Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամրամ Մակինյան. Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Ամրամ Մակինյան. Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում
05.12.2019 | 12:42

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, նախքան մեղադրանքի հիմնավորվածության մասին խոսելը, ներկայացրեց մի քանի փաստ: Ըստ նրա, անցած ուրբաթ Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանին որպես վկա հարցաքննության կանչելու ծանուցագիր էր ուղարկել՝ այսօր ժամը 13։30-ին ներկայանալու համար: «Շատ հստակ նշվել է անձի դատավարական կարգավիճակը, որը պայմանավորված է նրանով, որ օրենսդիրը պարտադրում է քննիչին անձին հարցաքննության կանչելուց առաջ ֆիքսել դատավարական կարգավիճակը»,- ասաց Մակինյանը: Փաստաբանի խոսքով, երբ Սերժ Սարգսյանը ներկայացել է հարցաքննության, քննիչն այդ ժամանակ տեղեկացրել է, որ կասկածանքի շուրջ է հարցաքննվելու:

«Երբ այդ փաստը մեզ հայտնեցին, շատ լուրջ իրավական խնդիր առաջացավ: Քանի որ Սերժ Սարգսյանին հարցեր պիտի ուղղվեին իր պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնական դիրքի բերումով կատարված որոշակի գործողությունների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության 2005 և 2015 թվականի փոփոխությունները ՀՀ նախագահին օժտում են անձեռնմխելիությամբ: Այդ իրավիճակում վարույթ իրականացնող մարմնի մոտ պետք է հարց առաջանար՝ հաղթահարվե՞լ է նախագահի անձեռնմխելիությունը, թե ոչ»,- ասաց փաստաբանը:


Նրա խոսքով՝ իրենք նույն պահին համապատասխան առարկություն են ներկայացրել, որ նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն դա ոչինչ չի փոխել վարույթն իրականացնող մարմնի գործողություններում և շարունակվել է հարցաքննությունը կասկածյալի կարգավիճակում:


Ամրամ Մակինյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում։
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:


Փաստաբանի խոսքով՝ հարցաքննությունն ավարտվելուց հետո կատարվեց առերես հարցաքննություն այս քրեական գործով անցնող և մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձի հետ: Առերեսումն ավարտվեց ժամը 16:10-ին:
«Դուրս եկավ անձը, մեզ խնդրեցին սպասել: Ժամը 16:12 րոպեին քննիչը սեղանից շրջեց փաստաթղթեր, որոնք վերնագրված էին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում: Սա առնվազն կախարդանք կարող է լինել այն իմաստով, որ 6 թերթից կազմված որոշումը քննիչը կարող էր իմ, իմ գործընկերոջ և պարոն նախագահի ներկայությամբ 2 րոպեում կազմել, տպել և ներկայացնել: Քրեական դատավարության մասին օրենսգիրքն ասում է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը բավարար ապացույցների համակցությունն է: Սա ուղիղ ցույց է տալիս, որ պարոն Սարգսյանի հարցաքննությունը, առերեսումը վարույթն իրականացնող մարմնի համար կոպեկի արժեք ի սկզբանե չուներ: Որոշումն արդեն ընդունված էր: Մենք համոզմունք ունենք, որ որոշումը չէր ընդունվել ՀՔԾ շենքում: Այս որոշումն արդեն ընդունված, կայացրած և ձեւակերպված էր»,- ասաց փաստաբանը: Նա նաև հավելեց, որ իրենց առարկությունները ու դիտողություններն արձանագրել են ՀՔԾ-ում, և պատրաստվում են շատ կարճ ժամկետում նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը չհաղթահարելու պայմաններում որպես մեղադրյալ ներգրավելու խափանման միջոց կիրառելու փաստը բողոքարկել գլխավոր դատախազին և պահանջելու են, որ անհիմն որոշումը վերացնեն:


«Այս պայմաններում խոսել մեղադրանքի օրինականության մասին, մեղադրանքի հիմնավորվածության մասին, ակնհայտ է անգամ այն մարդկանց համար, որոնք քրեադատավարական պրոցեսներին երբևէ մասնակից չեն եղել կամ որոշակի տեղեկություններ չունեն, թե ինչպես են ընթանում այս քրեադատավարական պրոցեսները, միայն այսքանը բավարար է գնահատելու, որ պարոն Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»,- ասաց փաստաբանը:


Ամրամ Մակինյանը նշեց, որ առերեսում եղել է մեկ անձի հետ, և այդ անձի մոտ այնպիսի ջղաձիգ և շփոթված վիճակ էր, որ անգամ Ա4 ֆորմատի թղթի վրա ստորագրելու ժամանակ մեծ լարում էր պահանջվում, որ ճիշտ տեղում ստորագրի:
«Այդ անձի հուզական վիճակն ինձ մոտ բավականին հարցեր է առաջացրել. ինչո՞ւ է անձն այդ աստիճան հուզված և լարված: Ես այս հարցերի պատասխանը գտնելու համար օրենքով սահմանված և չարգելված իմ գործառույթներն ամբողջ ծավալով իրականացնելու եմ»,- նշեց Մակինյանը:


Լրագրողի դիտարկմանը, որ նախքան լուրը կտարածվեր, որ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրաված է, սոցիալական ցանցերում արդեն պտտվում էր գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի լուսանկարը, և տեղեկություն տարածվեց, որ նախկին նախարարն իրեն փրկելու համար է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվել և հարցին, թե արդյո՞ք անձը, ում հետ առերեսում է տեղի ունեցել, Սերգո Կարապետյանն է, փաստաբանը պատասխանեց.


«Ես չեմ հաստատի Ձեր հարցը, բայց նախաքննության գաղտնիքից ելնելով չեմ կարող այդ անձի անուն ազգանունը եթերում հնչեցնել: Ես չեմ ցանկանում Ձեր հարցին պատասխանել, սակայն կա մի բայց. անկախ նրանից թե ով ում հետ է առերեսվում, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներ են, եթե անձի ցուցմունքներն արժանահավատ են, եթե անձը գտնում է, որ ինքը ճիշտ ցուցմունք է տալիս, չեմ կարծում, որ անձի մոտ այդպիսի լարվածություն առաջանար, այդպիսի ջղային շարժումներ և շփոթվածություն»:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ