիքային խմբում (0%): РТР-ի դեպքում այս տարիքային խմբում ցուցանիշը 5․4 տոկոս է։ Չնայած ռուսական պետական հեռուստաալիքները բավական պահանջված են Հայաստանում, մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրության տվյալները ցույց են տալիս, որ դրանց վստահում են ավելի քիչ, քան դիտում են։ Ըստ հարցման արդյունքների, ամենաշատը հայաստանցի հեռուստադիտողները վստահում են «Շանթ», «Արմենիա TV» և Հանրային հեռուստաընկերություններին՝ 26․6, 21․5 և 13․7 տոկոս։ Ռուսական РТР-ին՝ չնայած նախընտրում է հարցման մասնակիցների 6․1 տոկոսը, վստահում է 2․7 տոկոսը։ ОРТ-ին՝ չնայած նախընտրում է հարցվածների 5․1 տոկոսը, վստահում է 2․8 տոկոսը։ Այսինքն՝ այս հեռուստաալիքների դեպքում վստահում է շուրջ երկու անգամ ավելի քիչ մարդ, քան դիտողների ընդհանուր թիվը։ Համեմատության համար պետք է նշել, որ հայկական երեք հեռուստաալիքների՝ «Շանթ», «Արմենիա TV» և Հանրային հեռուստաընկերություն, դեպքում դրանց հեռուստադիտողների և վստահողների թվերը գրեթե նույնն են։

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ