Մահ իմացյալի սլացքը

Մահ իմացյալի սլացքը
29.11.2019 | 03:35
1975-ին Երևա­նում կանգ­նեց­վեց Վար­դան Մա­մի­կո­նյա­նի պղն­ձա­կոփ ձիար­ձա­նը, Եր­վանդ Քո­չա­րի նա­խա­տե­սած դիր­քին հա­կա­սող, ճար­տա­րա­պետ Ստե­փան Քյուրք­չյա­նի նա­խագ­ծած, պատ­վան­դա­նով: Ի՞նչ պատ­ճա­ռով, ու՞մ քմա­հա­ճույ­քով, ար­դյո՞ք միայն ճար­տա­րա­պե­տի, կա­տար­վեց այդ խե­ղա­թյու­րու­մը, ո­րը երբևէ ան­պայ­ման պետք է շտկ­վի: ՀՍՍՀ վաս­տա­կա­վոր նկա­րիչ Վահ­րամ Խա­չի­կյա­նը նշում է. «Վար­պե­տը լուրջ հի­վանդ էր և ի վի­ճա­կի չէր հետևե­լու ար­ձա­նի կոփ­մա­նը»: Իսկ դա իր հեր­թին, չէր կա­րող չանդ­րա­դառ­նալ ման­րա­մաս­նե­րի հո­գա­տար մշակ­ման վրա:
Քո­չա­րի պար­զա­բա­նու­մով հա­մաշ­խար­հա­յին ար­ձա­նա­գոր­ծու­թյան մեջ ե­րեք հիմ­նա­կան կող­մե­րով Վար­դան Մա­մի­կո­նյա­նը միան­մուշ է. ա) Ոչ մի մո­նու­մեն­տալ ձիար­ձան չի իջ­նում վերևից վար: բ) Ձիու չորս ոտ­քե­րը օ­դի մեջ են: գ) Ոչ մի տեղ չի կանգ­նեց­վել ձիար­ձան, ո­րի սմ­բակ­նե­րից ե­լած փո­շին քան­դակ­ված լի­նի: Վար­դա­նի ձին հեն­ված է միայն մի կե­տի՝ ձիու սմ­բակ­նե­րից բարձ­րա­ցած փո­շու վրա: Ի հաս­տա­տումն նշենք, որ Փա­րի­զի ժորժ Պոմ­պի­դուի կենտ­րո­նի տնօ­րեն (1977-1980) ժան Մի­լիեն, շատ հա­վա­նե­լով Սա­սուն­ցի Դավ­թի ար­ձա­նը, Վար­դա­նի ար­ձա­նի մա­սին ա­սել է. «Դա­վի­թը լավ ար­ձան է, բայց այս­պի­սի ար­ձան աշ­խար­հում չկա»: Ըստ ո­րում, ան­գամ ար­ձա­նի խե­ղա­թյուր­ված դիր­քը չի խան­գա­րել բա­ցա­հայտ ի­րո­ղու­թյու­նը տես­նե­լուն: Այս պատ­մու­թյունր չպետք է ըն­կա­լել որ­պես աշ­խար­հի բա­ցա­ռիկ ձիար­ձան­նե­րից մե­կի գե­րա­դա­սում մյու­սից, այլ եր­կու գլուխ­գոր­ծոց­նե­րի ար­ժա­նի գնա­հատ­ման պա­հանջ:
Հիմ­նա­կան խախ­տու­մը՝ ձիար­ձա­նի վե­րից վար շեշ­տա­կի իջ­նե­լը, փոքր-ինչ դե­պի վեր դիր­քի փո­խե­լը, մղել է դրա անն­պա­տակ սա­վառ­նու­մի օ­դում: ճար­տա­րա­պետ Ալ­բերտ Սո­խի­կյա­նը գրում է. «Վար­դան Մա­մի­կո­նյա­նը» են­թադր­վում էր, որ պի­տի դր­վի Կո­նյա­կի գոր­ծա­րա­նի բար­ձուն­քին՝ լան­ջի վրա: Վար­դա­նի դեմ­քին ոչ ոք չէր կա­րող նա­յել՝ վա­խից կպա­պանձ­վեին: Այժ­մյան դիր­քում բո­լոր կր­ճա­տում­նե­րը խեղ­վել են, ու տպա­վո­րու­թյունն այլ է: Շատ ու­ժեղ, ար­տա­հայ­տիչ, մո­դեռն մի բան էր»: Եթե դեմքն ի­րոք ա­հազ­դու չլի­նի շա­տե­րի հա­մար, ա­պա ցն­ցող է կա­տար­ման ու­ժով: Դեմ­քի այդ­պի­սի ար­տա­հայ­տու­թյան, ո­րի մեջ խտա­ցած է մի ամ­բողջ ճա­կա­տա­մար­տի զգա­ցո­ղու­թյուն, ահ­ռե­լի գու­պա­րու­մով, թափ­ված ա­րյու­նով զո­հե­րով (ըստ հան­րա­գի­տա­րա­նի՝ 1036 հայ, վի­րա­վոր­նե­րի հետ՝ բա­նա­կի մոտ 8 տո­կո­սը, 3500-ից ա­վե­լի պար­սիկ, վի­րա­վոր­նե­րի հետ՝ բա­նա­կի մոտ 20 տո­կո­սը), և իր նա­հա­տա­կու­մով: Սրանք խիստ մո­տա­վոր թվեր են, իսկ Քո­չա­րի հի­շած թվե­րը, պատ­մա­կան փաս­տե­րը, դրանց գնա­հա­տա­կա­նը ա­վե­լի երևա­կա­յա­կան են, քան ի­րա­կան: Նշ­վում է, օ­րի­նակ, որ պարս­կա­կան բա­նակն ու­նե­ցել է 12-13 մար­տա­կան փիղ, իսկ ըստ Քո­չա­րի` 1000 (ձայ­նագր­վե­լիս աս­ված այդ ա­ներևա­կա­յե­լի թի­վը, որ լեզ­վի սայ­թա­քում է, անհ­րա­ժեշտ էր սր­բագ­րել):
Վար­դան Մա­մի­կո­նյանն ի սկզ­բա­նե ներ­կա­յաց­վել է միա­կող­մա­նի դրա­կան, սր­բաց­վել: Ար­ձա­նի կերտ­ման ժա­մա­նակ ևս գե­րակշ­ռում էր այդ պատ­կե­րա­ցու­մը: Ի­րա­կա­նու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու պատ­մաքն­նա­կան հե­տա­խու­զում­նե­րից կա­րե­լի է հի­շա­տա­կել Հրանդ Ք. Ար­մե­նի «Մարզ­պա­նը և սպա­րա­պե­տը», և Համ­լետ Դավ­թյա­նի «Մա­մի­կո­նյան­ներ. ա­ռաս­պել և ի­րա­կա­նու­թյուն», Ե., 2015: Բայց տվյալ դեպ­քում մեծ վար­պե­տի կեր­տած ան­մր­ցե­լի կո­թո­ղի հետ պատ­մաքն­նա­կան խն­դիր­ներն ող­ղա­կիո­րեն առն­չելր լիա­պես ան­տե­ղի է: Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տում հա­յոց և պար­սից բա­նակ­նե­րը դիր­քա­վոր­ված էին Տղ­մուտ գե­տի ձախ և աջ ա­փե­րին, վերևից սու­րա­լով հա­կա­ռա­կոր­դի զոր­քի մեջ մխրճ­վե­լու խն­դիր չկար: Այ­դու­հան­դերձ, Քո­չա­րի մտահ­ղա­ցու­մը հիմ­նա­վոր­ված էր. զավ­թիչ­նե­րը գրա­վել են մեր դաշ­տա­վայ­րե­րը, մեզ քշել լեռ­նե­րը, ու­րեմն մեր հա­կա­հար­վածը պետք է լի­ներ լեռ­նե­րից: Դրա հա­մար Վար­դանն իբրև ար­ծիվ վե­րից է մխրճ­վում թշ­նա­մու բա­նա­կի մեջ:
Քո­չա­րը ստեղ­ծել է ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ա­ռաս­պե­լյալ հե­րո­սի կա­տա­րե­լա­տիպ: Այն­քան կարևոր չէ ճշ­տել, ա­սենք, նրա բե­րած թվե­րը, որ­քան Վար­դա­նի աչ­քե­րի ար­տա­հայ­տու­թյու­նը, ո­րում ա­վե­լի քան հա­զար մո­լեգ­նած փղե­րի դեմ ել­նե­լու լա­րում կա: Քո­չա­րը պահ­պա­նել է ժո­ղովր­դի մտա­պատ­կե­րում ամ­րա­ցած Վար­դա­նի կեր­պա­րին հա­տուկ հռո­մեա­կան սա­ղա­վարտն ու թիկ­նոցր: Դա տվել է ոչ միայն ան­տիկ զո­րա­վա­րի, այլև ան­տիկ քան­դա­կի նմա­նու­թյամբ այն­պի­սի կա­տա­րյալ մի կերտ­վածք, որ ե­թե գլուխն ա­ռան­ձին դր­վեր դի­տող­նե­րի ա­ռաջ, մի պահ կթ­վար, թե հին հռո­մեա­կան մի մեծ վար­պե­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է: Միայն դա բա­վա­րար էր Քո­չա­րի վեր­ջին մո­նու­մեն­տալ նվա­ճու­մով հիա­նա­լու հա­մար: Մինչ­դեռ ար­ձա­նը ոչ միայն հա­մար­ժեք չըն­կալ­վեց, այլև ժխ­տա­բար ըն­դուն­վեց: Ան­կաս­կած, ո­րո­շիչ պատ­ճառ­նե­րից մե­կը ար­ձա­նի դիր­քի կո­պիտ խախ­տումն էր: ճիշտ տե­ղադր­ման դեպ­քում դի­մա­ցից դի­տո­ղը ա­մե­նից ա­ռաջ որ­սա­լու էր սպա­րա­պե­տի ի­րեն ուղղ­ված ազ­դու հա­յաց­քը, որն ար­դեն ա­վե­լի քան բա­վա­րար էր ար­տա­հայ­տու­թյան ողջ ուժն ու լար­վա­ծու­թյու­նը զգա­լու հա­մար:
Մինչև ար­ձա­նի վերջ­նա­կան տես­քը ո­րո­շե­լը Քո­չարր գիպ­սից քան­դա­կել է յոթ տար­բե­րակ, ո­րոն­ցից մե­կի մա­սին Էդ­ուարդ Ի­սա­բե­կյա­նը գրում է. «Վար­դա­նի...» գիպ­սե տար­բե­րա­կի փոքր մո­դե­լը... հրա­շա­լի էր իր պրո­պոր­ցիա­նե­րով, ա­ռան­ձին դե­տալ­նե­րով, ին­չը մե­ծի՝ օ­րի­գի­նա­լի մեջ մաս­նա­վոր կո­րուստ­ներ է կրել»: Պա­րա­դոք­սալ երևույթ է, որ, հա­կա­ռակ միան­գա­մից հա­մա­ժո­ղովր­դա­կան հիաց­մուն­քի ար­ժա­նա­ցած Սա­սուն­ցի Դավ­թի ար­ձա­նի, «Վար­դա­նը...» չըն­կալ­վեց: Ե­թե ան­գամ Էդ­ուարդ Ի­սա­բե­կյա­նը թե­րու­թյուն­ներ տե­սավ մե­ծի մեջ, ինչ­պե՞ս էին տպա­վոր­վե­լու կեր­պար­վես­տի հետ լոկ պա­տա­հա­կա­նո­րեն առ­նչ­վող զանգ­վա­ծնե­րը: Մի՞­թե նրանք պար­զա­պես Վար­դա­նի կեր­պա­փոխ­ված մի երկ­րորդ Դա­վիթ էին սպա­սում, երբ ա­ռա­ջի­նի զոհ­վե­լը Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տում բա­վա­կան էր, նույ­նիսկ երևե­լի երևա­կա­յու­թյուն չու­նե­ցող­նե­րին պատ­կե­րաց­նե­լու, որ է­պո­սի հե­րո­սը և զո­րա­վա­րը տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ կեր­պա­վո­րում պետք է ստա­նա­յին: Պար­զա­պես Քո­չա­րը շատ էր ա­ռաջ ան­ցել ժա­մա­նա­կից:
Երկ­րորդ ար­ձա­նը ստեղ­ծե­լիս սկզ­բուն­քը բո­լո­րո­վին այլ էր. «Այս կռի­վը զեն­քի զո­րու­թյան կռիվ չէ, այլ գա­ղա­փա­րի»։ Ե­ղի­շեի քրիս­տո­նեա­կան նա­հա­տա­կու­թյան գա­ղա­փա­րից բխած այս սկզ­բուն­քը Քո­չարն ար­տա­հայ­տել է նախ ձեռ­քե­րը պար­զած զո­րա­վա­րի խա­չան­ման դիր­քով: Ա­պա և նա­հա­տա­կու­թյան գնա­ցո­ղը վա­հա­նի կա­րիք չու­նի, «Նա ամ­բող­ջա­պես բաց է... քան­զի նա չի վա­խե­նում մա­հից, նա ճա­նա­չում է մա­հը, նա ընկ­ճել է մա­հը: Իսկ ձին... պետք է ներ­դաշ­նակ լի­ներ տի­րոջ հետ, մար­դը և կեն­դա­նին պետք է ի­րար լրաց­նեին: ՈՒս­տի ձին էլ տի­րոջ նման պետք է բաց­ված լի­ներ, պետք է ձիու չորս ոտ­քերն էլ օ­դի մեջ լի­նեին»: Բա­ցա­ռիկ մտահ­ղա­ցում. օ­դում սլա­նում է ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐԸ, վե­րից վար ամ­բողջ թա­փով, այն­տեղ հաղ­թա­նա­կե­լու ի փառս տա­ռա­պյալ ժո­ղովր­դի: Գա­ղա­փա­րը վեր է ա­մեն ին­չից, գա­ղա­փա­րը լա­վա­գույն զրահն է, գա­ղա­փարն ան­պարտ է, գա­ղա­փա­րի դեմ ան­զոր է ան­գամ մա­հը: Գա­ղա­փարն իջ­նում է եր­կիր՝ զո­հա­բե­րե­լու մար­մի­նը հա­նուն ո­գու ան­մա­հու­թյան:
Մե­տա­ղյա ծանր ար­ձա­նը հե­նա­կետ պետք է ու­նե­նար: Ա­վե­լի հար­մար հե­նա­կետ հա­զիվ թե գտն­վեր, քան նժույ­գի սմ­բակ­նե­րից բարձ­րա­ցող փո­շին, որն ի­հար­կե, փո­շու թեթևու­թյան տպա­վո­րու­թյուն թող­նե­լով հան­դերձ գե­ղար­վես­տա­կան ար­ժեք էր ներ­կա­յաց­նե­լու: Եվ մե­ղե­դու նման ի­րար շա­րու­նա­կող ու լրաց­նող փո­շու պա­րու­րաձև քու­լա­ներր վե­րած­վում են զար­դա­րուն հե­նա­կե­տի: Նկա­տի առ­նե­լով Վահ­րամ Խա­չի­կյա­նի շատ կարևոր նշու­մը, մտա­հո­գող հարց մեկն է՝ դա և դրա­նով սկս­վող ար­ձա­նի բո­լոր մա­սե­րը կոփ­վե՞լ են բա­վա­րար խնամ­քով ու մաք­րու­թյամբ:
Օ­դում սլա­ցող գա­ղա­փա­րի ա­կուն­քը՝ Ե­ղի­շեի «Մահ ոչ ի­մա­ցեալ մահ է, մահ ի­մա­ցեալ ան­մա­հու­թիւն է» ա­սույ­թը բո­վան­դա­կա­յին խո­րու­թյամբ վեր է իր ժա­մա­նա­կից: Ե­ղի­շեն ա­ռա­ջին հեր­թին նկա­տի ու­նի նա­հա­տա­կու­թյու­նը հա­նուն հա­վատ­քի: Ե­կե­ղե­ցու հայ­րե­րի հա­մար ո­րո­շիչ էր «Մահ աս­տուա­ծա­պաշ­տու­թեամբ քան զկեանս ու­րա­ցու­թեամբ»: Կրո­նա­կան մո­լե­ռան­դու­թյա­նը տուրք տ­ված հա­կա­մարդ­կա­յին այս դիր­քո­րո­շու­մը թող­նե­լով ան­ցյա­լում, ըն­դու­նենք, որ Ե­ղի­շեի չա­փա­զանց ընդ­գր­կուն ա­սույ­թը տա­րած­վում է բո­լոր ժա­մա­նակ­նե­րի վրա, չի վե­րա­բե­րում սոսկ V դա­րում հա­վա­տի հա­մար նա­հա­տակ­վո­ղին, և չի սահ­մա­նա­փակ­վում ան­գամ հայ­րե­նի­քի և ժո­ղովր­դի ա­զա­տու­թյան գա­ղա­փա­րով: Սրե­լով ար­ձա­նի կերտ­ման շր­ջա­նում ընդ­հա­նուր առ­մամբ ըն­դու­նե­լի ա­զա­տու­թյան նման պատ­կե­րա­ցու­մը, Քո­չա­րը բա­ցեց իր նպա­տակր. «...կար­միր Վար­դա­նի հրա­բոր­բոք կեր­պա­րից պետք է թափ տալ ժա­մա­նա­կի մո­խիրն ու բոր­բո­քել մեր ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյան ա­զա­տու­թյան ան­մար կրա­կը»,- ա­սում էր Քո­չա­րը: Այն օ­րե­րին ինչ­քան էլ ան­սո­վոր թվար ան­մար կրակ բոր­բո­քե­լու պա­հան­ջը, ո­րի էու­թյու­նը Մեծ Հայ­րե­նի­քի գրավ­ված տա­րածք­նե­րի ա­զա­տագր­ման նպա­տակն էր, ի­րա­կա­նա­ցավ: Վար­պե­տը մար­գա­րեա­ցավ Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի բոր­բո­քու­մով:
Ի­մա­ցյալ մահ­վան գա­ղա­փա­րը դեմ է առ­նում ճա­նա­չե­լիի սահ­մա­նա­փա­կու­թյա­նը (որ­քան էլ ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թով լայ­նաց­նում է իր սահ­ման­նե­րը) և ան­ճա­նա­չե­լիի ան­հու­նու­թյա­նը, ո­րը Հով­հան­նես Թու­մա­նյա­նը «Դե­պի ան­հու­նով» առն­չեց մահ­վան ա­ռեղծ­վա­ծին: Իսկ մահ­վան ա­ռեղծ­վա­ծը նույ­նա­կան է կյան­քի ա­ռեղծ­վա­ծին, դրանց ան­բա­ժա­նու­թյամբ: Ան­հա­տի ապ­րած կյան­քի ողջ ի­մաս­տը խտա­նում է մահ­վան պա­հի մեջ: Ան­հա­տի ան­մա­հու­թյու­նը ծնուն­դի բա­ցա­սում է, ուս­տի և կյան­քի ամ­բող­ջա­կան և վերջ­նա­կան բա­ցա­սում: Մար­տի­րո­սա­ցող հե­րո­սը մեկ­նում է կյանք` կռե­լով մի ամ­բողջ ժո­ղովր­դի հա­րատևման (ան­մա­հու­թյան) ի­րա­վուն­քը. «Վար­դանն իր մար­տի­րո­սու­թյամբ ու­զում է ընկ­ճել, կոտ­րել թշ­նա­մու այն սխալ հա­մո­զու­մը, թե զեն­քով կա­րե­լի է ջն­ջել ժո­ղովր­դի ա­զա­տա­տենչ ո­գին»: ճա­նա­չո­ղու­թյան ան­սահ­մա­նու­թյան մեջ սե­փա­կան տիե­զերքն ամ­րագ­րե­լու կամ­քով («Քա­նի որ ար­վես­տը նույն­պես Տիե­զերք է») ա­ռաջ­նորդ­վող Քո­չա­րը, Վար­դան Մա­մի­կո­նյա­նի ար­ձա­նը քան­դա­կե­լիս կգո­հա­նա՞ր ժո­ղովր­դի ա­զա­տա­տենչ ո­գին կռող մար­տի­րո­սու­թյան գա­ղա­փա­րով միայն, երբ, ար­դեն իսկ, «Մահ ի­մա­ցյա­լի» ի­մաստն ան­չա­փե­լի է: Այն ա­սե­լու էր ա­ռա­ջին հա­յաց­քով ըն­կա­լե­լիից շատ ա­վե­լին:
Վար­դան Մա­մի­կո­նյա­նի գլու­խը քան­դա­կե­լիս Քո­չա­րը հետևել է հին հու­նա­կան ու նաև հել­լե­նիզ­մի շր­ջա­նի հայ­կա­կան կեր­պար­վես­տի պահ­պան­ված նմուշ­նե­րին բնո­րոշ գե­ղեց­կու­թյան ձևե­րին: Գլ­խի ցցուն, կտ­րուկ, սուր գծե­րը հար­թող, ա­ռան­ձին մա­սե­րը ներ­դաշ­նո­րեն ի մի բե­րող օ­վա­լում, դա­սա­կա­նու­թյան հիմ­քի վրա, այդ մա­սե­րի շար­ժու­նու­թյան ա­ռա­վել ցայ­տուն փո­խա­կեր­պում­նե­րով քան­դակ­վել է ցն­ցող կեր­պար: Գա­լա­րուն ու շքեղ ըն­չաց­քով, մո­րու­քի գան­գուր­նե­րի խո­րու­թյուն­նե­րով, լու­սաստ­վե­րի հա­րուստ խա­ղով հիա­նա­լիո­րեն շր­ջա­նակ­վում է զո­րա­վա­րի դեմ­քը: Մո­րու­քի կզա­կի ե­ռա­մաս մշա­կու­մը հի­շեց­նում է հնա­գույն Ա­սո­րես­տա­նի քան­դակ­նե­րից ծայր ա­ռած ո­ճա­վո­րու­մը: Բե­հիս­թու­նի ժայ­ռի վրա փո­րագր­ված (ո­րի ար­ձա­նագ­րու­թյու­նում՝ մ.թ.ա. 523-521, հի­շա­տակ­վում է նաև Հա­յաս­տա­նը) Դա­րեհ I-ի մո­րու­քի այդ մա­սը ևս ե­ռա­մաս է:
Հա­կա­ռակ հայ­կա­կան արծ­վաք­թի, Զո­րա­վա­րի քի­թը ճա­կա­տի հետ հա­րա­բեր­վում է ու­ղիղ գծով: Ըն­դու­նե­լով հու­նա­կան կի­սա­դե­մի այդ ի­դեա­լա­կան գի­ծը, Քո­չարն արծ­վա­քիթն ար­տա­հայ­տել է ճա­կա­տի հետ միաց­ման կե­տում մի փոքր խո­րու­թյուն և վա­րի մա­սում մի փոքր թե­քու­թյուն տա­լով: Այդ քի­թը, որ հու­նա­կա­նից լայն է և կարծր է թվում արծ­վի կտու­ցի պես, չա­փա­զանց ազ­դու է թե դի­մա­ցից, թե կի­սա­դե­մից:
Բե­րա­նը մո­րու­քի ե­րեք շեր­տի հետ, կող­քե­րից ըն­չաց­քի հոս­քով հարս­տաց­վող, վե­րից վար հա­մա­չափ լայ­նա­ցող ե­ռան­կյու­նաձև, հն­գաս­տի­ճան ա­լի­քա­վոր ջր­վե­ժի պատ­կեր է հի­շեց­նում: Այս անհ­րա­ժեշտ դաշ­նա­վո­րու­մով շուր­թե­րը մի­ջի­նից ա­վե­լի լիքն են, բայց զգա­յա­կան չեն, լա­րու­մից սեղմ­վող և վա­րի լայն շր­թուն­քի ա­նե­րեր վճ­ռա­կա­մու­թյան դրսևո­րու­մով: Պա­հի ա­նո­ղոք ծան­րու­թյան տակ բոր­բոք­վող ներ­քին փո­թո­րի­կը ցու­ցա­հա­նող ճա­կատն ամ­բող­ջա­պես ծածկ­ված է հոն­քե­րի մեջ­տե­ղից տա­րած­վող խո­ժոռ ա­կոս­նե­րով: Հոն­քե­րը թեք­վում են բա­ժան­վե­լով ե­րեք շեր­տի՝ ու­ժե­ղաց­նե­լով դեմ­քի արծ­վա­յին ա­հե­ղու­թյու­նը: Դրանց տակ դա­սա­կան հու­նա­կան կար­գի հետևո­ղու­թյամբ բնա­կա­նից ա­վե­լի խոր դր­ված խո­շոր հայ­կա­կան աչ­քերն են: Դի­մագ­ծերն ու ա­ռա­վե­լա­պես այդ աչ­քերը կայծ­կլ­տում են վար­պե­տի ներ­շն­չած ո­գե­կան է­ներ­գիա­յով.կա­խարդ­ված մե­տա­ղը՝ մո­ռա­ցած իր սառ­նու­թյունն ու կարծ­րու­թյու­նը, մտել է կյան­քի տա­րերք: Հոն­քե­րը, աչ­քե­րը, քի­թը ձևա­վոր­ված են հաղ­թա­նա­կող արծ­վա­յին տես­քով: Վար նետ­ված ար­ծի­վը սա­վառ­նում է վեր, զո­հը ճան­կե­րում: Ոչ թե զեն­քի, այլ գա­ղա­փա­րի կռի­վը Քո­չա­րը մարմ­նաց­րել է լիա­կա­տար ակն­բա­խու­թյամբ՝ մար­տի­րոս­ված զո­րա­վա­րի հո­գին վեր կսա­վառ­նի գա­ղա­փա­րի հաղ­թա­նա­կով:
Ցա­սու­մից լայ­նա­ցած, բա­րե­գեղ գծ­ված կո­պե­րի կտր­ված­քում խո­ցող աչ­քե­րը, այ­րող հա­յաց­քը, վեր թեք­ված հոն­քե­րը, կարծ­րակ­տուց քի­թը, փո­թոր­կող ներ­քինն ար­տա­ցո­լող ճա­կա­տի ա­կոս­նե­րը, հատ­կա­պես ո­րոնք սո­վո­րա­բար խտաց­վում են ո­գե­կան խռով­քի ար­տա­քին դրսևո­րում­նե­րում, կերտ­ված են կա­տա­րյալ հա­մահն­չու­թյամբ, ան­հեղ­լի միաս­նու­թյամբ: Ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի բո­ցով տո­գոր­ված այս­պի­սի կեր­պար կա­րող էր ձուլ­վել միայն ար­վես­տա­գե­տի չա­փի ան­խախտ զգա­ցու­մով բոր­բոք­վող ո­գու բո­ցով: ՈՒս­տի և անհ­նար էր այդ ներ­դաշն դի­ման­կա­րի որևէ մա­սում չն­չին, ա­ղա­վա­ղող շե­ղում ար­տա­հայտ­չու­թյու­նից: Իսկ դա ու­ժե­ղաց­վել է ար­ձա­նի տար­բեր մա­սե­րում ա­զա­տո­րեն գոր­ծող, պատ­ճա­ռա­բան­ված ձևա­խախ­տում­նե­րով (ո­րոնք շփո­թու­թյան մեջ են գցել ան­պատ­րաստ դի­տող­նե­րին): Ակ­նա­բնի վա­րի կո­րագ­ծե­րը ձևա­փոխ­վել, մո­տեց­վել են բու­թան­կյան (կու­բիզ­մի ստեղ­ծա­գոր­ծա­կան շր­ջան ան­ցած կեր­պա­վես­տա­գե­տի հա­մար օ­րի­նա­չափ ձևա­խախ­տում), ո­րը հա­մահն­չուն է դեմ­քի կա­ռուց­ման ընդ­հա­նուր սկզ­բուն­քին: Գլու­խը դր­ված է եր­կա­րաց­ված, կոճ­ղի նման հաստ, կո­րո­վի պա­րա­նո­ցի վրա: Եր­կա­րաց­ված են նաև Վար­դան Մա­մի­կո­նյա­նի սրունք­նե­րը: Հատ­կա­պես տղա­մարդ­կանց ֆի­գուր­նե­րին սլա­ցի­կու­թյուն հա­ղոր­դե­լու նպա­տա­կով, դեռևս ան­տիկ վար­պետ­նե­րը եր­կա­րաց­նում էին ար­ձան­նե­րի սրունք­ներն ու պա­րա­նոցր, հար­կավ, չձևա­խախ­տե­լով նոր ժա­մա­նա­կի վար­պետ­նե­րի նման:
Չու­զե­նա­լով խա­թա­րել ժո­ղովր­դի գի­տակ­ցու­թյան մեջ ամ­րապ­նդ­ված, սպա­րա­պե­տի կեր­պա­րի հետ չառ­նչ­վող հռո­մեա­կան սա­ղա­վարտն ու զգես­տա­վո­րու­մը, Քո­չա­րը պահ­պա­նել է դրանք. բո­լոր ժա­մա­նակ­նե­րի սա­ղա­վարտ­նե­րի մեջ այդ սա­ղա­վար­տը էս­թե­տի­կո­րեն ա­մե­նագ­րա­վիչն է և զար­դա­րել է կեր­պար­վես­տի շատ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Եվ այն, գա­գա­թին երկ­կող­մա­նի պա­րույր­նե­րով ամ­փոփ­վող շքեղ կո­րե­րով, վա­յել­չո­րեն զար­դա­րում է աս­պան­դակ­նե­րին հեն­ված Վար­դա­նի ձիգ ֆի­գու­րը: Սա­ղա­վար­տի եզ­րագ­ծի նման, ար­դեն ներ­դաշն ուղ­ղագ­ծով ո­ճա­վոր­ված է ձիու բաշր: Կո­րի և ու­ղի­ղի «երկ­խո­սու­թյուն»: Վար­դա­նի նժույ­գը Քուռ­կիկ Ջա­լա­լիի նման սան­ձա­զերծ է, ուս­տի իր հե­ծյա­լին վա­յել ա­ռաս­պե­լյալ: Նրա դեմ­քին այն­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն է տր­ված, ա­սես գի­տե իր ա­նե­լի­քը, և նպա­տա­կի սլաց­քի մեջ նույ­նա­կան, երկ­խո­սում է հե­ծյա­լի հետ:
Ողջ ար­ձանն իր մա­սե­րով ու ձևե­րով օժտ­ված է նկար­չա­կան ո­ճա­վո­րու­մով: Քո­չա­րը քան­դա­կում է այն­պես, ինչ­պես նկա­րում է: Ար­ձա­նին նման բնույթ ու տեսք տա­լը նրա հազ­վա­գյուտ վար­պե­տու­թյան գլ­խա­վոր կող­մե­րից է: Բո­լոր գծե­րը են­թարկ­ված են ար­տա­հայտ­չու­թյան, և նմա­նու­թյունն ան­վա­րան ձևա­խախտ­վել է, երբ խան­գա­րել է մտահ­ղաց­ման ներ­դաշն միաս­նու­թյա­նը: Հատ­կա­պես ա­ռա­վել ման­րա­մասն մշակ­ված, ար­տա­հայ­տիչ մա­սե­րում. զո­րա­վա­րի, նժույ­գի գլու­խը, մարմ­նի, վզի փոր­վածք­նե­րը կա­տար­ված են բա­ցա­ռիկ նկա­րեն, շեշտ­ված ար­տիս­տիզ­մով: Հա­մոզ­վե­լու հա­մար բա­վա­կան է հա­մե­մա­տել Լեո­նար­դո դա Վին­չիի գծան­կար­նե­րը Քո­չա­րի նժույ­գի գլ­խի հետ: Այս­պի­սի գծան­կա­րը, հե­ռա­նա­լով սո­վո­րա­կա­նից, մո­տե­նում է Շել­լին­գի լու­սա­բա­նա­ծին. «Այն­պես, ինչ­պես գծան­կա­րում պա­տա­հա­կա­նը ան­տես­վում և միայն էա­կանն է պատ­կեր­վում, այն մո­տե­նում է ի­դեա­լա­կա­նին, քան­զի ի­դեան ի­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը և բա­ցար­ձա­կու­թյունն է: Ընդ­հան­րա­պես կա­րե­լի է ա­սել, որ հե­ռաց­նե­լով այն, ին­չը չի վե­րա­բե­րում էու­թյա­նը, ինք­նին դրսևո­րում է գե­ղեց­կու­թյու­նը, ո­րով­հետև գե­ղեց­կու­թյու­նը, պար­զա­պես, ա­ռա­ջինն է, ի­րե­րի սուբս­տանցն ու էու­թյու­նը, ո­րոնց հայ­տն­վե­լուն միայն էմ­պի­րիկ պայ­ման­ներն են խան­գա­րում» (F. W. J. Schelling, Philosophie der Kunst (in: Samtliche Werke. Abt. 1, Bd. 5). Stuttgart, 1859. S.527):
Քո­չարն իր ըն­տիր ար­ձան­նե­րը ձու­լել է ի­դեա­յի կա­ղա­պա­րում, իսկ Վար­դան Մա­մի­կո­նյա­նի ար­ձա­նը՝ նույ­նիսկ մահ­վան ան­խու­սա­փե­լիու­թյու­նից ա­զատ հե­ծյա­լի և սան­ձա­զերծ նժույ­գի ի­դեա­յի: Ա­զա­տու­թյա­նը մշ­տա­պես սան­ձել ձգ­տող անհ­րա­ժեշ­տու­թյունն ինչ­պե՞ս է առ­նչ­վում ի­դեա­յի բա­ցար­ձա­կու­թյա­նը: Շել­լին­գի, վե­րից վար կա­ռուց­վող փի­լի­սո­փա­յա­կան սիս­տե­մում միան­գա­մայն հիմ­նա­վոր, հա­մա­ձայն ո­րի ամ­բող­ջա­կան պատ­մու­թյու­նը բա­ցար­ձա­կի ա­նընդ­հատ և հետզ­հե­տե ի­րա­կա­նաց­վող հայտ­նու­թյունն է: Իսկ վա­րից վեր, երկ­րից երկ­նո­լորտ­ներն ուղղ­ված ստեղ­ծա­գոր­ծա­կան պրո­ցե­սում անհ­րա­ժեշ­տու­թյունն ու ա­զա­տու­թյու­նը ե­թե ան­գամ ի զո­րու լի­նեն հա­ղոր­դակց­վե­լու բա­ցար­ձա­կին, ա­պա այն­կողմ­նա­յի­նի, տրանս­ցեն­դեն­տա­լի մի­ջո­ցով, խն­դիր, ո­րը Քո­չարր վճ­ռում էր իր տար­բե­րա­կով:
Գե­ղար­վես­տի բո­լոր մեծ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը ծն­վել են բա­ցար­ձա­կի ո­րո­նում­նե­րի ճա­նա­պար­հին: Ան­հա­սա­նե­լի բա­ցար­ձա­կի, քան­զի այլ բա­ցար­ձակ չկա, քան­զի այն զերծ է թե ա­զա­տու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նից, թե անհ­րա­ժեշ­տու­թյան ա­զա­տու­թյու­նից: Եվ այս ա­մե­նի մեջ մի՞­թե ա­ռա­ջի­նը գե­ղե­ցիկն է: ՈՒմ հա­մար՝ ա­յո, ում հա­մար՝ ոչ («Մի բան ինձ հա­մար գե­ղե­ցիկ է, մյու­սի հա­մար՝ տգեղ, ու­րեմն բա­ցար­ձակ գե­ղեց­կու­թյուն կա՞, թե՞ ոչ»,- հարց­նում էր ե­րի­տա­սարդ Քո­չա­րը, ո­րին աշ­խա­տե­լու էր պա­տաս­խա­նել հե­տա­գա ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քով:
Իր ձևա­խախ­տում­նե­րում ան­գամ, ինք­նա­խոս, բնա­կան նվի­րու­մով Քո­չա­րը կա­րող էր ել­նել ան­տիկ-վե­րած­նն­դի ա­վան­դույթ­նե­րից: Նժույ­գը նր­բա­կերտ է, հատ­կա­պես կող­քե­րից կր­ճատ­ված-ո­գե­ղի­նաց­ված է գլու­խը: Դա ևս տա­րա­կու­սանք­նե­րի ա­ռիթ տվեց: Չու­զե­ցան հաս­կա­նալ, որ այն Գյում­րիում ֆայ­տոն քա­շող ձի չէ, այլ հե­ծյա­լի հետ միա­ձույլ, օ­դում սլա­ցող գա­ղա­փար, իսկ գա­ղա­փա­րը հաս­տագ­լուխ չի լի­նում: Նրա վայ­րաս­լա­ցը սո­վո­րա­կան չէ, այլ ճա­նաչ­ված՝ մահ ի­մա­ցյա­լի սլացք:
Հե­ծյա­լի ուղ­ղա­հա­յաց, նժույ­գի հո­րի­զո­նա­կան դիր­քե­րը կող­քե­րից դիտ­ված խա­չաձևվում են ու­ղիղ ան­կյու­նից շեղ­ված, հե­ծյա­լի փոքր-ինչ ա­ռաջ մղ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով: Այդ սլա­ցիկ դիրքն իր պատ­ճա­ռա­բա­նու­թյունն ու­նի՝ «հաղ­թո­ղի վսեմ դիրք է: Վար­դանր նս­տած չէ ձիու վրա, այլ բարձ­րա­ցել է մի փոքր, աջ ոտ­քով հեն­վել աս­պան­դա­կին, որ­պես­զի ա­վե­լի հուժ­կու լի­նի թրի հար­վա­ծը»: Փո­շու զար­դա­րուն սյան վրա բարձ­րա­ցող ար­ձա­նը բո­լոր կե­տե­րից հան­դես է բե­րում ձևե­րի մե­կը մյու­սից ա­ռինք­նող, ներ­դաշ­նակ, վա­յել­չա­լի բազ­մա­զա­նու­թյուն և հարս­տու­թյուն. ար­ձա­նի եր­րորդ չափ­ման հնա­րա­վո­րու­թյունր կի­րառ­ված է ա­ռա­վե­լա­գույն ար­դյու­նա­վե­տու­թյամբ: Պատ­կե­րաց­նե­լու հա­մար, որ դա ար­ձա­նա­գոր­ծի բարձ­րա­գույն շնորհն է, ար­ժե հի­շել Շառլ Բոդ­լե­րի դժ­գո­հու­թյունր Փա­րի­զի 1846-ի սա­լո­նին նվիր­ված հոդ­վա­ծա­շա­րի «Ին­չու՞ է քան­դա­կա­գոր­ծու­թյու­նը տաղտ­կա­լի» մա­սում. «Ի­զուր է քան­դա­կա­գոր­ծը ջա­նում մեկ դի­տա­կե­տի մեջ հաս­տատ­վել. ֆի­գու­րի չորս դին պտտ­վող հան­դի­սա­կա­նը կա­րող է ընտ­րել հա­րյուր տար­բեր դի­տա­կե­տեր` չգտ­նե­լով լա­վա­գույ­նը, և հա­ճախ արևի պա­տա­հա­կան մի շող կամ լամ­պի ցոլք երևան է հա­նում քան­դա­կի այն­պի­սի մի գե­ղեց­կու­թյուն, ո­րին չի ձգ­տել ար­վես­տա­գե­տը. և դա ստո­րա­ցու­ցիչ է նրա հա­մար: Մինչ­դեռ կտավն ար­տա­հայ­տում է միշտ այն, ինչ ի սկզ­բա­նե ար­տա­հայ­տել է, և չկա նրան այլ կերպ նա­յե­լու ոչ մի ե­ղա­նակ» (Շառլ Բոդ­լեր, էս­թե­տի­կա, քն­նա­դա­տու­թյուն, Ե. 1999, էջ 142):
Մի կողմ թող­նենք քան­դա­կա­գոր­ծու­թյան և գե­ղան­կար­չու­թյան ան­հիմն հա­կադ­րու­թյան հար­ցը. գե­ղան­կար­չու­թյա­նը հա­տուկ ո­րո­շա­կի դի­տա­կե­տով սահ­մա­նա­փա­կու­մը քան­դա­կում վե­րա­նում է, վեր­ջի­նիս շնորհ­ված է ե­ռա­չափ մարմ­նա­վոր­ման ինք­նա­հա­տուկ, լայն հնա­րա­վո­րու­թյուն, և, տար­բեր կե­տե­րից դիտ­վե­լու ա­ռա­վե­լու­թյու­նը թե­րու­թյուն հա­մա­րե­լը և ար­վես­տա­գե­տի ան­տե­ղյա­կու­թյունն իր քան­դա­կի, պա­տա­հա­բար հայ­տն­ված ինչ-որ գե­ղեց­կու­թյու­նից, Բոդ­լե­րի վրի­պումն է: Դրանք, վե­րա­բե­րե­լով քան­դա­կա­գոր­ծու­թյան հետ պա­տա­հա­կան առն­չու­թյուն ու­նե­ցող­նե­րին, միա­ժա­մա­նակ բա­ցա­հայ­տում են բո­լոր կող­մե­րից դիտ­վող էս­թե­տի­կա­կան ո­րակ­ներ կեր­տե­լու դժ­վա­րու­թյան ու բար­դու­թյան հաղ­թա­հար­ման բա­ցա­ռիկ­նե­րի շնոր­հը: Եվ դա­րի բա­ցա­ռիկ­նե­րի բա­ցա­ռիկ­նե­րից էր Եր­վանդ Քո­չա­րը:
Եր­բեմն հիշ­վում է Մի­քե­լան­ջե­լո­յի կար­ծի­քը, որ լե­ռան գա­գա­թից ցած գլոր­վե­լիս չկոտր­վող քան­դակ­ներն են լավ, ինչ էլ կոտր­վում է, ա­վե­լորդ է: Սա հա­զիվ թե կա­րե­լի է բա­ռա­ցի րն­դու­նել, քան­զի գլոր­վե­լուց հե­տո հենց իր գլուխ­գոր­ծոց­նե­րից ի՞նչ կմ­նար: Խոս­քը վե­րա­բե­րում է քան­դա­կի միա­ձու­լու­թյա­նը, միակ­տոր քա­րից քան­դակ­ված, թևե­րի, ոտ­քե­րի բաց­վածք­նե­րից հնա­րա­վո­րինս զերծ կերտ­վածք­նե­րին, ինչ­պի­սին նրա «Ստ­րուկ­ներն» են: Վար­դան Մա­մի­կո­նյա­նի ար­ձա­նը դրա ճիշտ հա­կա­ռակն է, դրա­նով էլ յու­րա­հա­տուկ ձևե­րի ար­տա­կարգ հարս­տու­թյամբ, որ ակ­նա­ռու է հատ­կա­պես աջ և ձախ կող­մե­րից: Նժույ­գի չորս ոտ­քե­րը տար­բեր պա­հե­րի դիր­քե­րում են, ո­րը, կեր­պար­վես­տում, ան­շարժ պատ­կե­րին շար­ժում հա­ղոր­դե­լու րն­դուն­ված մի­ջոց է, ո­րը նաև կեն­սա­կան հա­տուկ գրավ­չու­թյուն է տա­լիս ար­ձա­նին: Առջևի աջ ոտ­քը ծալ­ված, մի պա­հի, ձախն ուղ­ղա­գիծ ա­ռաջ մեկ­նած, այլ պա­հի հա­մադ­րու­մով, հետևի ծալ­ված եր­կու ոտ­քը տար­բեր դիր­քե­րով լրաց­նում են նժույ­գի սլաց­քի տպա­վո­րու­թյունր: Ոտ­քե­րի մկան­նե­րի ու ջղե­րի ու­ռու­ցիկ և ներս ըն­կած նր­բին ձևերն ամ­բող­ջա­նում են, անց­նե­լով վեր, ներ­դաշն գրա­ֆի­կա­կերպ փոր­վածք­ներ հյու­սե­լով նժույ­գի մարմ­նի վրա: Դի­մա­ցից ու­ղիղ գծով նժույ­գի ճա­կա­տին իջ­նող բա­շը ծած­կող զրա­հը հետևից ա­վարտ­վում է մա­զափն­ջի ա­լի­քագ­ծե­րով: Քո­չա­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րեր­քին բնո­րոշ ներ­քին ա­լե­բա­խու­թյան նյու­թա­կա­նա­ցու­մը սկս­վում է նույն սլաց­քին հա­մըն­թաց՝ Սպա­րա­պե­տի թիկ­նո­ցի ար­տա­քին ծա­լաձևե­րի հոս­քով, ո­րը հաս­նում միա­նում է նժույ­գի պո­չի գա­լար­նե­րին: Գե­ղե­ցի­կի հազ­վա­գյուտ զգա­ցու­մով, ար­տա­հայ­տիչ ուր­վագ­ծով և ման­րա­մաս­նե­րի գե­ղան­կար մշա­կու­մով կերտ­ված այդ եր­կու տար­բեր ձևե­րի կա­պակ­ցու­մը նո­րից հու­շում է՝ որ­տե­ղից է գա­լիս վար­պե­տը և ուր է գնում, թրծ­վե­լով ան­տիկ-վե­րած­նն­դի էս­թե­տի­կա­կան ի­դեալ­նե­րով, հաս­նե­լով իր ժա­մա­նա­կի նոր կեր­պար­վես­տի բար­ձունք­նե­րին, նա ա­վան­դել է գե­ղար­վես­տի պատ­մա­կան ողջ րն­թաց­քի ան­քակ­տե­լիու­թյան օ­րի­նա­չա­փու­թյու­նը զար­գաց­ման հա­կադ­րու­թյուն­նե­րով, բա­խում­նե­րով, բա­ցա­սում­նե­րով, հաս­տա­տում­նե­րով հան­դերձ:
Գրավ­չու­թյամբ ի­րար հետ մր­ցող, ի­րար լրաց­նող, վե­րին մա­սե­րի ուր­վագ­ծե­րով նման­վող փո­շու ամ­պը, թիկ­նոցն ու նժույ­գի պո­չը, սա­հուն մե­կը մյու­սին անց­նող կո­րե­րի և ու­ղիղ­նե­րի ան­թե­րի հա­մադ­րու­թյան մեջ զար­դա­րուն, ար­ձա­նին հա­տուկ պեր­ճանք հա­ղոր­դող մա­սեր են: Նժույ­գի գա­վա­կի և թիկ­նո­ցի միջև բաց­ված­քը արևի պտույ­տի հետ տեղ է տա­լիս լույ­սի խա­ղե­րին: Բո­լոր ար­ձան­ներն են լու­սաստ­վե­րի խա­ղե­րից փո­փոխ­վում, բայց քչերն են երևան հա­նում նո­րա­նոր էս­թե­տի­կա­կան ո­րակ­ներ: Լու­սաստ­վերն այն­պի­սի շա­րու­նա­կա­կան այ­լա­փո­խում­ներ է հո­րի­նում Քո­չա­րի ար­ձա­նից, որ ան­շարժ, կարծր մար­մի­նը շունչ ա­ռած, թվում է պոկ­վե­լու է պատ­վան­դա­նից, իր տրանս­ցեն­դեն­տալ կյան­քը շա­րու­նա­կե­լու այլ տա­րա­ծա­ժա­մա­նա­կում:
Ա­սել, թե դա պա­տա­հա­կա­նու­թյան ար­դյունք է, նշա­նա­կում է ո­չինչ չա­սել: Պա­տա­հա­կա­նու­թյա­նը մնա, ինչ­քան հե­տաքր­քիր, նույն­քան, և ա­վե­լի, ան­հե­տաքր­քիր այ­լա­փո­խում­ներ, ան­գամ տգե­ղու­թյուն­ներ կա­րող է բա­ցել: Նույ­նը վե­րա­բե­րում է և տար­բեր կե­տե­րից ար­ձա­նը դի­տե­լիս, ա­մեն կր­ճա­տու­մով, ա­սես, ար­ձա­նի մի այլ տար­բե­րակ հայտ­նա­բե­րե­լու երևույ­թին: Քո­չա­րի այս ար­ձանն այդ տե­սա­կե­տից ֆան­տաս­տի­կո­րեն այ­լա­զան է: Ո­րոշ դիր­քե­րում չի երևում թիկ­նո­ցը, և ար­ձա­նը չա­փա­վոր տեսք է ստա­նում: Կա­ռուց­ված­քա­յին ներ­դաշ­նու­թյան թե­լադ­րան­քով, սպա­րա­պե­տի լայն ու եր­կա­րա­ցած սու­րը մեկ կր­ճատ­վում, վե­րած­վում է փոքր խա­չի՝ ի լրա­ցումն մե­ծի, մեկ չքա­նում մնում է սպա­րա­պե­տի տա­րա­ծած ձեռ­քե­րով մեծ խա­չը միայն: Մի այլ դիր­քում կողմ տա­րա­ծած ձախ ձեռքն ա­սես տե­ղա­շարժ­վում է դե­պի ա­ռաջ: Կող­քից դիտ­ված ուղ­ղա­գիծ սու­րը զու­գա­հեռ­վում է նժույ­գի գա­վա­կի երևա­կա­յա­կան ու­ղի­ղին: Այդ ու­ղիղ­նե­րը հա­վա­սա­րակ­շռ­վում են ար­ձա­նի դի­մա­ցի եր­կու ու­ղի­ղով՝ նժույ­գի բա­շը ծած­կող զրա­հի և ձախ, եր­կա­րած ոտ­քի: Երկ­րոր­դը զու­գա­հեռ է հետևի զու­գա­հեռ գծե­րին: Բա­շի վեր շեղ­վող գիծն է միայն խախ­տում միօ­րի­նա­կու­թյունն ու շարժ­ման միագ­ծու­թյու­նը: Կա­ռուց­ված­քի այս մա­սը հա­վա­սա­րակշ­ռում է ար­ձա­նի հետևի մա­սի նույն եր­կա­րու­թյամբ զու­գա­հե­ռը: Չորս գծե­րը ուղ­ղու­թյուն (նժույ­գի ձախ ոտքր հա­կա­ռա­կոր­դի բա­նա­կին հար­վա­ծե­լու կե­տի նշա­նա­յին ցու­ցիչ է) և ըն­թացք են հա­ղոր­դում ար­ձա­նին, ո­րը ե­թե դր­ված լի­ներ Քո­չա­րի նա­խա­տե­սու­մով, ա­վե­լի մեծ ա­րա­գու­թյան տպա­վո­րու­թյուն կթող­ներ: Կա­ռուց­ված­քի ձևա­բո­վան­դա­կա­յին ա­ռա­վել ար­տա­հայ­տիչ ու­ղիղ գծե­րը այդ գլ­խա­վոր ձիգ եր­կա­րած ոտ­քի և դրա­նից կարճ սրի գծերն են:
Վա­րից վեր փո­շու ամ­պով սկս­վող և սրով ա­վարտ­վող (թեթևից թեթև) ան­նյու­թա­կան գա­ղա­փա­րի սլաց­քին ծա­ռա­յող ոչ սո­վո­րա­կան կոմ­պո­զի­ցիան ա­ռա­վել հս­տակ շեշտ­ված է կող­քե­րից: Վա­րի և վե­րի թեթևու­թյան ճշգ­րիտ հա­րա­բե­րու­թյամբ: Բայց ի­րա­կա­նում ծանր սու­րը գոր­ծա­ծե­լու հա­մար ե­թե ոչ ա­վե­լի կարճ, ա­պա ա­վե­լի նեղ պետք է լի­ներ: Պարզ օ­րի­նակ, որ ի­րա­կան չա­փը և էս­թե­տի­կա­կան չա­փը տար­բեր են առն­վազն այն­քան, որ­քան գե­ղար­վես­տա­կան պատ­կերր տար­բեր է պատ­կեր­ված օ­բյեկտ­նե­րից: Բազ­մա­զա­նու­թյու­նը էս­թե­տի­կո­րեն կար­գա­վո­րող, հա­վա­սա­րակշ­ռող, դաշ­նա­վո­րող, միաս­նաց­նող չա­փի դերն ակն­հայտ ընդ­գծ­վում է ար­ձա­նի շուրջ պտտ­վե­լիս, կա­ռուց­ված­քում տար­բեր մա­սե­րի շար­ժուն միաս­նա­ցու­մով: Ար­ձա­նի ա­ռանց­քը ծան­րու­թյան կենտ­րո­նով սրի կո­թից իջ­նում, ա­վարտ­վում է փո­շու ամ­պի մեջ­տե­ղի վա­րի կե­տում: Այդ գծով կիս­վող եր­կու մա­սի ներ­դաշն ամ­բող­ջու­թյան մեջ ո­րո­շի­չը դրանց գե­ղար­վես­տա­կան-ո­րա­կա­կան հա­մար­ժե­քու­թյան հան­գելն էր, ինչ­պես մաս­նա­վո­րա­պես հա­կա­ռակ ուղղ­վա­ծու­թյան սրի և նժույ­գի ձախ ոտ­քի հա­մար­ժե­քու­թյու­նը կոմ­պո­զի­ցիա­յում, սրըն­թաց շարժ­ման տպա­վո­րու­թյամբ հան­դերձ: Նժույ­գի ոտ­քե­րի տար­բեր պա­հե­րի դիր­քե­րը և հե­ծյա­լի աջ թեք­ված գլու­խը (որն ի­րա­կա­նում ուղղ­վե­լու էր դի­մա­ցի բա­նա­կին) հե­ծյա­լի ծա­ծան­վող թիկ­նո­ցը և նժույ­գի ա­լի­քա­վոր պո­չը շարժ­ման ամ­բող­ջա­կան ար­տա­հայտ­ման գլ­խա­վոր բաղ­կա­ցու­ցիչ­ներն են:
Այս ա­մե­նով հան­դերձ, մո­նու­մեն­տա­լիստ ար­ձա­նա­գոր­ծի ա­ռաջ միշտ կանգ­նած է իր նա­խա­տե­սած ճիշտ տպա­վո­րու­թյունն ա­պա­հո­վե­լը ար­ձա­նը ներքևից դի­տո­ղի հա­մար, հաշ­վի առ­նե­լով տար­բեր կե­տե­րից հնա­րա­վոր բո­լոր ձևա­փո­խում­նե­րը, այն պատ­վան­դա­նին դնե­լուց հե­տո, ո­րի նա­խա­տես­ված այս կամ այն բարձ­րու­թյան վրա ար­ձա­նը դիտ­վում է տար­բեր կերպ ինչ­պի­սի ա­ղա­վա­ղող կր­ճա­տում­ներ կա­րող են լի­նել պատ­վան­դա­նի այս կամ այն բարձ­րու­թյան, դրա­նից դի­տո­ղի այս կամ այն հե­ռա­վո­րու­թյան պատ­ճա­ռով: Խն­դի­րը բար­դա­նում է այն­քան, որ­քան բարդ ու հա­րուստ է ստեղ­ծա­գոր­ծու­թյան կա­ռուց­ված­քը: Ան­գամ սխալ տե­ղադր­ված «Վար­դան Մա­մի­կո­նյա­նը» տար­բեր կե­տե­րից դիտ­վում է ձևե­րի բա­ցա­ռիկ հարս­տու­թյամբ, ար­տա­հայտ­չու­թյան բարձր ո­րակ­նե­րով:
Ստե­փան ԹՈՓ­ՉՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao