Էմանուել Մակրոն. Դա լուրջ չէ մեր զինվորների նկատմամբ, լուրջ չէ մեր ժողովուրդների նկատմամբ

Էմանուել Մակրոն. Դա լուրջ չէ մեր զինվորների նկատմամբ, լուրջ չէ մեր ժողովուրդների նկատմամբ
05.12.2019 | 11:13

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները, Լոնդոնի սամիթում մի լավ կռվելուց հետո, հավարտ հայտարարեցին, որ ալյանսը միասնական է և արդեն կարգավորել է կոնֆլիկտները: «Այսօր մենք պայմանավորվեցինք հաստատել Բալթյան երկրների ու Լեհաստանի վերաբերյալ նորացված ծրագիրը,- սամիթից հետո հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: - Ես ողջունում եմ այդ որոշումը, որը վկայում է՝ մենք կարող ենք առաջ շարժվել, նորացնել ու վերանայել մեր դիրքերը, ներառյալ Բալթյան երկրների ու Լեհաստանի պաշտպանության ծրագիրը»: Սամիթից առաջ Թուրքիան սպառնում էր արգելափակել այդ ծրագրի ընդունումը, որովհետև ԱՄՆ-ը և մյուս դաշնակիցները հրաժարվում են ահաբեկիչներ ու ալյանսի թշնամիները ընդունել քրդերի ինքնապաշտպանության ջոկատներին Սիրիայում: Անկարան նրանց համարում է ահաբեկիչներ, բայց ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի համար նրանք ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի գլխավոր դաշնակիցներն են եղել: Բալթյան երկրներում ու Լեհաստանում ՆԱՏՕ-ի ծրագրերի դեպքում կար տեխնիկական հարց՝ ռազմական միջոցառումների ցանկի նորացում, քանի դեռ նորը չի հաստատվել, գործում է հինը: Այնուհանդերձ՝ այդ վեճն ուներ քաղաքական մեծ նշանակություն, և Յենս Ստոլտենբերգը ասաց, որ հարցի լուծումը ցույց է տալիս ալյանսի միասնականությունը:


Լոնդոնի մերձակա Ուոտֆորդ քաղաքում ՆԱՏՕ-ի 70-ամյակին նվիրված երկօրյա սամիթում ալյանսի երկրների ղեկավարները, հատկապես ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները, հրապարակավ ու հուզական վիճում էին Սիրիայում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, ալյանսի ռազմավարական նպատակների, եվրոպական երկրներում ռազմական հատկացումների մեծացման: Քաղաքական վեճերը, մասամբ ստվերում են փաստը, որի մասին խոսում են ալյանսի քաղաքական ու ռազմական շատ գործիչներ՝ ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան, չնայած բանավեճերին ու Թրամփի անսպասելի թվիթներին, շարունակում է անխափան գործել ու զարգանալ՝ այդ թվում՝ ամրապնդել արևելյան ճակատը: «Գիտեք, ես քաղաքական գործիչ եմ ու ես ընտելացել եմ, որ ինձ քննադատում են գեղեցիկ խոսքերի համար՝ բովանդակության բացակայությամբ: ՆԱՏՕ-ում ամեն ինչ հակառակն է,-նախօրեին լրագրողներին ասել էր Յենս Ստոլտենբերգը: -Մենք արտաքին վատ ախտանիշներ ունենք, փոխարենը՝ շատ լավ բովանդակություն: Ու դա հրաշալի է»:


Էմանուել Մակրոնը, որ մեծ աղմուկ էր հարուցել ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին իր գնահատականով, Economist ամսագրին հարցազրույցում նոյեմբերի սկզբին, սամիթում շարունակեց զարգացնել այդ թեման: Ֆրանսիայի նախագահը հարցազրույցում ասել էր, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները պետք է վերաիմաստավորեն ալյանսի դերը, «վերադարձնեն ռազմական ինքնիշխանությունը», նաև, ամուր մնալով Ուկրաինայի հարցում, վերականգնեն ռազմավարական երկխոսությունը Ռուսաստանի հետ: Մակրոնին շատ են անհանգստացնում Թուրքիայի՝ դաշնակիցների հետ չհամաձայնեցված գործողությունները Սիրիայում, և այդ մասին նա խոսեց սամիթում: «Ցավոք, մենք չունենք ահաբեկչության միասնական բնորոշում: Ես նայում եմ Թուրքիային՝ հիմա նրանք կռվում են նրանց հետ, որ մեզ հետ ուս-ուսի կռվում էր ԻՊ-ի դեմ: Որոշ դեպքերում նրանք համագործակցում են նրանց հետ, որ կապված են ԻՊ-ին: Ու դա ռազմավարական հարց է: Եթե մենք պիտի քննարկենք միայն, թե որքան ենք վճարում, հստակ պատկերացումներ չունենալով իրավիճակի մասին, դա լուրջ չէ: Լուրջ չէ մեր զինվորների նկատմամբ, լուրջ չէ մեր ժողովուրդների նկատմամբ»՝ ասել է Մակրոնը լրագրողներին: Թուրքերը ԻՊ-ի հետ համագործակցության մեղադրանքը զայրույթով մերժում են:


Դոնալդ Թրամփն ասել է, որ ծայրահեղ անքաղաքավարի է խոսել ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: «Նողկալի հայտարարություն է 28 երկրների նկատմամբ՝ ներառյալ իրենք իրենց»՝ ասել է ԱՄՆ նախագահը ու առանց դադարի շարունակել, որ Ֆրանսիայում մեծ է գործազրկությունը, որ Ֆրանսիան ուզում է հարկեր սահմանել ամերիկյան ինտերնետ ընկերությունների դեմ, իսկ ինքը ուզում է մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա: Ռազմական ինքնիշխանության մասին Մակրոնի խոսքերը քննադատել էին եվրոպացիները, այդ թվում՝ Գերմանիայում: Նրանք հայտարարում են, որ ՆԱՏՕ-ն եղել է ու լինելու է եվրոպական անվտանգության հիմքը:


Դոնալդ Թրամփն առանձնազրույց ունեցավ Էրդողանի հետ: Բովանդակության ու արդյունքների մասին նրանք ոչինչ չպատմեցին, բացի՝ «կառուցողական մթնոլորտից»: Ավանդական լուսանկարում Էրդողանը կանգնեց կենտրոնում՝ Թրամփի կողքին:
ՆԱՏՕ-ի ղեկավարների պաշտոնական ու ոչ պաշտոնական բոլոր հավաքներում վերջին 3 տարիներին, Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո, սուր դրվում է ռազմական հատկացումների հարցը: ԱՄՆ նախագահը անընդհատ կրկնում է, որ եվրոպացիները քիչ են վճարում իրենց անվտանգության ապահովման համար՝ հույսները դնելով ԱՄՆ-ի ու նրա հսկայական ռազմական բյուջեի հետ: Այս սամիթում հույզերը մի քիչ հանդարտվեցին:

Լոնդոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զեկուցեց, որ այս տարվա արդյունքներով ալյանսի 8 երկրներ, ԱՄՆ-ից բացի, կհասնեն ՀՆԱ-ի ռազմական ծախսերի 2%-ին, իսկ եվրոպական բոլոր երկրների ու Կանադայի հատկացումները վերջին 3 տարիներին 130 միլիարդ դոլար են կազմել տարեկան: Սամիթի ժամանակ Դոնալդ Թրամփը իր թվիթում քիչ-շատ կոռեկտ վերապատմեց Ստոլտեբերգի այդ հաղորդում և հայտարարեց, որ դա մեծ առաջընթաց է: ՆԱՏՕ-ի երկրները դեռ 2014-ին, Ղրիմի անեքսիայից հետո ու Թրամփի ընտրությունից առաջ, միմյանց խոստացել էին հաջորդ 10 տարում ձգտել ռազմական ծախսերը հասցնելու ՀՆԱ-ի 2%-ին: Բայց 29 երկրների մեծ մասը ռազմական հատկացումներն այնքան դանդաղ է մեծացնում, որ հիմա համարյա հաստատ կարելի է ասել՝ 2024-ին նրանք այդ նպատակին չեն հասնի, եթե արտառոց ոչինչ չլինի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է անում նախևառաջ որոշարկել իմաստն ու նպատակները, հետո քննարկել՝ որքան պետք է ծախսել այդ նպատակների համար: Մակրոնը սամիթում այդ մասին էր խոսում:
Ֆրանսիան համարյա կատարում է 2014-ին ստանձնած պարտավորությունը՝ բանակի վրա ծախսելով ՀՆԱ-ի 1,84%-ը: Իսպանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը 1 տոկոսի էլ չեն հասցնում:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ Էրդողանը նորից «գցեց» Պուտինին՝ Թրամփի հետ հանդիպումից հետո, իսկ Մակրոնը պնդել ու պնդում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտությունը իր բոլոր հանդիպումներում ու ելույթում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao