«Ռեալը» կրկնեց «Բարսելոնին»
17.12.2019 | 02:01
ԵՎ սա էլ կլասիկոյից առաջ։ Մինչդեռ, եթե «արքայականն» արտագնայում հաղթեր «Վալենսիային», դուրս կգար առաջին հորիզոնական՝ ստանձնելով միանձնյա առաջատարի դերը։ Փաստորեն բունդեսլիգայինն էր միակ առաջնությունը, որտեղ եղավ առաջատարի փոփոխություն։ Սակայն երևի թե եվրոպական ֆուտբոլային գերտերությունների համար այս փոփոխությունն էլ չէր ոչ թե կարևորը, այլ բնութագրականը, քանզի պարզապես աչք ու ականջ ծակող էր դրանցում ոչ-ոքիների անսովոր առատությունը։
ԱՆԳԼԻԱ
Տևական ժամանակ պրեմիեր լիգայի օրակարգում էր, թե անպարտելի հանդիպումների շարքով «Լիվերպուլի» հետ մրցակցող ու միավորներով նրան ամենամոտ գտնվող «Լեստերը» վերջապես երբ է տեղի տալու։ Դա եղավ 17-րդ տուրում, ու թեպետ կորուստն ամբողջական չէ՝ երեք միավորի մակարդակով, այդուհանդերձ կորուստ է։ Այդ տհաճությունը նրան պատճառել է աղյուսակի վտանգավոր գոտում «բնավորված» «Նորվիչը», ու հետաքրքրական է, որ տանտերերն են եղել պարտությունից խուսափողը՝ 1:1։ 39 միավոր ունեցող «Լեստերն» այժմ ամբողջ տասը նիշով է հետ մնում «ՈՒոթֆորդին» հյուրընկալած ու պարտության մատնած (2։0) «Լիվերպուլից»։
Այստեղ, թերևս, ավելորդ չհամարենք մի հղման հիշատակում՝ հիմք ունենալով բրիտանական Daily Mail-ը. «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» հետ մրցակցության մասին ու ի մասնավորի ասել. «Ես նրանց մասին չեմ մտածում: Կլոպի թիմը շատ է առաջ անցել մեզանից: Նախ պետք է հասնել «Լեստերին», ապա կմտածենք «Լիվերպուլի» մասին: Չեմպիոնական մրցավազքը չի ավարտվել: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք մենք մասնակցում ենք դրան»:
Գվարդիոլայի ասած այս մասնակցել-չմասնակցելը, բնականաբար, ուղիղ իմաստով չպիտի հասկանալ։ Իհարկե «քաղաքաբնակները» պայքարի մեջ են՝ դրա ծանրության կենտրոնը հարկավ Չեմպիոնների լիգա տեղաշարժած, որտեղ նախորդ մրցաշրջանի թողած ծանր հետքը ջնջելու խնդիր կա (հիշեցնենք, որ անցած տարվա գլխավոր եզրափակչում Գվարդիոլայի սաները «Լիվերպուլին» են տանուլ տվել)։ Եթե Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկությունում հաղթի «Մանչեստր Սիթին» ու երկրի առաջնությունում էլ փոխչեմպիոնության հասնի, բնականաբար տարին Գվարդիոլայի ու նրա սաների համար նույնքան հիշարժան կլինի, որքան 2018-2019-ը։
Սակայն այսպես մենք կարծես թե շատ ենք առաջ ընկնում, մանավանդ որ ներքին առաջնությունում ունենալիք լիքը հանդիպումներ կան, իսկ Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան փուլն էլ մեկնարկելու երկու ամիս ունի։ Այնպես որ օրախնդիրը մնում է երկրի առաջնությունը, այդ առաջնությունում տուրի շրջանակներում կայացած «Արսենալ»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը, որտեղ հյուրերը հույսի նշույլ իսկ չթողեցին տանտերերին՝ վստահ հաղթելով 3։0 հաշվով։ «Քաղաքացիները» ունեն 35 միավոր, ինչը չորսով է պակաս «Լեստերի» ունեցածից, իսկ «Լիվերպուլից հետ մնալն արդեն թվային անպարկեշտ արտահայտություն ունի՝ 14։ Հանուն հետաքրքրության նշենք, որ հաջորդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի սաները հյուրընկալելու են «Լեստերին»։ Այս մրցավեճը մեկ այլ առումով էլ է առանձնահատուկ նշանակություն ստանում. բանն այն է, որ Բեռնարդ Ռոջերսը Գվարդիոլայի հեռանալու դեպքում դիտվում է «Մանչեստր Սիթիի» հաջորդ գլխավոր մարզիչ։
Տհաճություններից շարունակում է աչք չբացել «Չելսին». «ազնվականները» վերջին հինգ խաղում կրեցին չորրորդ պարտությունը։ Այս անգամ նրանց վշտացնողը հյուր ժամանած «Բոռնմուտն» էր՝ 1։0, սակայն նախկին միավորների պաշարը՝ 29, «Չելսիին» դեռևս շարունակում է վստահորեն պահել չորրորդ հորիզոնականում։
«Մանչեստր Յունայթեդ»-«Էվերտոն» դիմակայությունն այդպես էլ ի հայտ չբերեց հաղթողին (1։1), թեպետ պիտի փաստենք, որ ողջ խաղի ընթացքում պարտվող կողմը եղել են տանտերերը։ Այս ոչ-ոքին «մանկունյանցիներին» դուրս մղեց առաջին հնգյակից, որտեղ նրանց եկավ փոխարինելու բոլորովին վերջերս Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Տոտենհեմը» (26 միավոր), և որը հաղթանակը «Վուլվերհեմպտոնից» կորզել է ի հաշիվ հավելյալ ժամանակում խփած գոլի՝ 2։1։
ԳԵՐՄԱՆԻԱ
Մյուսների համեմատ ավելի ուշ հանդիպում անցկացրած Մյոնխենգլադբախի «Բորուսիան» խնդիր ուներ ապացուցելու՝ շարունակու՞մ է մնալ առաջատարի դերում, թե՞ արդեն իսկ սպառել է այնտեղ մնալու ժամանակը, ու այս ամենը որոշողը լինելու էին սեփական հարկի տակ հանդես եկող «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները։ Ասենք, որ երկու անգամ էլ հաշվի մեջ առաջ անցնողը եղել են գերմանական «գայլերը», որոնք միայն մեկ անգամ են հյուրերին հաշիվը հավասարեցնելու հնարավորություն տվել։ Հավելյալ ժամանակում խփած հավելյալ գոլն ավելի է բարձրացնում «Վոլֆսբուրգի» հաղթանակի գինն ու շեշտադրում թիմի մարտական որակները, մինչև վերջ պայքարելու ունակությունը։ Արդյունքում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մնաց 31 միավորով, իսկ նախօրեին մրցելույթ ունեցած «Լայպցիգը» (հյուր էր գնացել «Ֆորտունային»), այս անգամ էլ չշեղվելով հաղթական գրաֆիկից՝ երեք անպատասխան գնդակի առավելությամբ տոնեց հերթական հաղթանակն ու 33 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Տպավորիչ մրցելույթ ունեցավ Դորտմունդի «Բորուսիան» ու, ինչպես «Լայպցիգի» պարագայում էր, նույնպես արտագնայում։ Մրցակիցը սեփական դարպասից գնդակը չորս անգամ հանած «Մայնցն» էր։ Դորտմունդցիները 29 միավորով եզրափակում են առաջին եռյակը։
«Այնտրախտի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը «Շալկեին» հանեց չորրորդ հորիզոնական. նրանք դորտմունդցիներից հետ են ընդամենը մեկ նիշով։ Նմանատիպ հաշիվ է գրանցվել նաև «Հերտա»-«Ֆրայբուրգ» դիմակայությունում, ինչը վերջինիս հնարավորություն չի տվել վեցյակի շրջանակում մնալու առաջատար դիրքերում, սակայն նրանից էլ դուրս չի թողել։ Ֆրայբուրգցիների անվան դիմաց 25 թիվն է։
Վերջին երկու տուրի բացահայտ ձախողումներից վիրավորված թե դաս առած՝ Մյունխենի ««Բավարիան» առանձնակի չարացած հանդիպում ունեցավ «Վերդերի» հետ՝ մրցակցի դարպասը խոցելով վեց անգամ ու միայն մեկ անգամ նույնը թույլ տալով հյուրերին։ Հեթ տրիկի հեղինակ է դարձել Կոուտինիոն, դուբլով աչքի է ընկել Ռոբերտ Լևանդովսկին, որը 15 խաղում արդեն 18 անգամ է գրավել մրցակցի դարպասը։ Մյունխենցիները 27 միավորով հինգերորդ տեղում են։
ԻՏԱԼԻԱ
«Լացիոյից» նախորդ տուրում կրած պարտությունն այս անգամ հաղթանակով հակակշռեց «ՈՒդինեզեին» հյուրընկալած «Յուվենտուսը»՝ մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 3։1 հաշվով (դուբլ է հեղինակել Քրիշտիանու Ռոնալդուն), ինչը նրա համար ամրագրված կարող էր պահել սկուդետեի առաջին հորիզոնականը, եթե «Ֆիորենտինային» հյուր գնացած «Ինտերը» ձախողվեր։ Հուրախություն սեփական երկրպագուների, Անտոնիո Կոնտեի սաները դիմացան փորձությանը, սակայն դա բերեց ընդամենը մեկ միավոր, քանի որ «մանուշակագույնները» կարողացան հաշիվը հավասարեցնել ու խուսափել պարտությունից։ Միլանցիների այս ոչ-ոքիի արդյունքում սկուդետեում երկիշխանություն է 39-ական միավորով։
Տուրի առանցքային մրցավեճերից էր «Կալյարի»-«Լացիո» դիմակայությունը, քանզի հյուրերից չորս միավորով հետ մնալը հաղթանակի դեպքում տանտերերը կհասցնեին նվազագույնի ու շատ ավելի ամուր դիրքերից կներգրավվեին մեդալների համար պայքարին։ Ցավոք, այդ դիմակայության մասին մենք ինֆորմացիա չունենք, քանի որ հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան։
Վերը հիշատակված մրցավեճի տրամաբանությամբ ոչ պակաս սկզբունքային էր և 29 միավորով հինգերորդ հորիզոնականում գտնվող «Ռոմայի» առճակատումը ՍՊԱԼ-ի հետ։ Նկատենք, որ հյուրերը սկզբից ևեթ ատամ են ցույց տվել իտալական «գայլերին», որոնք իրավիճակը կարողացել են շտկել լոկ երկրորդ խաղակեսում։ «Գայլերի» երեք գոլերից մեկը բաժին է ընկնում մեր Հենրիխ Մխիթարյանին, ինչը հայ ֆուտբոլասերի համար առանձնապես հաճելի է։
Մրցաշարային աղյուսակում ունեցած դիրքերը էապես կարող էր բարելավել «Բոլոնիային» հյուր գնացած «Ատալանտան», սակայն այն շարունակում է ցույց տալ իր անկանխատեսելիությունը։ 2։1 հաշվով պարտությունը թիմին շարունակեց 28 միավորով ամրագրած «պահել» վեցերորդ հորիզոնականում։
ԻՍՊԱՆԻԱ
Ավանդույթի ուժով «Բարսելոնի» Սան Սեբաստիա ուղևորությունները ծանր են ստացվում, իսկ այս դեպքում՝ առավել ևս, եթե նկատի ունենանք տեղի «Ռեալ Սոսիեդադի» լավ մարզավիճակը։ Դիմակայությունն ունեցել է ոչ-ոքի ավարտ, կողմերը փոխանակել են երկուական գոլ, մրցավարը հանդիպման 12-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակել կատալոնյան ակումբի դարպասին ու հանդիպման հավելյալ ժամանակում, հօգուտ տանտերերի, նմանատիպ խախտման վրա աչք փակել։
Կհարցնեք՝ բա ու՞ր մնաց VAR համակարգը։ Այն կա և իր տեղում է։ Պարզապես գործի է դրվում այն դեպքում, երբ գլխավոր մրցավարը դրվագի առնչությամբ տարընկալումներ է ունենում։ Ասել է թե՝ խնդրո առնչությամբ ասողը նա է, իսկ այս դեպքում ասել է՝ չէ։ Եղածը նշանակում է, որ «արքայականի» հետ ունենալիք էլ կլասիկոյին «Բարսելոնը» կարող էր գնալ առաջատարությունը կորցրած, եթե «Վալենսիա»-«Ռեալ» դիմակայությունում «սերուցքայինը» հաղթեր տանտերերին։
Սակայն ինչպես վկայում է դիմակայությունում արձանագրված ոչ-ոքին (1։1), Զիդանի սաներին վիճակված չէր դա անել։ Ավելին, նրանք միայն հավելյալ ժամանակում են խուսափել պարտությունից, ու փրկության գոլը հեղինակել է Բենզեման, ում ճակատին կարծես գրված է իր մեծագույն հայրենակցին պարտություններից փրկելը։
Նախորդ տուրի ոչ-ոքիին «Սևիլիան» այս անգամ գումարեց պարտությունը՝ սեփական հարկի տակ անկարող լինելով դիմադրելու «Վիլիառեալի» գրոհներին՝ 1։2։ Եվ այսուհանդերձ, անդալուզցիները շարունակեցին մնալ երրորդ հորիզոնականում, ու դա շնորհիվ նախկինից եկող միավորների պաշարի։
Լա լիգայի չորրորդ հորիզոնականում է սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակի առավելությամբ «Վալիադոլիդին» պարտության մատնած «Խետաֆեն», որն ունի 30 միավոր ու մեկ նիշով է հետ «Սևիլիայից»։
Վերջին երեք հանդիպումում միավորներ կորցնելու տհաճ գործի մեջ խրված «Աթլետիկոն» վերջապես հաղթանակ տոնեց (մրցակիցն «Օսասունան» էր՝ 2։0) ու 29 միավորով վերադարձավ առաջին վեցյակ, սակայն վերջինս եզրափակելու պատիվը վերապահված է «Ռեալ Սոսիեդադին», որի անվան դիմաց 28 միավոր է։
ՖՐԱՆՍԻԱ
Հաղթանակների տևական շարքից հետո միավորների առաջին կորուստն ունեցավ «Մեցին» հյուր գնացած «Մարսելը»՝ բավարարվելով ոչ-ոքիով (1։1)։ Նկատենք, որ այդ արդյունքը ոչնչով չսպառնաց «հարավցիների» երկրորդ հորիզոնականին (35 միավոր), իսկ ավելի վերև նայելու համար, անկեղծ լինենք, «Մարսելը» բավարար ռեւսուրս չունի։
31 միավորով երրորդ տեղում է «Լիլը», որ հաղթական հանդիպում է անցկացրել «Մոնպելիեի» հետ՝ 2։1։ Նրանից ընդամենը մեկ նիշով է հետ արտագնայում նվազագույն հաշվով «Լիոնի» նկատմամբ առավելության հասած «Ռենը»։ Նկատենք, որ այն մի խաղ էլ պակաս է անցկացրել։
Ինչ վերաբերում է առաջատարին, «Պարի Սեն Ժերմենն» արտագնայում «Սենտ Էտիենին» չորս անգամ պարտադրել է գնդակը հանել սեփական դարպասից։ Ճիշտ է, տանտերերը տևական ժամանակ խաղացել են տասը հոգով, սակայն այսօր «մայրաքաղաքցիների հարձակման գիծն այնքան հզոր է, որ դրան դիմադրելը գրեթե անհնար է, մանավանդ ներքին առաջնությունում, որտեղ փարիզցիներին չկա հավասարազոր ուժ։ ՊՍԺ-ի անվան դիմաց 42 միավոր է։ Չմոռանանք հիշեցնել, որ այն դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ