Ի՞նչ առարկայական բանակցությունների մասին է խոսքը

Ի՞նչ առարկայական բանակցությունների մասին է խոսքը
03.12.2019 | 22:31

Այսօր Ադրբեջանի արտգործնախարարը բավական ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «ՀՀ արտգործնախարարը մտադիր է վաղը անվտանգության հարց բարձրացնել և այդ հարցով առարկայական բանակցություններ կսկսվեն։ Ի՞նչ է անվտանգությունը Հայաստանի պատկերացմամբ, և ի՞նչ է այն՝ մեր պատկերացմամբ: Կա գիտակցում այն բանի, որ զորքերը պետք է վերադառնան զորանոցներ»,-նշել է Մամեդյարովը` հավելելով, որ անվտանգությունը կարևոր է նաև «Ղարաբաղի ադրբեջանական բնակչության համար»:

Այս հայատարարությունը հնչում է Մամեդյարով-Մնացականյան վաղվա Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հանդիպումից մեկ օր առաջ՝ ՌԴ-ի քթի տակ։ Բավական դիպուկ է Ադրբեջանի նախարարն ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումներն անվտանգության առումով տարբեր են։ Իսկ դա ի՞նչ է ենթադրում, որ Փաշինյանի հայտնի «կոնցեպտը», թե հակամարտության լուծումը պիտի երեք կողմերի ժողովուրդներին գոհացնի, իրականում միֆ է, քանի որ անգամ անվտանգության առումով հակառակորդն ուղիղ տեքստով ասում է, որ իրենց և մեր պատկերացումները լիովին այլ են։ Մամեդյարով նաև առարկայական բանակցությունների մասին է խոսում, ի՞նչ է սա նշանակում։ Ինչու՞ ենք մենք կրկին Ադրբեջանի պաշտոնյայից տեղեկանում, թե քննարկման նյութը որն է լինելու, իսկ այս իշխանությունը չէ՞ր, որ հանրությունից ոչ մի գաղտնիք չուներ։ Իսկ եթե այս ամենին էլ ավելացնենք Լավրովի այն միտքը, թե կա գիտակցում, որ փոխզիջումների հասնելու տարբերակներ գոյություն ունեն, պատկերն առավել ամբողջական է դառնում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao