Եվրո-2020-ի որակավորման փուլի խմբային խաղերի ու այս երեքշաբթի-հինգշաբթի եվրոպական հեղինակավոր երկու խաղարկությունների արանքում եվրոպական ֆուտբոլի ներքին առաջնություններն ունեցան տուրային ընդամենը մեկ հանդիպում։ Առնվազն առաջին երկու հորիզոնականների կտրվածքով դրանք տեղաշարժերի չհանգեցրին, սակայն դա չնշանակեց թե հանդիսատեսն անմասն մնաց սուր, իր լարվածության մեջ երբեմն խելահեղության հասնող պայքար ըմբոշխնելուց։
ԱՆԳԼԻԱ
Առաջնության փոխչեմպիոնն ու չեմպիոնը՝ «Լիվերպուլն» ու «Մանչեստր Սիթին», հաղթանակով ավարտեցին տուրի իրենց հանդիպումները՝ համապատասխանաբար 2։1 հաշվով առավելության հասնելով «Կրիստալ Պալասի» ու «Չելսիի» նկատմամբ։ Ընդ որում նկատենք, որ արտագնա խաղում մերսիսայդցիները հաղթանակը պոկել են խաղավարտին մոտ (նրանց մոտ կարծես բնավորություն է դարձել խաղի այս հատվածում՝ գումարած հավելյալ ժամանակը, գոլեր խփելը), իսկ մանչեստրցիներն ամեն ինչ որոշել են հանդիպման առաջին կեսում՝ ի դեպ դառնալով կամային հաղթանակի հեղինակ (մրցաշարային աղյուսակում նրանք երկու նիշով շրջանցել են «ազնվականներին», որոնք նահանջել են չորրորդ հորիզոնական)։
Կողմերի վաստակած այս հերթական երեքական միավորով շարունակեց մնալ պրեմիեր լիգայի գլխավոր ինտրիգը, իսկ դա, հիշեցնենք, այն է, որ լիվերպուլցիներն ինը միավորի պոկվածություն ունեն ոսկե մեդալի համար պայքարում իրենց ամենագլխավոր հակառակորդից։ Միաժամանակ նշենք, որ Գվարդիոլայի սաներին այս հաղթանակը չվերադարձրեց երկրորդ հորիզոնականը, քանզի վերջին հինգ խաղում անպարտելի շարք է ցույց տալիս «Լեստերը», որի օրվա մրցակիցը «Բրայտոնն» էր։ Գրանցվել է 0:2 հաշիվ, Անգլիայի ոչ վաղ անցյալի չեմպիոնն ունի 29 միավոր ու մեկ նիշով գերազանցում է մանչեստրցիներին։ Տուրի արդյունքներով լավագույն հնգյակի մաս է կազմել հյուրընկալվելիս «Բոռնմուտին» 2։1 հաշվով պարտության մատնած «Վուլվերհեմպտոնը»։ Զուտ հետաքրքրության համար նշենք ևս երեք դիմակայության արդյունք։ Հավելյալի վերջին վայրկյաններին տնային խաղում գրավելով «Սաուտհեմպտոնի» դարպասը՝ «Արսենալը» խուսափել է ձախողումից՝ 2:2, Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ առաջին անգամ հանդես եկած Տոտենհեմն» արտագնայում գերազանցել է «Վեստ Հեմին»՝ 3։2, իսկ բոլորին լարվածությամբ գերազանցել է «Շեֆիլդ»-«Մանչեստր Յունայթեդ» մրցակցությունը, որտեղ երկու անպատասխան գնդակի տարբերությամբ պարտվող հյուրերն իրենց մեջ ոչ միայն հաշիվը հավասարեցնելու, այլև առաջ անցնելու ուժ են գտել, սակայն տանտերերն էլ վերջնահաշվում կարողացել են պատվով դուրս գալ իրավիճակից ու խփել միավորի տեր դարձրած գոլը՝ 3։3։
ԳԵՐՄԱՆԻԱ
Ի հաշիվ նախկինից ունեցած միավորների պաշարի ամրության (25), առաջատարությունը կարողացավ պահպանել Բեռլինում «ՈՒնիոնից» պարտություն կրած Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ 2։0։ Սա նրա մրցակիցներից երկուսին՝ «Լայպցիգին» ու «Բավարիային» 24 միավորով հնարավորություն տվեց ընդհուպ մոտենալու բունդեսլիգայի առաջատարին, որն այս դերում դժվար կարողանա երկար ձգել։ «Լայպցիգը» սեփական հարկի տակ ծնկի է բերել «Քյոլնին»՝ 4։1, մյունխենցիներն արտագնայում ավելի քան համոզիչ են եղել «Ֆորտունայի» նկատմամբ՝ 4։0։ 22 միավորով չորրորդ հորիզոնականում է հյուրընկալվելիս «Բայերի» հետ միավոր կիսած «Ֆրայբուրգը»՝ 1։1, նույնքան միավոր ունի արտագնայում երեք միավոր վաստակած «Շալկեն», որի մրցակիցն է եղել «Վերդերը»՝ 2։1։ Մրցաշարային աղյուսակը եզրափակող «Պադերբոռնի» հետ դիմակայությունում անասելի ծանր խնդիր է ինքն իրեն առաջադրել Դորտմունդի «Բորուսիան»՝ առաջին խաղակեսը տանուլ տալով 0։3 հաշվով։ Բարեբախտաբար տանտերերը երկրորդ խաղակեսում կարողացել են վերադառնալ իրենց խաղային ձեռագրին ու գոնե խուսափել պարտությունից՝ 3։3։ Դորտմունդցիները 20 միավորով եզրափակում են լավագույն վեցյակը։ Նույնքան միավոր ունեն հյուրընկալվելիս 2։0 հաշվով «Այնտրախտի» նկատմամբ հաղթանակ տոնած «Վոլֆսբուրգն» ու սեփական հարկի տակ «Մայնցից» խայտառակ պարտություն կրած «Հոֆենհայմը»՝ 1։5։
ԻՍՊԱՆԻԱ
Տուրը հաղթանակներով են ավարտել առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Բարսելոնն» ու «Ռեալը»։ Մեսիի գործուն մասնակցությամբ (գոլ+գոլային փոխանցում) կատալոնցիներն արտագնայում 2։1 հաշվով պարտության են մատնել «Լեգանեսին», «արքայականը» սեփական հարկի տակ հաղթել է «Ռեալ Սոսիեդադին»՝ 3։1։ Երկուսն էլ ունեն 28 միավոր՝ գումարած պակաս անցկացրած մեկ խաղը, որ իրար հետ է լինելու։ Հյուրընկալվելիս մեկ միավորով է բավարարվել Մադրիդի «Աթլետիկոն», որի մրցակիցն է եղել մրցաշրջանում հաջող մեկնարկած ու միայն նախավերջին երեք խաղում անսպասելիորեն տեղի տված «Գրանադան»՝ 1։1։ Չվաստակած երեք միավորը «Աթլետիկոյին» ստիպել է նահանջել չորրորդ հորիզոնական՝ ավելի բարձր դիրք ապահովելով արտագնայում «Վալյադոլիդի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակ տոնած «Սևիլիային»։ Այն ունի 27 միավոր ու երկու նիշով գերազանցում է մադրիդցիներին։ 23-ական միավորով 5-6-րդ հորիզոնականներում են արտագնայում 2։1 հաշվով «Օսասունային» ծնկի բերած «Աթլետիկն» ու «Ռեալ Սոսիեդադը»։
ԻՏԱԼԻԱ
Չեմպիոնության համար պայքարում շարունակվում է կատաղի մրցակցությունը «Յուվենտուսի» ու «Ինտերի» միջև։ Երկուսն էլ արտագնայում հաղթական հանդիպում են ունեցել։ «Ծեր սինյորան» 3։1 հաշվով դաս է տվել «Ատալանտային» (Իգուաինը դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ), երեք անպատասխան գնդակի առավելությամբ «Թուրինին» պատժել են Կոնտեի սաները։ Թուրինի «Յուվենտուսի» ու Միլանի «Ինտերի» մրցակցությունը հետաքրքրիր է նաև նրանով, որ երկուսն էլ գլխավորում են նոր մարզիչներ (նկատենք, որ Կոնտեն նախկինում գլխավորել է և «ծեր սինյորան»), ու որ այդ երկուսն էլ դեռևս անցած տարում հանդես էին գալիս անգլիական պրեմիեր լիգայում, բնականաբար՝ մարզչի կարգավիճակում։ «Յուվենտուսն» ունի 35, «Ինտերը»՝ 34 միավոր։ Արտագնայում «Սասուոլոյի» նկատմամբ տոնած 2։1 հաշվով հաղթանակը «Լացիոյին» 27 միավորով տեղ է ապահովել երրորդ հորիզոնականում։ Երկու նիշով նրանից հետ է մնում սեփական հարկի տակ «Բրեշիային» պարտության մատնած «Ռոման»՝ 3։0, որին իր հերթին 25 միավորով հաջորդում է երեկ «Լեչեին» հյուր գնացած «Կալյարին»։ Առաջին վեցյակը եզրափակում է «Ատալանտան»՝ 22 միավոր։
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում 33 միավորով շարունակում է իր անվիճելի առաջատարությունը «Պարի Սեն Ժերմենը», որն այս անգամ անհանդուրժող գտնվեց հյուր ժամանած «Լիլի» նկատմամբ՝ 2։0։ Արտագնայում նույնպիսի հաշվով «Թուլուզին» պարտության մատնած «Մարսելը» բարձրացել է երկրորդ հորիզոնական։ Նրանից ընդամենը մեկ միավոր է պակաս վաստակել սեփական հարկի տակ նվազագույն հաշվով «Նիմին» պարտության մատնած «Անժը»։ 22 միավորով քառյակը եզրափակում է «Բորդոն»։ Նրա քննությանը չդիմացած թիմը եղել է «Մոնակոն»՝ 2։1։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ