«Կարևորել ենք մանկական և մայրական մահացությունը կանխարգելելու խնդիրը»
10.01.2020 | 01:37
Մարալիկում արշալույսները խաղաղ չէին։ Նոր տարին նոր խնդիրներ առաջացրեց մարալիկցիների համար. բնակիչները պատրաստ են անգամ ճանապարհ փակելու, քանի որ փակվում է Մարալիկի ծննդատունը։ Վերջին օրերին լրատվամիջոցները մանրամասն անդրադարձել են խնդրին, սակայն մեզ հետաքրքրեց առողջապահության նախարարի դիրքորոշումը։ Մարալիկի ծննդատան աշխատակիցները փաստում են, որ տարեկան 100-ից ավելի ծնունդ են ընդունում։ Ծննդատան փակվելուց հետո ծննդկանը պետք է 30 կմ ճանապարհ կտրի, իսկ եթե ճանապարհին ծննդկանի մոտ խնդիրներ առաջանան, ի՞նչ են անելու, ի՞նչ հաշվարկներից ելնելով է նախարարությունն այսպիսի որոշում կայացրել` կառավարության երեկվա նիստից հետո հարցրինք առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ։
-Ձեր հարցին պետք է պատասխանեմ խորքային մոտեցմամբ,- ասաց նախարարը։- 2018-ի կեսերից որոշեցինք վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը, քանի որ ժամանակին նախարարների հրամանով էր այդ կարգավիճակը սահմանվում` 1-ից մինչև 3-րդ կարգ։ Օրինակ, Երևանում կար ծննդատուն, որ տարեկան ընդունում էր 200 ծնունդ, և նրան տրված էր 3-րդ կարգ։ Այդ կարգերով պայմանավորված հատկացվում էր ֆինանսավորումը։ 3-րդ կարգի ծննդատունն ավելի շատ ֆինանսավորում էր ստանում, քան 1-ինը։ Այս հարցը լուծելու նպատակով մենք կազմել էինք մեծ հարցաշար, որի մեջ ընդգրկված էին բազմաթիվ հարցեր` սկսած շենքային պայմաններից, վերջացրած կադրերի որակով, բարձրակարգ սարքավորումների ապահովումով և, իհարկե, հաշվի էր առնված ծնունդների քանակը, քանի որ ծնունդների քանակը և ընդհանրապես բժշկական միջամտությունների թիվն ուղիղ համեմատական են ծառայությունների մատուցման որակին։ Եթե մի հիվանդանոցում իրականացվում է 1000 վիրահատություն, իսկ մեկ ուրիշում` 100, ապա միանշանակ է, որ 1000 վիրահատություն իրականացնող բժշկական կենտրոնում ծառայություններն ավելի որակյալ են, մահացության թիվն էլ` ավելի փոքր։ Այս նույն մոտեցումը կիրառելի է նաև ծննդօգնությունում։ Այստեղ կարևորել ենք մանկական և մայրական մահացությունը կանխարգելելու խնդիրը։ Այդ սկզբունքից ելնելով որոշվեց, որ ամենացածր շեմը սահմանվելու է 150 ծնունդը։ Այս որոշումն ընդունվել է 2018-ին, սակայն մի բացառություն էինք ֆիքսել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում ծննդատունը կարող է գործել սահմանված 150 ծնունդի շեմից ցածրի դեպքում։ Դա վերաբերում է երեք շրջանների` Բերդ, Ճամբարակ, Մեղրի։ Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել է ծննդատների հասանելիությունը, և այն ապահովված է։ Հավատացեք, որ 20-30 կմ-ն ավելի հաղթահարելի է, քան որևէ բարդ դեպքում երեխայի կյանք փրկելը։ Եվ եթե նույնիսկ հղիությունը ծանր է, հղին ունի հարակից հիվանդություններ կամ այլ խնդիրներ, այդ ամենը նախապես հայտնի է լինում, և այդ դեպքերում բժիշկը միշտ պնդում է, որ ծննդկանն ավելի շուտ հոսպիտալացվի։ Այնպես որ, մեր այս բոլոր գործողությունները պետք է դիտարկել միայն մանկական և մայրական մահացությունը կանխարգելու տեսանկյունից։ Մենք որևէ ֆինանսական տնտեսում այս ծրագրով չենք անում, քանի որ այդ գումարները հատկացվելու են մոտակա բժշկական կենտրոնին։ Օրինակ, Մարալիկի ծննդատան դեպքում ամենամոտիկ բժշկական կենտրոնը Արթիկինն է, որը գտնվում է 15 կմ-ի վրա։ Ծաղկահովիտի դեպքում` Ապարանի, Եղվարդի դեպքում` Երևանի բժշկական կենտրոններն են։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ