Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները դեմ կքվեարկեն հրաժարականի դեպքում ՍԴ անդամներին թոշակ տրամադրելու առաջարկին

ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները դեմ կքվեարկեն հրաժարականի դեպքում ՍԴ անդամներին թոշակ տրամադրելու առաջարկին
03.12.2019 | 23:16

ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները դեմ կքվեարկեն հրաժարականի դեպքում ՍԴ անդամներին աշխատավարձին ու հավելավճարներին համարժեք թոշակ տրամադրելու՝ կառավարության առաջարկին։ Նախագիծն ԱԺ հերթական նիստերի օրակարգում է, նախատեսվում էր, որ այսօր կքննարկվի, բայց հարցին կանդրադառնան հինգշաբթի, պատճառը տեխնիկական սրբագրման աշխատանքներն են:


ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իշխանության առաջարկն աբսուրդ որակեց։ Կատարողներն էլ, ինչպես ձևակերպեց, պետք է մտածեն, որ հետո պատասխան են տալու։ «Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, չգիտեմ, ասենք թե, լճացման համար, այլ առաջարկում են, որ մենք ձեզ գումար կվճարենք, որ դուք չաշխատելով այդ գումարից կօգտվեք, համաձայնվեք, եթե չէ, այս ամսից հետո մենք դա չենք վճարելու։ Դա ով լսի, աբսուրդ է», - ասաց նա։
ԼՀԿ-ն ևս նախաձեռնությունը քննադատում է։ Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ստացվում է՝ հասարակության գրպանի հաշվին խրախուսվելու են այն դատավորները, որոնք մինչ այս քարկոծվում էին վստահություն չունենալու համար։ «Այս գործընթացով, ես չեմ հասկանում, թե ինչ է ուզում իշխանությունն ասել։ Ուզում է ասի՝ եկեք, տեսեք, վերջին քայլն էլ արեցի, ասացի՝ եկեք, ձեզ փող տամ, գնա, այ որ չեք գնում, ես դրանից հետո այլ քայլերի կդիմեմ, է մինչև հիմա դիմեիք, եթե դա իրավական պետության տրամաբանության մեջ տեղավորվում է։ Ի՞նչ կարիք կա հարկատուի հաշվին լավություն անել և մարդուն անաշխատ եկամուտով երաշխավորել երիտասարդությունը կամ հետագա ամբողջ կյանքը», - նկատեց պատգամավորը։


Չնայած ընդդիմադիրների հայտարարություններին, «Իմ քայլից» Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարծում է՝ Սահմանադրությանը համապատասխան իրականացվող ցանկացած գործընթացի մեջ արժե մտնել։
«Կամավոր վաղ կենսաթոշակի ինստիտուտի մասին է խոսքը, և դատավորներն իրենք պետք է ընտրեն՝ իրենք ընդունում են այդ կանոնակարգումները, թե ոչ, առաջնորդվում են դրանով, թե ոչ, արժե, չարժե, սա գնահատականի հարց է, բայց մենք հետևյալ հարցին պետք է պատասխան տանք՝ արժե պահպանել այս լարված իրավիճակը ՍԴ-ի շուրջ, որովհետև մենք ի վերջո փորձ ենք կատարում կյանքի կոչել սահմանադրական այն կանոնակարգումները, որոնք նախատեսված էին 2015թ. Սահմանադրության փոփոխություններով, և այս ճանապարհին, իմ կարծիքով, մենք պետք է հնարավորինս պրոակտիվ լինենք, այսինքն՝ կարելի է հայտարարել, որ ճգնաժամ չկա և դրանով սահմանափակել, բայց դրանով ճգնաժամը չի վերանում, առնվազն մենք պետք է արձանագրենք, որ դատավորներից մեկը չի մասնակցում նիստերին, պետք է արձանագրենք, որ Սահմանադրական դատարանում փոխնախագահ այսքան ժամանակահատվածում չի ընտրվել, պետք է արձանագրենք, ճիշտ է՝ Սահմանադրական դատարանի դատավորները սրա մասին չեն խոսում, բայց նաև այն դատավորները, որոնք այսօր պաշտոնավարում են, ըստ էության զրկված են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց սահմանադրական իրավունքից, ըստ էության։ Այս կարգի հարցեր կան, որոնք վկայում են նրա մասին, որ մենք ունենք խնդիր Սահմանադրական դատարանում», - բացատրեց Պետաիրավական հանձնաժողովի նախագահը։


Նախագիծը վերաբերում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ 7 դատավորներին, նրանցից ոչ մեկը մինչ այս պահը հրապարակային հայտարարություն չի արել, թե պատրաստ է հրաժարական ներկայացնել ու վաղ կենսաթոշակի գնալ:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ