Ռուսաստանը սպառնում է Թուրքիային

Ռուսաստանը սպառնում է Թուրքիային
01.12.2019 | 11:11

Այսօր դեռ շատ անորոշ է՝ ինչպե՞ս կփոխվի հին երկբևեռ աշխարհակարգը, որ գոյություն ուներ սառը պատերազմի ավարտից հետո, և ո՞վ կվերահսկի նորը: Մենք տեսնում ենք, որ ժամանակը, երբ ԱՄՆ-ը միակ գերտերությունն էր 1991-2000-ականի սկզբին, անցել է և աշխարհում ի հայտ են գալիս ուժի նոր կենտրոններ՝ Չինաստան, Ռուսաստան, ԵՄ (Գերմանիա), Բրազիլիա, Թուրքիա, Ինդոնեզիա, Իրան… Նոր տարածաշրջանային ու գլոբալ միությունների ձևավորմամբ՝ ազդեցության համար գլոբալ պայքարի ծանրության կենտրոնը տեղափոխվում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Չնայած դրան՝ պայաքարի կենտրոնը, որ կորոշարկի նոր աշխարհակարգը, Մերձավոր Արևելքն է: Արյունոտ հակամարտությունը, որ սկսվեց Ալ Կայիդայի ահաբեկչություններով՝ 2001-ի սեպտեմբերի 11-ին, 2014-ին ահաբեկիչների՝ Մոսուլի գրավումով, նոր փուլ է մտել: Այսօր միջազգային բանակցությունների ձևը և միջազգային դիվանագիտության սկզբունքները փոխվել են:

Ահաբեկչական կազմակերպությունները կամ ոչպետական զինված կառույցները դարձել են միջազգային հարաբերությունների նոր մասնակիցներ: Ահաբեկչությունը դարձել է պետությունների արտաքին քաղաքականության գործիք: Լայն տարածում են գտել հատուկ նշանակության ուժերի գաղտնի գործողությունները: Պետությունների միջև հարաբերություններում վճռորոշ նշանակություն են ստացել ղեկավարների փոխհարաբերությունները: Որ շատ պետությունների ղեկավարներ գործիմաց չեն և իրենց անձնական դիրքը գերագնահատում են, հաճախ հանգեցրել ու հանգեցնում է միջազգային հարաբերություններում փակուղու ու քաոսի: Մյուս կողմից՝ պետությունները սկսել են բացահայտ սպառնալ և շանտաժ կիրառել իրենց սեփական քաղաքականությունը պարտադրելու համար, որ նույնպես սովորական է դարձել: Կան բազում օրինակներ: Օրինակ՝ Թրամփի սպառնալիքները այն երկրներին, որոնց հետ նախկինում համաձայնագրեր էին կնքվել անվտանգության ոլորտում. «Մենք այլևս ձեզ չենք պաշտպանելու, եթե դուք ավելի շատ փող չտաք»: Եվ նույն Թրամփի սպառնալիքը՝ «Մենք կկործանենք թուրքական տնտեսությունը, եթե թուրքերը սպանեն քրդերին»՝ դեռ իբրև Դամոկլյան սուր կախված է մեր գլխին: Անկասկած կուլիսներում առանձնահատուկ առևտուր է, բազում սպառնալիքներ են հնչում ու շանտաժ է արվում՝ հասարակությունը այդ ամենը նույնիսկ չի կռահում: Բոլոր այս օրինակները մենք տեսնում ենք Սիրիայի ենթատեքստում, որ գուցե, կդառնա բանալի՝ հասկանալու, թե ինչպես է ձևավորվելու նոր աշխարհակարգը: Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբեությունների ճգնաժամերը լավ հայտնի են: Օր չի անցնում, որ ԱՄՆ-ից նոր սպառնալիքներ չհնչեն Սիրիայի, ՔԱԿ-ի С-400-ների, F-35-ների առնչությամբ: Հիմա, երբ Թուրքիան փորձում է համանման պատասխան տալ ԱՄՆ-ի սպառնալիքների քաղաքականությանը, այդ ճգնաժամերին հավելվում է և ՆԱՏՕ-ի խնդիրը: Երբ ԱՄՆ-ը հավանություն չտվեց Թուրքիայի առաջարկած ծրագրին՝ պաշտպանվելու ՔԱԿ/ YPG-ի ահաբեկչական սպառնալիքներից Սիրիայում, Անկարան ի պատասխան հավանություն չտվեց ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանն ու Բալթյան երկրները ռուսական ագրեսիայից պաշտպանելու ծրագրին: Դա և փոխադարձ սպառնալիքներով հայտարարությունները ճգնաժամ են ստեղծում ՆԱՏՕ-ում:


Թրամփի գալով սպառնալիքների, շանտաժի ու պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությունը դարձավ ակնհայտ բոլորին ու լայնորեն քննարկվող: Բայց դա չի նշանակում, որ այլ պետությունները նույնը չեն անում: Սիրիայում սխալ քաղաքականության հետևանքով Թուրքիան հայտնվեց ԱՄՆ-ի ՌԴ-ի միջև՝ ասես մուրճի ու զնդանի միջև: ԱՄՆ-ը՝ տեսնելով Թուրքիայի այդ վիճակը, սպառնում է Անկարային: Իսկ Ռուսաստանը՝ ո՞չ: Իհարկե, սպառնում է: Սիրիայում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հաստատվել են որոշակի հարաբերություններ, որ առաջ են գնում Ռուսաստանի նախաձեռնությամբ, բայց մնում են փխրուն: Թրամփը երեք անգամ որոշել է զորքերը Սիրիայից դուրս բերել, վերջին որոշումը հոկտեմբերի 6-ին էր, որից հետո ԱՄՆ իր զորախումբը կրճատեց Սիրիայի հյուսիսում, հետո ավելացրեց արևելքում: Հիմնական հարցը՝ YPG /ՔԱԿ-ի ներկայությունն է հյուսիսում, որ մասնակի վերածվել է Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների խնդրի, որի հետևանքով առանց այդ էլ փխրուն հարաբերությունները ավելի են բեկվում: Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն չեն կատարում իրենց պարտավորությունները ստորագրված համաձայնագրերի շրջանակներում, որոնց հիմնական կետը YPG –ի պարտադիր դուրս բերումն էր պայմանավորված շրջաններից, և այդ պատճառով անհրաժեշտության դեպքում Թուրքիան կվերսկսի գործողությունը, շոկի մատնեց ռուսական կողմին: Նախ Լավրովն ասաց, որ Ռուսաստանում զարմացած են Չավուշօղլուի հայտարարություններից, հետո հայտարարեց՝ Թուրքիանն Ռուսաստանին վստահեցրել է, որ նոր գործողություն չի սկսի Եփրատից արևելք: Ի՞նչը ստիպեց Թուրքիային այդքան արագ մտքափոխվել: Տեղական աղբյուրները հաղորդում են, որ Ռուսաստանից Թուրքիայի հասցեին հաջորդած անդրկուլիսյան սպառնալիքները Թուրքիային ստիպեցին նահանջել ու խոստանալ, որ նոր գործողություն չի սկսի: Ի՞նչ սպառնալիքներ են:


-Որ Վլադիմիր Պուտինը կհետաձգի 2020-ի հունվարին ծրագրված այցը Թուրքիա, որի ընթացքում հայտարարվելու է «Թուրքական հոսք» գաղատարով ռուսական գազի Թուրքիա մատակարարումների մասին:
-Որ Ռուսաստանը կլուծարի Թուրքիայի հետ համաձայնությունը Իդլիբի ապառազմականացված գոտու վերաբերյալ ու կսկսի սիրիական բանակի հետ համատեղ ռազմական գործողություններ տարածաշրջանում:
-Որ Ռուսաստանը կընդլայնի իր ուժերի տեղակայումը Այն Իսայի շրջանում, Թել Թամր գյուղի արևմտյան առանցքում, որ ալ Հասակիից հյուսիս-արևմուտք է, Ռաքայի նահանգի ուղղությամբ՝ արգելակելու Թուրքիայի գործողության սահմանների ընդլայնումը Եփրատից արևելք (որ արվեց):


Ինչպես ԱՄՆ-ի սպառնալիքները, ռուսական սպառնալիքները ևս Թուրքիային ստիպեցին նահանջել: Դիմակայելու համար սպառնալիքների, շանտաժի ու պատժամիջոցների քաղաքականությանը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի կողմից, անհրաժեշտ է ունենալ գիտելիքներ ու տեխնոլոգիաներ: Հակառակ դեպքում մենք դատապարտված ենք պարտության: Եթե դուք չունեք գիտելիքներ ու տեխնոլոգիաներ, եթե դուք չեք կարող տեխնոլոգիաներ արտադրել, դուք ի վիճակի չեք սպառնալիքների քաղաքականությանը համարժեք պատասխանել: Ահա ինչ ենք մենք տեսնում Սիրիայում: Դա ակնհայտ կլինի և հետքայլից, որ մենք կանենք ՆԱՏՕ-ի վերջին ճգնաժամի պատճառով:
Ջահիտ Արմաղան Դիլեկ, Yeni Çağ (Թուրքիա)


Հ.Գ.
Տարօրինակ հրապարակում է, չէ՞: Նախ՝ ո՞վ է ներշնչել Էրդողանին ու թուրքերին, որ իրենք տարածաշրջանում իրենց ազդեցությունն ու տարածքները ընդլայնելու իրավունք ունեն: Ի՟նչ գործ ունեն թուրքերը Սիրիայում, որ ռուսներին էլ մեղադրում են, թե իրենց սպառնում են, որ թույլ չեն տա Սիրիայում ավելի շատ տարածքներ զավթել: Կարծես ինքնախոստովանական ցուցմունք լինի, որ ահաբեկչական կազմակերպությունները կամ ոչպետական զինված կառույցները դարձել են միջազգային հարաբերությունների նոր մասնակիցներ: Ահաբեկչությունը դարձել է պետությունների արտաքին քաղաքականության գործիք: Լայն տարածում են գտել հատուկ նշանակության ուժերի գաղտնի գործողությունները: Պետությունների միջև հարաբերություններում վճռորոշ նշանակություն են ստացել ղեկավարների փոխհարաբերությունները: Որ շատ պետությունների ղեկավարներ գործիմաց չեն և իրենց անձնական դիրքը գերագնահատում են, հաճախ հանգեցրել ու հանգեցնում է միջազգային հարաբերություններում փակուղու ու քաոսի: Մյուս կողմից՝ պետությունները սկսել են բացահայտ սպառնալ և շանտաժ կիրառել իրենց սեփական քաղաքականությունը պարտադրելու համար, որ նույնպես սովորական է դարձել: Թեև այս քաղաքականությունը վերագրվում է այլ պետությունների, բուն Թուրքիայի տասնամյակների քաղաքականությունն է հեռու ու մոտ հարևանների նկատմամբ:


Տարօրինակն այն է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում չկատարել ոչ մի պարտավորություն, բայց պահանջում է, որ կատարեն իրեն տրված խոստումները: Ինչու՟ Անկարան Իդլիբը չմաքրեց ջիհադականներից, որ պարտավորվել էր Աստանայի Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով բանակցություններում, ինչու՟ է համոզված, որ ինքն իրավունք ունի ապահովել իր անվտանգությունը, ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն իրավունք չունեն ապահովել իրենց զենքերի գաղտնիության պահպանումը՝ ռուսական փաստացի հետախույզ ռադարներից: Կամ՝ ՆԱՏՕ-ի հարցում նահանջի՟ դրսևորում է, որ Էրդողանը Մակրոնին անվանում է անուղեղ: Թուրքիային միշտ պակասել է և պակասելու է հայելին՝ տեսնելու իր գործողությունները, հետո գնահատելու այլոց: Եվ բնավ էլ նշված կետերով չեն ավարտվում ռուս-թուրքական հակասությունները: Պարզապես դրանք այն ակնհայտ կետերն են, որոնց մասին լռելն արդեն անիմաստ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao