«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Ուկրաինան Իրանում բոինգի կործանման 4 պատճառ է նշել

Ուկրաինան Իրանում բոինգի կործանման 4 պատճառ է նշել
11.01.2020 | 16:12

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսեյ Դանիլկոն 4 գերակա վարկած է առաջադրել Թեհրանում Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռի աղետի հետաքննության մեջ: Քննիչները չեն բացառում ահաբեկչության ու դրոնի հետ բախման վարկածները՝ հունվարի 9-ին հաղորդել է «Украинская правда»-ն: Ուսումնասիրվում են ինքնաթիռի անակնկալ վայր ընկնելու տարբեր վարկածներ, հիմնականը զենիթային հրթիռի հարվածն է, մասնավորապես՝ «Տորի», անօդաչուի կամ այլ թռչող օբյեկտի հետ բախումը, շարժիչի պայթյունը տեխնիկական պատճառներով, պայթյունը ինքնաթիռի ներսում՝ ահաբեկչության պատճառով: «Տոր» հրթիռով հարվածի վարկածը ի հայտ եկավ, երբ ինտերնետում հայտնվեց տեղեկություն, որ իբր գտնվել են այդ հրթիռի բեկորներ ինքնաթիռի անկման վայրում: «Տորը» մշակվել է դեռ 1970-ականներին ԽՍՀՄ-ում ու կա տասնյակ երկրների զինանոցում, այդ թվում՝ Իրանի: Ուկրաինայում հաղորդել են, որ Թեհրան են ուղարկվել մասնագետներ, որ մասնակցել են 2014-ին Դոնբասում МН-17-ի աղետի հետաքննությանը: Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հրապարակած նախնական հաշվետվության մեջ նշվում է, որ չի հաստատվում վարկածը, թե ուկրաինական Բոինգը կարող էին սխալմամբ խփել հրթիռներից մեկով, որոնցով Իրանը աղետի գիշերը հարվածել է ամերիկյան ռազմաբազաներին Իրաքում: Այդ վարկածը գերակա չեն համարում և արևմտյան երկրների հատուկ ծառայությունները՝ ըստ Reuters-ի: Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ուղևորատար Բոինգ -737-ը վթարվեց Իրանում հունվարի 8-ի վաղ առավոտյան՝ թռիչքից մի քանի րոպե անց: Թեհրանից Կիև թռչող ինքնաթիռում կար 176 մարդ, զոհվել են բոլորը:


Բարձրություն հավաքելուց հետո ինքնաթիռը հետ է պտտվել ու փորձել է վերադառնալ Թեհրանի օդանավակայան: Reuters-ը հղում անելով արևմտյան հատուկ ծառայություններին, գրում է, որ ավիավթարի գերակա վարկածը տեխնիկական անսարքությունն է, ոչ թե հրթիռով հարվածը: Ռադարներից անհետանալուց առաջ ինքնաթիռը 2500 մետր բարձրության վրա էր: Հաշվետվության մեջ նշվում է, որ ինքնաթիռը ուղղվել էր դեպի արևմուտք, բայց շրջվել է ու փորձել վերադառնալ: Իրանի իշխանությունների պնդումով՝ օդաչուներն արտակարգ իրավիճակի մասին չեն հաղորդել: Հրապարակված տեսագրության մեջ երևում է, որ ինքնաթիռի ֆյուզելյաժը կրակի մեջ է, իսկ անկումից հետո ինքնաթիռը պայթել է: Իրանի իշխանությունները հերքում են վարկածը, որ ուկրաինական Բոինգը կարող էին սխալմամբ խփել հրթիռներից մեկով, որոնցով հրթիռակոծում էին ամերիկյան ռազմաբազաները Իրաքում:
RFI


Հ.Գ. ВВС-ին հաղորդում է, որ Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Ալի Աբեդզադեն հերքել է մեղադրանքները, որ ուկրաինական ինքնաթիռը խփվել է իրանական հրթիռով: Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն առաջինը հայտարարեց, որ ինքնաթիռի անկման պատճառը իրանական «երկիր-օդ» հրթիռի հարվածն է. «Մենք մի քանի աղբյուրներից, այդ թվում` մեր դաշնակիցներից ու մեր սեփական հետախուզությունից ստացված տվյալներ ունենք, որ վկայում են` ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր-օդ» տեսակի հրթիռով։ Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել ոչ դիտավորյալ»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես չի հավատում ինքնաթիռի տեխնիկական անսարքությանը: Ժամեր անց Թրյուդոյին միացան Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետերը։ «Այժմ հստակ տեղեկատվություն կա, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռով», - հայտարարեց Բորիս Ջոնսոնը, կրկին ընդգծելով` աղետն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ միտումնավոր:Պաշտոնական հայտարարություններից առաջ տեղեկատվությունը տարածել էին ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով Պենտագոնի, ԱՄՆ-ի ու Իրաքի հետախուզության իրենց աղբյուրներին:


«Լիակատար համակարգում կա մեր հակաօդային պաշտպանության և քաղաքացիական ավիացիայի միջև: Քաղաքացիական ավիացիաի ու հակաօդային պաշտպանության աշխատակիցները նստած են կողք-կողքի, բացարձակապես անհնար է հրթիռային հարվածը ինքնաթիռին»՝ հայտարարեց Ալի Աբեդզադեն: «Մենք վստահաբար կարող ենք ասել, որ այդ ինքնաթիռին հրթիռ չի դիպել: Ինքնաթիռը մեկուկես րոպե վառվել է թռիչքի ժամանակ, օդաչուները որոշել են վերադառնալ: Շատ պատճառներ կարող են լինել, թե ինչու օդաչուները չեն կարողացել կապվել: Առաջին հերթին՝ նրանք պիտի ինքանթիռը փրկեին»՝ հավելել է նա: Իրանի ավիակարգավորիչի նախագահ Հասան Ռեզայֆերը ևս հայտարարել է, որ Իրանը կարող է սև արկղերի վերծանման համար օգնություն խնդրել Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից ու Կանադայից: Նրա խոսքով՝ հետաքննությունը կարող է 1-2 տարի տևել:
Տրանսպորտի անվտանգության ամերիկյան ազգային բյուրոն ընդունել է ավիավթարի պատճառների պարզելուն միանալու Իրանի հրավերը: Իրանի իշխանություններից պաշտոնական հրավեր է ստացվել: Ազգային բյուրոն իր լիազոր ներկայացուցչին է նշանակել հետաքննությանը մասնակցելու համար: Առայժմ պարզ չէ, թե աշխատանքի վրա ինչպես կանդրադառնան ամերիկյան պատժամիջոցները: «Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին ու որոշում ենք մեր մասնակցության աստիճանը»՝ հայտարարել են բյուրոյից: Միջազգային կանոններով՝ ԱՄՆ-ը իրավունք ունի մասնակցել հետաքննությանը՝ իբրև կործանված բոինգի արտադրող երկիր: Կանադան, որ 63 քաղաքացի է կորցրել, նույնպես ուղարկում է իր ներկայացուցչին, ուկրաինացի փորձագետներն արդեն Թեհրանում են՝ հաղորդել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Ֆարհադ Պարվարեշը:


Հ.Հ.Գ. Այսօր հայտնի դարձավ, որ Թեհրանը ընդունել է՝ «Ուկրաինայի Միջազգային ավիաուղիների» ուղևորատար Boeing ինքնաթիռը պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով՝ ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Գլխավոր շտաբում ավելացրել են, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ թռիչք էր կատարում կարևոր ռազմական օբյեկտի մոտակայքում՝ «բարձր զգոնության» պայմաններում, որը կապված էր Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա հրթիռային հարվածների հնարավոր պատասխանի հետ: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ «մարդկային սխալն ԱՄՆ արկածախնդրության հետևանքով հրահրած ճգնաժամի ընթացքում» հանգեցրել է վթարի: Նա ցավակցություն և ներողություն է խնդրել ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից: Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է ձեռնարկել բոլոր միջոցառումներն ուկրաինական ինքնաթիռի խոցման փոխհատուցման համար: «Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին: Նա Twitter-ի էջում հայտնել է, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը: «Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով»,- գրել է նա: Նախագահը հավելել է, որ «այս աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»: Ահա այսպիսի շրջադարձ: Ու հիմա ի՞նչ են ասելու իրանցի այն պաշտոնյաները, որ երեկ պնդում էին միանգամայն հակառակը: Բոլոր դեպքերում՝ քաղաքական խիզախություն է ընդունե սեփական սխալը, որ պատճառ դարձավ այդքան զոհերի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao