Ի՞նչ ծրագրեր ունեն Մերկելն ու Մաասը Պուտինի հետ հանդիպմանը

Ի՞նչ ծրագրեր ունեն Մերկելն ու Մաասը Պուտինի հետ հանդիպմանը
10.01.2020 | 14:41

Շաբաթ օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱԳ նախարար Հեյկո Մաասը կմեկնեն Մոսկվա՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինին: Ի՞նչ են Մաասն ու Մերկելը մտածել Կրեմլ գնալուց առաջ՝ գրում է Bild-ը: Հանդիպումը, որ հայտարարված է աշխատանքային, սկզբից պետք է նվիրված լիներ Ուկրաինայի կոնֆլիկտին ու Լիբիայի ճգնաժամին, սակայն իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Մոսկվա այցը բացարձակապես նոր պայթուցիկ ուժ է ստանում: Ամբողջ աշխարհում մեծ է վախը մոլլաների վարչակարգի վրեժից: «Սա իդեալական պահ է Պուտինի հետ խոսելու համար»՝ գտնում է Բունդեստագի փոխնախագահ Թոմաս Օպերմանը: Մերկելի ու Մաասի առաքելության խնդիրն է, որ անցած տարիներին Պուտինը հնարավորն արել է, որ սրի ու իր շահերի համար օգտագործի ԱՄՆ-ի ու Մերձավոր Արևելքի կոնֆլիկտները: Պուտինն օգնել է Իրանին՝ իր միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացման մեջ, որ սպառնում էին Եվրոպային ու Ամերիկային: Նա զինում է ահաբեկչական խմբավորումները, ինչպես Հեզբոլահը՝ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի դեմ պայքարում: Նա Սիրիայում մարտական ինքնաթիռներ է ուղարկում Ասադի թշնամիների դեմ, սպանել է հազարավոր մարդկանց: Արևմուտքը վախենում է՝ հիմա Ռուսաստանը կարող է օգուտ քաղել և Իրաքի զայրույթից, որ հարուցել է ահաբեկիչ գեներալ Սուլեյմանիի սպանությունը և մեծացնել իր ազդեցությունը Բաղդադում: Հույս է ներշնչում, որ Ուկրաինայի կոնֆլիկտի ու Սիրիայում ռմբակոծությունների հետ (ծախսերը՝ տարեկան նվազագույնը 1 միլիարդ դոլար) Մոսկվան հազիվ թե կարողանա իրեն թույլ տալ ռազմական գործողությունների երրորդ թատերաբեմ: Այդ պատճառով Մերկելն ու Մաասը Կրեմլի շեֆի հետ փոխըմռնման հույս ունեն: Եվրախորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոկը Bild-ին ասել է. «Ռազմական իմաստով Մոսկվային պետք է հեռու պահել այդ կոնֆլիկտից: Այդ դեպքում Իրանն էլ չի հանդգնի շարունակել սրել իրավիճակը Իրաքում: Ոչ ոք, այդ թվում Մոսկվան, չի կարող այսօր շահագրգռված լինել, որ Իրաքում սկսվի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ուղիղ դիմակայություն»: Բունդեստագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռետգենը ընդգծել է, որ Պուտինը ազդեցություն ունի Թեհրանի ղեկավարության վրա: «Ռուսաստանին պետք է համագործակցության տրամադրել Թեհրանի վրա ազդելու համար, որ իրավիճակը սրող հետագա քայլեր չձեռնարկվեն: Ռուսաստանին պետք է իբրև կարգավորող ուժ ներգրավել Մերձավոր Արևելքում, երբ արդեն այնտեղ տերություն է դարձել»:
Հանս Յորգ Ֆելևալդ, Պետեր Տիդե, Bild


Հ.Գ. Հետաքրքիր է, թե ինչու՞ գերմանացիները չեն մտածում Էրդողանին կանգնեցնելու մասին: Սիրիա Թուրքիայի ներխուժումները, կարծես, գերմանացիների մտահոգությունը չէին հարուցում, Լիբիա մտնելը չի մտահոգում: Միջերկրական ծովում սահմաններ վերաձևելը չի մտահոգում, Կիպրոսին պատկանող ջրերում նավթ ու գաղ որոնելը ևս չի մտահոգում: Մտահոգում է միայն Ռուսաստանը: Թե՞ այլևս Էրդողանի վրա ազդելու հույս չունեն: Կամ՝ լծակ: Հիանալի լծակ է այլևս փող չտալը՝ փախստականներին Եվրոպա ուղարկելու Անկարայի շանտաժի դիմաց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao