Միջազգային տնտեսություն՝ 2020-ի 3 պատերազմները

Միջազգային տնտեսություն՝ 2020-ի 3 պատերազմները
09.01.2020 | 12:53

Համաշխարհային տնտեսության ապակայունացնող գործոնները 2020-ին թեժ պատերազմը Մերձավոր Արևելքում, սառը պատերազմը Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև, պայքարը կլիմայի փոփոխությունների դեմ՝ գրում է տնտեսական մեկնաբան Ֆիլիպ Էսկանդը Le Monde-ում:
Առաջին ու անհետաձգելի խնդիրը թեժ պատերազմն է: Դոնալդ Թրամփը հունվարի 2-ին որոշում ընդունեց սպանել Թեհրանի վարչակարգի գլխավոր առաջնորդներից մեկին և գիտակցաբար ստանձնեց ռեալ զինված կոնֆլիկտի ռիսկը: Ուժերի հավասարակշռությունը չի նպաստում մարտական գործողություններին, սակայն Իրանն ունի միջոցներ, որ քաոս սերմանի Պարսից ծոցի տարածաշրջանում՝ նավթային աշխարհի կենտրոնում: Առաջնագծում են հայտնվում Սաուդյան Արաբիան, Էմիրաթները կամ Կատարը, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները: Նավթի գինը չափավոր է արձագանքում, սակայն լուրջ կոնֆլիկտը կարող է արմատապես փոխել իրավիճակը: Առավելևս, որ Իրանը միակ ապակայունացնող գործոնը չէ: Հետայսու Թուրքիան է մասնակցում Լիբիայի ներքին կոնֆլիկտին: Օսմանյան ակտիվության պատճառը նորից նավթն է:


Երկրորդ չարիքը հերթական պատերազմն է, բայց՝ սառը: Այդ պատերազմը նույնպես հայտարարել է ԱՄՆ նախագահը, որ անհանգստացած է Չինաստանի հզորացմամբ ու նրա կործանարար ազդեցությամբ ԱՄՆ արդյունաբերության վրա: Ի պատասխան Ընդլուսնյա կայսրությունը գործարկել է իր արդյունաբերության մասշտաբային ազգայնացում, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Երկու տարում համակարգիչները, ինտեգրալ սխեմաներն ու չինական վարչական հաստատությունների ծրագրային ապահովումը դառնալու է լոկալ: Գլոբալացման 30 տարիներից հետո, որ Չինաստանին հանեց աղքատությունից, հիմա Պեկինն իրեն բավականին ուժեղ է զգում, որ արևմտյան տեխոնոլոգիաների կարիք չունենա: Միջազգային առևտրական հարաբերությունների վրա երկաթե վարագույր է իջնում: 2017-ից երկու երկրների ապրանքաշրջանառությունը 9% անկում է գրանցել, իսկ ուղիղ ներդրումները՝ 60%:


Երրորդ սպառնալիքը կապված է իրավիճակին, երբ մարդը սպառնում է ինքն իրեն: Հրդեհները, որ ամայացնում են Ավստրալիան, հիշեցում են՝ ինչպես է բնությունը վրեժ լուծում: Կլիմայի փոփոխությունը և ի հետևանս ցիկլոնները, հրդեհները, հեղեղները պետք է մարդկանց մղեն գլոբալ տաքացման դեմ համատեղ պայքարի: Սակայն այդ ամենը, հակառակը, բաժանում է մարդկանց: Գլոբալ անկարգության գագաթնակետին Եվրոպան, որ առաջատար համաշխարհային արտահանող է, իր հանձնաժողովի ձայնով խելահեղ խաղադրույք է դնում՝ կանխելու երեք սպառնալիքներն էլ: Բնապահպանական սահմանափակումները տնտեսական զարգացման լծակի ձևափոխելու և մնացած աշխարհին օրինակ ծառայելու փոխարեն, որ պատրաստ է տրվել մերժման ու մեկուսացման: Մնում է միայն հաջողություն մաղթել:
Ֆիլիպ Էսկանդ, Le Monde


Հ.Գ. Մեղմ ասած՝ երրորդ պատերազմում էլ Դոնալդ Թրամփը կա՝ նա դուրս է բերել ԱՄՆ-ը Կլիմայի Փարիզի համաձայնագրից: Փաստացի՝ տաք, սառը թե տաքության դեմ սառը պատերազմում ԱՄՆ-ը հակադրվում է ամբողջ աշխարհին: Համենայն դեպս՝ եվրոպացիների տեսակետից: Նաև՝ չինացիների, բայց աշխարհը սև ու սպիտակ չէ ու հնարավոր չէ միանշանակ մեղավոր ու անմեղ գտնել: Պարզապես 2020-ին ստացվել է այնպես, որ ԱՄՆ-ի ազգային շահերը հակադրվում են այլ երկրների շահերին: Հետևաբար կա՝ չորրորդ ու ամենամեծ մարտահրավերը՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, Եվրոպայի ու Ռուսաստանի փոխհարաբերությունների հետագա ընթացքը: Բայց այդ հարցի լուծումը կտրվի 2020-ի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, հետևաբար՝ թեժ իրավիճակ է մնալու և Մերձավոր Արևելքում, և սառը պատերազմը Չինաստանի ու ԱՄՆ –ի միջև է շարունակվելու: 2020-ը, ըստ էության, անցումային շրջան է աշխարհի համար, բայց դեռ հայտնի չէ՝ դեպի ուր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ