Ճգնաժա՞մ, թե՞ իշխանության թավշյա փոխանցում
03.12.2019 | 02:06
Ադրբեջանի իշխող կուսակցությունը սկսել է իշխանության թավշյա փոխանցման գործընթացը։ Փորձագետների մի մասը սա անվանում է իշխանության ճգնաժամի հետևանք‚ մյուս մասն էլ՝ իշխանափոխություն վերևից։ Բոլոր աղբյուրները գրեթե վստահ են‚ որ իշխանությունը փոխանցվելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի կնոջը` համատեղությամբ նաև Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից գործող խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունը զարմացրել է շատերին։ Ադրբեջանում սուր պայքար էր սկսվել Իլհամ Ալիևի‚ նրա կնոջ և նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի միջև։ Վերջինս Ադրբեջանի ամենաազդեցիկ պաշտոնյան էր‚ ու հենց նա էր իրականում ղեկավարում երկիրը‚ ընդունում կարևոր որոշումները։ Ներքին քաղաքականությունն ու բոլոր հարցերը լուծվել են Մեհտիևի կողմից՝ Ալիևին թողնելով միայն արտաքին քաղաքականության ոլորտը։
Ադրբեջանի իշխանական համակարգում ընթանում էր կլանային պայքար՝ Փաշաևների և հայաստանյան ծագում ունեցող նախիջանյան կլանների միջև։ Այս պայքարն ավարտվեց Ռամիզ Մեհտիևին պաշտոնանկ անելով։
Հասկանալի է‚ որ խորհրդարանի լուծարման որոշումը կայացրել է իշխող ընտանիքը‚ սակայն այն ձևականորեն ներկայացվել է կուսակցության անունից։
Իրականում Ադրբեջանի իշխանությունում առաջացել է ճգնաժամ‚ և վերջին իրադարձությունները երկարամյա կլանային պայքարի հետևանք են։ Սա սովորական գործընթաց է բոլոր այն երկրներում‚ որտեղ չկան ժողովրդավարության ավանդույթներ‚ ազատ ընտրություններ‚ ինչի արդյունքում իշխանությունը երկար ժամանակ չի փոխվում։ Ըստ ամենայնի‚ հետագայում նույնպես Ադրբեջանի կյանքում ոչինչ չի փոխվի‚ պարզապես հին դեմքերին կփոխարինեն նորերը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Մեհրիբան Ալիևան հենց դրանով էլ զբաղվել է՝ նախապատրաստելով իր կադրային բանկը։ Ադրբեջանում տեղի ունեցողն ընդամենը էլիտաների փոփոխություն է։ Այս համատեքստում հատկանշական է Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստան և հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կանխատեսել ադրբեջանյան զարգացումները դժվար չէ. կանցկացվեն խստորեն վերահսկվող հերթական ընտրությունները, խորհրդարան կանցնեն միայն այն թեկնածուները‚ որոնք իշխանության կողմից հավանության կարժանանան‚ այդ թվում` ձեռնասուն ընդդիմությունը։ Իրական ընդդիմությունը հասկանում է սա‚ ուստի պահանջում է բոյկոտել ընտրությունները։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ