Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանը Միլանում իրեն հարցեր ուղղելու հնարավորություն տվեց ադրբեջանցի «վիդեոբլոգերին»

Փաշինյանը Միլանում իրեն հարցեր ուղղելու հնարավորություն տվեց ադրբեջանցի «վիդեոբլոգերին»
21.11.2019 | 13:30

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սկանդալային ընթացք ունեցավ: Եկեղեցի մուտք գործեց ռուսախոս մի անձնավորություն` արտահերթ հարցի հնարավորություն պահանջելով, և ներկայացավ որպես ադրբեջանցի վիդեոբլոգեր։ Վարչապետ Փաշինյանի թույլտվությամբ նա հնչեցրեց իր հարցը, նախաբանով, թե ամբողջ աշխարհը «ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը Հայաստանի կողմից», հորդորեց դադարեցնել պատերազմն ու «ազատել իրենց հայրենիքը»։ «Ամբողջ ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը Հայաստանի կողմից, ե՞րբ սա կավարտվի: Պետք է ավարտել այս պատերազմը: Ազատեք մեր հողերը, խնդրում եմ», - հայտարարեց ադրբեջանցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թույլատրեց, որ ադրբեջանցի բլոգերի օպերատորը ևս նկարահանելու հնարավորություն ունենա, և ի պատասխան բլոգերի անհանգստության երաշխավորեց նրա անվտանգությունը, ինչից հետո արձանագրեց՝ անհնար է պատկերացնել, որ հայը հնարավորություն ունենար մուտք գործել ադրբեջանական կողմի նմանատիպ որևէ միջոցառման և հարց տալ Ադրբեջանի նախագահին: «Դուք ասացիք, որ ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա սովորական սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի իրականացնի իշխանությունների փոփոխություն Ադրբեջանում: Հաջորդը՝ ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:


Նա հիշեցրեց՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Գերագույն խորհուրդն իրացրել է իր օրինական իրավունքը՝ ինքնորոշումով: Եվ դրանից հետո Ադրբեջանի իշխանություններն ուժի են դիմել՝ ցանկանալով խլել Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի այդ օրինական իրավունքը: Ինչպես Ադրբեջանն է հայտարարել Խորհրդային Միությունից իր անկախության մասին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն է հայտարարել իր անկախությունը Ադրբեջանից, ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ դրանից հետո Ադրբեջանը սկսեց իր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: «Այ դուք խոսում էիք Շուշիի մասին: Շուշիից ամեն օր ռմբակոծում էին Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը, ռմբակոծում էին կանանց, երեխաներին, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընդունեց ճիշտ որոշում ու կազմակերպեց իր ինքնապաշտպանությունը: Ես հպարտ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդով, որ կարողացավ պաշտպանել իրեն», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի պատասխանը համայնքի ներկայացուցիչներն ընդունեցին ոգևությամբ և դժգոհությամբ արձագանքեցին ադրբեջանցի վիդոբլոգերի՝ ելույթը շարունակելու փորձերին։ Նա հեռանալուց առաջ բարձրաձայնեց իր անվտանգության հարցը: Փաշինյանը կարգադրեց իր թիկնազորին ապահովել ադրբեջանցու անվտանգ հեռացումը:
«Ազատության» հարցին՝ անվտագության տեսանկյունից ինչպե՞ս է գնահատում փաստը, որ հակառակորդ պետության ներկայացուցիչը մուտք է գործում Հայաստանի վարչապետի հանդիպմանը հայ համայնքի հետ, Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց՝ հանդիպման մուտքը ազատ է եղել, իսկ հարց հնչեցնելու հնարավորություն նրան տվել է անձամբ վարչապետը:
«Մուտքը ազատ էր եկեղեցի, հանդիպումը եկեղեցում էր տեղի ունենում, յուրաքանչյուրը կարող էր մուտք գործել», - ասաց Կարապետյանը:


«Այսինքն, այստեղ վարչապետը իր անվտանգության աշխատակիցների թերացում չի՞ տեսնում»՝ հարցին էլ Հայաստանի ղեկավարի խոսնակն արձագանքեց․ - «Չէ, ես էդ բացարձակ չեմ տեսնում, ինքը մնացած մասնակիցների նման պատշաճ կերպ էր, կարծում եմ, իրեն պահում, նաև՝ պատկառելի հեռավորության վրա, այդ առումով ես որևէ խնդիր, համենայն դեպս, չեմ տեսնում»:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ