Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Պուտինն անսպասելի մեկնեց Դամասկոս, ինչո՞ւ

Պուտինն անսպասելի մեկնեց Դամասկոս, ինչո՞ւ
11.01.2020 | 16:18

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Դամասկոս այցի ժամանակ Պուտինը դրվատել է նախագահ Բաշար Ասադին մեծ հաջողությունների համար Սիրիայում, որտեղ 2011-ից սկսված կոնֆլիկտը չի դադարում: Պուտինի այցը Սիրիայի մայրաքաղաք անակնկալ էր: Նա հանդիպեց նախագահ Բաշար Ասադին ռուսական զինված ուժերի հրամանատարական կետում, ոչ թե պաշտոնապես ընդունվեց՝ ըստ արարողակարգի: Արդեն հաջորդ օրը նրան սպասում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բացի մյուս հարցերը՝ նրանք պետք է քննարկեին սիրիական ճգնաժամը՝ ներառյալ Իդլիբի հարցը ու հրադադարի համաձայնագիրը: ՌԴ նախագահի մամլո քարտուղարը լրագրողներին պատմեց. «Օդանավակայանից Վլադիմիր Պուտինը մեկնեց Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՌԴ զինված ուժերի հրամանատարական կետ, շրջեց Դամասկոսի փողոցներով, հանդիպեց նախագահ Բաշար Ասադի հետ: Երկու պետությունների ղեկավարները լսեցին իրավիճակի մասին զինվորականների զեկույցները երկրի տարբեր շրջաններում»: Պեսկովը հավելեց. «Պուտինը Ասադի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հիմա վստահ կարելի է արձանագրել, որ վիթխարի տարածություն է հաղթահարվել սիրիական պետականության ու տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհին: Պուտինը նաև ասաց, որ Դամասկոսի փողոցներում անզեն աչքով տեսանելի են վերականգնված խաղաղ կյանքի նշանները»:

Սիրիայի նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին ու ռուս զինվորականներին ահաբեկչության դեմ պայքարում ու Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանն աջակցելու համար: Թեպետ ՌԴ նախագահի անակնկալ այցի ճշգրիտ պատճառները հայտնի չեն, փորձագետների ու քաղաքական գործիչների տեսակետները տարաբաժանվում են: Ոմանց կարծիքով՝ Դամասկոսի հանդիպման նպատակը Իդլիբում հրադադարի համաձայնագրի նախագծի քննարկումն էր, որ հաջորդ օրը Թուրքիայի նախագահին Պուտինը կարող էր ներկայացնել, կամ Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունների կարգավորման մեկ այլ մեխանիզմ: Ոմանք այդքան լավատես չեն ու նշանակալից արդյունքներ չեն ակնկալում՝ ռուսների ու թուրքերի լուրջ հակասությունների պատճառով: Սիրիացիները ուշադրությունը բևեռել էին հանդիպման ձևին՝ նախ Պուտինը եկավ ռուսական հրամանատարական կետ, հետո՝ Ասադը, ասես՝ Պուտինը ճանապարհորդում էր երկրում ու պետք է հանդիպեր իր ենթականերից մեկի հետ: Դա սիրիացիներին ստիպեց հանդիպումը համեմատել Թուրքիայի նախագահի հետ առաջիկա բանակցություններին, որոնց օրակարգը 2019-ի դեկտեմբերի վերջին էր հաստատվել: Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուհամեդ Սարմինիի կարծիքով՝ Պուտինի այցը Դամասկոս կապված էր ոչ այնքան Ասադի հետ, որքան ուղերձ էր բոլոր խաղացողներին, որ Սիրիան ռուսական ազդեցության գոտի է, որտեղ կարևոր է պահպանել ուժերի հավասարակշռությունը: Սարմինին գտնում է, որ դա հաստատում է հանդիպման վայրը՝ հրամանատարական կետը, նաև Պուտինի այցը Դամասկոսի Օմայիդների մզկիթ: Սարմինին շարունակում է. «Մենք ճշգրիտ չենք կարող ասել՝ ինչ ուղերձ է մնացածներին հասցեագրել Պուտինը, նաև այդ թեմային ավելի մեծ նշանակություն տալ, քան արժանի է՝ վարչակարգի հետագայի ու արտաքին խաղացողների հետ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ»:


Սարմինին գտնում է, որ Թուրքիան ցանկանում է կասեցնել հարձակումը Իդլիբի վրա, Ռուսաստանը ձգտում է բացել միջազգային ավտոմայրուղիները և ավարտել ռազմական կոնֆլիկտը հօգուտ սիրիական վարչակարգի: Մայրուղիների բացումը միջազգային նշանակություն ունի՝ նպաստում է առևտրի զարգացմանը, այդ պատճառով ռուսական ուժերը փորձում են պաշտպանել M4 և M5 ճանապարհների շրջակա շրջանները՝ ապակայունացնող տարրերից՝ ներառյալ «Հեյաթ Թահրիր աշ Շամը» և «Խուրաս ադ Դինը»: Սարմինիի խոսքով՝ քանի որ կողմերից յուրաքանչյուրը իր տեսակետն է պնդում և չեն կարողանում համաձայնության գալ, դոսիեն քննարկում են նախագահները: Նրանք համաձայնության գալու շանս ունեն, որովհետև բանակցությունները միայն Սիրիայի կոնֆլիկտի շուրջ չեն, այլև այլ կարևոր խնդիրների: Այդ թվում՝ Լիբիայի ու ամերիկացիների Իրանի վրա հարձակման տարածաշրջանում, որ արդեն խլել է ամենաազդեցիկ իրանցիներից մեկի՝ Կասեմ Սուլեյմանիի կյանքը: Դժվար է կանխատեսել հանդիպման արդյունքները՝ հաշվի առնելով նախկին բանակցությունների ձեռքբերումները: Չնայած պայմանավորվածություններին՝ կողմերից յուրաքանչյուրը պայմանավորվածությունները մեկնաբանում է իր հայեցողությամբ, այդ պատճառով գործնականում չեն կատարվում՝ թե Սոչի-1-ը, թե Սոչի-2-ը: «Շահերի ու նպատակների բաժանման պատճառով տուժում են սիրիացի քաղաքացիական անձինք, ու դա Իդլիբի առավել լուրջ խնդիրն է: Անկասկած՝ բոլոր կողմերը գիտակցում են տարածաշրջանի պահպանման կարևորությունը, քանի որ սիրիական վարչակարգի ու ռուսական ուժերի վերահսկողության դեպքում քաղաքական ճանապարհը կորցնում է իմաստը: Ասադը հայտարարել է իր հաղթանակը և նրան այլևս պետք չէ քաղաքական գործընթացը շարունակել»՝ գտնում է Սարմինին:
Խաբա Մուհամեդ, Al Quds, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Փաստացի՝ ամեն ինչ գնացել է այլ սցենարով ու հունվարի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ՊՆ նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը մեկնելու են Մոսկվա` քննարկելու իրավիճակը սիրիական Իդլիբում և Լիբիայում՝ գրում է «Հուրրիեթը»:
Ու դա միանգամայն կանխատեսելի էր՝ Պուտինը մեկ տարուց ավելի ժամանակ էր տվել Էրդողանին՝ Իդլիբի հարցում, Էրդողանը ոչինչ չարեց, ու հիմա Պուտինի խաղն է, որին Թուրքիան ոչինչ չի կարող հակադրել՝ բացի ռազմական ուժից: Բայց ռուսների դեմ կռվել Էրդողանը չի կարող: Համենայն դեպս՝ Սիրիայում: Այլ հարց է Լիբիան, որտեղ նույնպես բախվում են ռուս-թուրքական շահերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ