Մակրոնն ընդառաջ է գնում Պուտինին

Մակրոնն ընդառաջ է գնում Պուտինին
29.11.2019 | 12:45

Եվրոպայի միջուկային անվտանգության կարևոր հարցում Ֆրանսիայի նախագահը պնդում է, որ պետք է թողնել ՆԱՏՕ-ի նախկին քաղաքականությունը ու քննարկել միջին հեռահարության հրթիռների տեղակայման կասեցման ռուսական առաջարկը: Դա հետևում է Էմանուել Մակրոնի նամակից Վլադիմիր Պուտին, որ հայտնվել է Frankfurter Allgemeine Zeitung-ի տրամադրության տակ: ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին հայտարարությունից հետո Մակրոնը երկրորդ անգամ է բարձրացնում ալյանսի ներսում համաձայնության հարցը: «Կրեմլի առաջարկը արժանի է մանրամասն ուսումնասիրության»՝ գրում է Մակրոնը նամակում, որ Բրյուսելի դիվանագետների տվյալներով՝ ուղարկվել է հոկտեմբերի 23-ին: Նախագահն առաջարկում է երկկողմ ու բազմակողմ քննարկումներ բոլոր երկրների մասնակցությամբ, որ ռուսական մորատորիումի բովանդակության վերաբերյալ կոնկրետ կասկածներ ունեն: Նա հստակ ընդգծում է, որ պետք է որոշարկել «վստահության արժանի, հուսալի ու փոխադարձ վերահսկողության վրա հիմնված միջոցները»: Մինչև հիմա ՆԱՏՕ-ի անդամները չեն մերժել ՌԴ առաջարկը: Ստոլտենբերգը քանիցս մորատորիումն անվանել է «ոչճշմարտանման»: Նրա կարծիքով՝ մորատորիումը վերաբերում է միայն այն մարտական համակարգերին, որ արդեն երկար տարիներ տեղակայված են: ՆԱՏՕ-ի բոլոր 29 երկրները հիմք են ընդունում, որ Ռուսաստանը իր միջին հեռահարության SSC-8 հրթիռներն է տեղակայել և խախտել է փոքր ու միջին հեռահարության հրթիռների տեղակայումից հրաժարվելու համաձայնագիրը:


Փետրվարի սկզբին ԱՄՆ-ը դուրս եկավ Փոքր ու միջին հեռահարության հրթիռների կասեցման պայմանագրից: Ֆրանսիան ու Գերմանիան ափսոսանք հայտնեցին, որ օգոստոսին Եվրոպայի համար կարևոր զինաթափման համաձայնագիրը դադարեցրեց գործունեությունը: Մակրոնն անմիջապես փաստն օգտագործեց իբրև միջուկային սպառազինության մրցավազքից նախազգուշացնելու առիթ՝ ի վնաս Եվրոպայի: Օգոստոսի կեսին նա բացահայտ հայտարարեց, որ Ռուսաստանին պետք է ներառել անվտանգության եվրոպական ճարտարապետության մեջ: Իր նախընտրական «Հեղափոխություն» գրքում 2016-ի նոյեմբերին նա գրել էր, որ ձգտում է «ինքնուրույն եվրոպական քաղաքականության» Ռուսաստանի նկատմամբ, որը չի թելադրվի ամերիկյան պատկերացումներով: Համաձայնագրի գործողության կասեցումը Մակրոնը բարենպաստ պահ համարեց քաղաքական նախաձեռնության համար: Նա Պուտինին հրավիրեց իր ամառային նստավայրը՝ Բրեգանսոն, որտեղ տրվեց «Լիսաբոնից Վլադիվոստոկ՝ Եվրոպայի» երազներին: Նա չհիշատակեց, որ Ռուսաստանը խախտել է համաձայնագիրը: FAZ-ի և այլ լրագրողների հետ խոսակցության ժամանակ Մակրոնը բացատրեց,որ Եվրոպային սպառնում է սպառազինությունների նոր մրցավազք, այդ պատճառով կարևոր է ստեղծել պայմանագրային նոր համակարգ՝ Ռուսաստանի մասնակցությամբ: Այդ մերձեցումը, որ դեկտեմբերի 9-ին Փարիզում կվերածվի ուկրաինական կոնֆլիկտի հարցով սամիթի, որին կմասնակցի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, չի ուրախացնում ԵՄ շատ գործընկերների ՆԱՏՕ-ի արևելյան թևում: Մակրոնը փորձառու դիվանագետ Պիեռ Վիմոնին նշանակեց հատուկ ներկայացուցիչ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ պետք է ԵՄ գործընկերներին նախապաշարումներից ձերբազատի: Արևմտյան դիվանագետների տվյալներով՝ Պուտինը ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին մորատորիումի առաջարկ է արել: Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեռ սեպտեմբերի 26-ին պաշտոնապես հաստատել է առաջարկը քննարկելու մտադրությունը: Փորձագետների գնահատականով՝ Ռուսաստանի հետ Չինաստանն էլ ունի մոտավորապես 2000 միջին հեռահարության հրթիռ, որ չի համապատասխանում փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելքի համաձայնագրին, սակայն Պեկինը երբեք չի եղել պայմանագրի անդամ, որ սառը պատերազմի ավարտին ստորագրել են ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը: Այդ պատճառով Պուտինը մորատորիումը առաջարկ է ուղարել և Չինաստանի նախագահ Սի Ձինպինին: Առայժմ Պեկինը սպառազինության իր մտադրությունները չափավորելու ցանկություն չի դրսևորել:

Լորենց Հեմիկեր և Միխայել Վիգել, Frankfurter Allgemeine Zeitung


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահը հանդիմանել է Թուրքիային՝ առանց դաշնակիցների համաձայնության, միակողմանի քայլեր ձեռնարկելու համար: «Անկարան չի կարող համերաշխություն ակնկալել ՆԱՏՕ-ից, երբ հարձակում է սկսում Սիրիայի դեմ և մեզ կանգնեցնում փաստի առաջ», -Փարիզում հայտարարել է Էմանուել Մակրոնը:
Հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, Մակրոնը նաև պնդել է՝ դաշինքը առաջիկա հանդիպմանը պետք է քննարկի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու՝ Թուրքիայի որոշումը:
«Դաշնակիցները պետք է քննության առնեն՝ գործարքը չի՞ հակասում ՆԱՏՕ-ի օդային պաշտպանության համակարգին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ վերջին տարիներին եվրոպական և արևմտյան երկրների անկում և ճգնաժամ է նկատվում, հաղորդում է Mundo-ն: Նրա խոսքերով, լիբերալ քաղաքական կուսակցությունների ընդհանուր խնդիրներից շատերը կապված են Եվրոպայի անկման և աշխարհի կենտրոնի դեպի արևելք տեղափոխման հետ: «Պահպանողական լիբերալ կուսակցությունների ճգնաժամը ժողովրդավարության և Արևմուտքի ճգնաժամն է»,- նշել է Սարկոզին: Նա հավելել է, որ մոլորակի բնակիչների կեսից ավելին ապրում է Ասիայում, և միայն 800 միլիոնն է բնակվում Կենտրոնական Եվրոպայում:
«Մենք այլևս երկրի միջուկը չենք, և դրա համար կան ժողովրդագրական պատճառներ», – ասել է Սարկոզին: Ֆրանսիայի նախկին նախագահը համոզված է, որ գործնականում անհնար է միավորել 27 խոշոր պետություն: Ահա այսպիսի Ֆրանսիա: Ռուսաստանը դեռ սպասում է իր առաջարկի քննարկմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao