«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Ու դուք ձեզ Երանելի Ավգուստին կզգաք

Ու դուք ձեզ Երանելի Ավգուստին կզգաք
12.01.2020 | 15:52

Ահա ևս մեկ տարի անցավ: Որքան մեծանում ենք, այնքան մեզ թվում է՝ արագ են անցնում օրերը. Շաբաթները, ամիսները: Եթե հնարավոր լիներ ժամանակը դանդաղեցնել՝ հաճախ ենք մտածում մենք: «Ծամածռված ժամանակ» գրքի հեղինակ Կլաուդիա Հեմոնդը գտնում է, որ մեր խնդիրների պատճառը ժամանակի էությունը չհասկանալն է: Մեզնից շատերի համար ժամանակը գծային է, բացարձակ ու անընդհատ հոսող: Իսկ դա ճի՞շտ է: Ինչպե՞ս փոխենք մեր պատկերացումները ժամանակի մասին, որ մեզ այլևս չանհանգստացնի, որ ժամանակը արագ է անցնում: «Ժամանակը» անգլերեն առավել հաճախ օգտագործվող գոյականն է: Բոլորիս է ծանոթ զգացումը՝ «ժամանակն անցնում է»: Մեր ներկան տեղնուտեղը վերածվում է անցյալի, «այսօրը» արագ դառնում է «երեկ»:


Երբ մենք մեծանում ենք, տարիներն արագանում են ու սկսում են անհետանալ իրար հետևից: Թեպետ նեյրոկենսաբանները դեռ չեն գտել մարդու ուղեղի ժամացույցը, որ պատասխանատու է անցնող ժամանակը հսկելու համար, մարդիկ շատ լավ են զգում ժամանակը: Եթե ինչ-որ մեկը մեզ ասել է, որ կգա 5 րոպեից, մենք պատկերացնում ենք՝ ինչքան ենք սպասելու: Մենք ունենք շաբաթվա ու ամսի զգացում: Մեզնից մեծ մասը կարող է ասել, որ ժամանակի գործառնությունները լիովին ակնհայտ են՝ անընդհատ հեռանում է չափելի տեմպով, ուղղությունը նույնպես հասկանալի է՝ ապագայից՝ անցյալ: Իհարկե, մարդու ժամանակի զգացողությունը կախված է ոչ միայն կենսաբանությունից, այլև դարից, որում ապրում ենք: Օրինակ՝ Ամազոնի ամոնդավա ցեղի լեզվում ընդհանրապես չկա «Ժամանակ» բառը: Որոշ գիտնականների կարծիքով՝ նրանք չունեն և ժամանակի հայեցակարգ, որի ընթացքում ինչ-որ իրադարձություններ են կատարվում: Մենք չենք կարող ասել՝ հեռավոր անցյալում ինչպես էին ընկալում ժամանակը՝ ուսումնասիրությունները սկսվել են ընդամենը 150 տարի առաջ:
Արիստոտելը ժամանակը համարում էր մշտապես փոփոխվող: 160 թվականին Հռոմի կայսր և փիլիսոփա Մարկոս Ավրելիոսը ժամանակը նկարագրում էր իբրև անցողիկ իրադարձությունների գետ: Այսօր էլ, համենայն դեպս Արևմուտքում, շատերը հենց այդ գաղափարներն են օգտագործում: Բայց ֆիզիկոսները բոլորովին այլ պատմություն են պատմում: Չնայած ժամանակը մեզ թվում է՝ միայն մեկ ուղղությամբ հոսող, որոշ գիտնականներ համաձայն չեն: 20-րդ դարում Ալբերտ Էյնշտեյնի հայտնագործությունները պայթեցրին՝ ժամանակի՝ մարդկության պատկերացումները: Նա ցույց տվեց, որ ժամանակը ստեղծում են իրերը, ժամանակը ինչ-որ տեղ չի սպասում, որ իրերը սկսեն իր ներսում գործել: Էյնշտեյնը ցույց տվեց, որ ժամանակը հարաբերական է, նա դանդաղ է հոսում արագ շարժվող օբյեկտների համար: Իրադարձությունները մեկընդմիշտ հաստատված կարգով չեն կատարվում: Գոյություն չունի միասնական, ունիվերսալ, բոլորի համար ընդհանուր «հիմա», ինչպես հասկացվում էր նյուտոնյան ֆիզիկայով:


Ճիշտ է, որ Տիեզերքում կատարվող շատ իրադարձություններ կարելի է դասավորել որոշակի հետևողականությամբ, բայց ժամանակը ոչ միշտ է դասավորված անցյալի, ներկայի ու ապագայի դարակներում: Ֆիզիկայի որոշ հավասարումներ գործում են ցանկացած ուղղությամբ:
Մի քանի ֆիզիոկսներ, նաև հանրահայտ գրքերի հեղինակ Կառլո Ռովելին, ավելի հեռու են գնում՝ նրանք գտնում են, որ ժամանակը ոչ մի տեղ չի գնում: Ժամանակը ընդհանրապես չկա, պատրանք է: Իհարկե, գիտնականները կարող են համարել, որ ժամանակ գոյություն չունի, բայց մենք գիտենք սեփական փորձով՝ ժամանակի զգացումը, ժամանակի ընկալումը հատուկ է յուրաքանչյուրիս: Ֆիզիկոսների ապացույցները հակառակ են նրան՝ ինչպես ենք մենք ընկալում կյանքը, կյանքի ընթացքը: Այո, ապագայի կամ անցյալի մեր հայեցակարգը գուցե ոչ ամեն ինչ է ընդգրկում, որ կատարվում է Տիեզերքում, բայց արտահայտում է մեր կյանքի իրողությունները Երկիր մոլորակում: Ինչպես բացարձակ ժամանակի մասին Նյուտոնի գաղափարը, ժամանակի մասին մեր մարդկային պատկերացումը կարող է սխալ լինել: Կա ժամանակին ավելի նպատակահարմար տեսակետ:


Շատերիս համար ընդհանրական Ժամանակի ընդհանուր պատկերացումը՝ ինչպես ենք մենք մտածում մեր անցյալի մասին, պատկերացնում ինչպես վիթխարի տեսաարխիվ, ուր կարող ենք դիմել՝ հիշելու մեր կյանքի այս կամ այն դեպքը:
Բայց հոգեբաններն արդեն ցույց են տվել, որ ինքնակենսագրական հիշողությունը բնավ էլ այդպես չի կառուցված: Մեզնից մեծ մասը շատ ավելի մոռանում է, քան՝ հիշում է, երբեմն ամբողջությամբ մոռանալով իրադարձությունները, թեպետ մեր հարազատները կամ բարեկամները պնդում են, որ դա եղել է: Երբեմն չեն օգնում անգամ անցյալի կոնկրետ դրվագների հիշեցումները:


Մենք հիշողությունները պահպանում ենք այնպես, որ կատարվածն իմաստ ունենա: Ամեն անգամ, երբ մենք դիմում ենք հիշողություններին, մենք վերակառուցում ենք իրադարձություններն այնպես, որ նրանք չհակասեն նոր տեղեկություններին, որ արդեն ունենք: Մարդուն համոզել, որ անցյալում իր հետ ինչ-որ դեպք է եղել, որ նա չի հիշում, շատ ավելի հեշտ է, քան մեզ թվում է: Հոգեբան Էլիզաբեթ Լոֆտուսը մի քանի տասնամյակ ուսումնասիրել է այդ ֆենոմենը՝ մարդկանց համոզելով, որ իրենք հիշում են՝ ինչպես են ժամանակին համբուրել վիթխարի կանաչ դոդոշին: Կամ՝ Դիսնեյլենդում մեկ անգամ հանդիպել են Բագզ Բանի ճագարին (Warner Bros ընկերության մուլտֆիլմերի հերոսներին): Մարդկանց հնարավոր է ստիպել հիշել այն, ինչ երբեք չի եղել իրենց կյանքում: Եվս մեկ սխալ՝ մեզ թվում է, որ պատկերացնել ապագան մի գործընթաց է, որ տարբերվում է անցյալի մասին խորհրդածություններից: Իրականում երկու գործընթացները փոխկապակցված են: Մենք օգնության ենք կանչում ուղեղի նույն հատվածները և անցյալի հիշողության, և ապագայի երևակայության համար:


Հենց հիշողություններ ունենալն է մեզ թույլ տալիս ապագան կառուցել՝ խառնելով տեսարաններ, որ արդեն մեզ հետ եղել են մեր բանականության էկրանին: Այդ ունակությունը թույլ է տալիս ծրագրեր կազմել, ստուգել տարբեր հնարավորություններ ու հիպոթեզներ՝ մինչև սկսենք ծրագրերը իրականացնել:
Այս ամենը արդյունքն է, թե ինչպես է մեր ուղեղն ընկալում ժամանակը: Մանկիկը, որ համարյա ինքնակենսագրական հիշողություններ չունի, ապրում է բացառապես ներկայով: Նա գոհ է: Նա լաց է լինում: Նա սոված է: Նա վատ է զգում: Մանկիկն այդ ամենը զգում է, բայց չի մտածում՝ ինչքան ցուրտ էր մեկ ամիս առաջ ու չի անհանգստանում, որ սենյակում ջերմաստիճանը նորից իջնում է: Մանկիկն աստիճանաբար սկսում է ինքն իրեն զգալ: Այդ զգացողության հետ գալիս է և ժամանակի ընկալումը, երեկն ու վաղը տարբերելու ունակությունը:


Նույնիսկ այդ տարիքում, սակայն, ինքն իրեն ապագայում պատկերացնելը բարդ խնդիր է: Հոգեբան Ջեյն Բազբի Գրանտը պարզել է, որ եթե երեքամյա երեխաներին հարցնենք՝ ի՞նչ են անելու վաղը, միայն 1/3-ը կտա պատասխան, որ կարելի է ընդունելի ու ճշմարտանման համարել: Երբ հոգեբան Քրիստինա Էտանսը փոքրիկներին աղի բուբլիկներ էր տալիս, հետո թողնում էր ընտրել՝ ինչ են ցանկանում՝ նույն բուբլիկներից, թե ջուր, զարմանալի չէ, որ աղից հետո մեծ մասը ընտրում էր ջուրը: Բայց երբ նա հարցնում էր՝ վաղը ի՞նչ կուզեն՝ մեծ մասը նորից ջուր էր ուզում (մեծերն ընտրում են բուբլիկը, որովհետև գիտեն՝ վաղը նորից ուտել են ուզելու): Փոքր երեխաները չեն կարողանում իրենց ապագայում պատկերացնել, որտեղ իրենց պետք է այլ կերպ զգան, քան ներկա պահին:


Անցյալ ժամանակի փորձը ակտիվորեն ստեղծվում է մեր ուղեղում: Ժամանակի ընկալումը կառուցելու համար կարևոր են տարբեր գործոններ՝ հիշողություն, կենտրոնացում, հույզեր, այս կան այն վայրի զգացողություն: Ժամանակի մեր պատկերացումը արմատավորվում է մեր մենթալ իրականության մեջ: Ժամանակը ոչ միայն մեր կյանքի կազմակերպման հիմքում է, այլև մեր զգացողության: Իհարկե, դուք կարող եք ասել, որ բնավ կարևոր չէ՝ ընկալու՞մ ենք մենք ժամանակը ճիշտ՝ ֆիզիկայի օրենքների համաձայն: Մեզ պետք չէ անընդհատ հիշել, որ երկիրը գունդ է ու մենք քայլում ենք հարթ մակերեսի վրայով: Մենք կարող ենք ասել, որ արևն առավոտյան ծագում է, իսկ երեկոյան մայր է մտնում, թեև հիանալի գիտենք, որ Երկիրը պտտվում է Արևի շուրջ, ոչ թե հակառակը: Աշխարհի մասին մեր պատկերացումները չեն փորձում համապատասխանել գիտականին՝ մենք ի վիճակի ենք զգալ շրջակա աշխարհը՝ օգտագործելով միայն մեր զգացումները: Ճիշտ այդպես է ժամանակի մեր պատկերացումը՝ այն չէ, որ մենք կարող ենք մեր ընտրությամբ անտեսել: Որքան էլ մենք գիտենք քառաչափ տարածության մասին հարաբերականության տեսությունից, ուշացող գնացքի սպասումը մեզ թվալու է ավելի երկար, քան ընկերոջ հետ նախաճաշը: Բայց եթե անգամ մենք չենք կարող փոխել ժամանակի մեր պատկերացումները, կարող ենք փոխել՝ ինչ մտածում ենք: Եվ գուցե մենք մեզ ավելի լավ կզգանք, տեսնելով՝ ինչպես է ժամանակն անցնում:


Պատկերացնելու փոխարեն անցյալը, ներկան ու ապագան ինչպես ուղիղ գիծ, մենք կարող ենք մեր հիշողությունները համարել աղբյուր, որ թույլ է տալիս ապագայի մասին մտածել: Դա շատ կարևոր է: Երևակայության մեջ ժամանակի մեջ ճանապարհորդելու մարդու ունակությունն է պատճառը, որ մենք կարող ենք քայլեր անել, ի տարբերություն կենդանիների, ծրագրել ապագան կամ արվեստի գործեր ստեղծել: Դա մեր հիշողության կարևոր դերն է: Գաղափարը, իհարկե, նոր չէ: Արիստոտելը հիշողությունների մասին խոսում էր ոչ իբրև մեր կյանքի արխիվի, այլ՝ ապագան պատկերացնելու գործիքի: Ստացվում է, որ անցյալի իրադարձությունները ճշգրիտ հիշելու մեր անընդունակությունը թերություն չէ, այլ՝ առավելություն: Եթե հիշողություններն էլ լինեին նույնքան անփոփոխ, ինչպես ժապավենին հանձնված տեսաֆիլմերը, դժվար կլիներ նոր իրավիճակը պատկերացնել:


Եթե խնդրեմ ձեզ պատկերացնել՝ ինչպես եք հաջորդ երեքշաբթի աշխատանքի գնում ոչ թե սովորական ճանապարհով, այլ՝ փչովի նավակով, ջրանցքի փիրուզագույն ջրերի վրայով, որի ափերին աճում են հասարակածային ծաղիկներ, իսկ ձեր մանկության ընկերները հանդիպում են ձեզ, կոկտեյլ են առաջարկում, դուք հանգիստ կպատկերացնեք (բացառությամբ մարդկանց, որ ինքնակենսագրական հիշողության կայուն խախտումներ ունեն): Ձեր հիշողությունն այնքան ճկուն է, որ դուք ակնթարթորեն ձեր անձնական հիշողություններից կձևավորեք պատկերը՝ ինչ է նշանակում պառկել փչովի նավակում ու լողալ, դպրոցական ընկերների դեմքերը, հասարակածային ծաղիկներն ու կոկտեյլները: Դուք ոչ միայն կվերականգնեք իրադարձությունները, որ ձեզ հետ կատարվել են գուցե տասնյակ տարիներ առաջ, դուք կհավաքեք այդ հիշողությունները ու կտեղծեք միանգամայն նոր պատկեր, որի մասին նախկինում երբեք չեք լսել: Ուստի մի մեղադրեք ձեր հիշողությանը, որ ձեզ լավ չի ծառայում: Նա հենց այդպիսին էլ պիտի լինի, որ դուք կարողանաք հիշողության միլիոնավոր դրվագներից ապագայի պատկերներ հավաքել, մոդելավորել՝ ինչ դեռ երբեք չի եղել: Իրականում եթե մեր հիշողությունը անցյալում խախտված է, խախտվում են և ապագան պատկերացնելու ունակությունները: Ամնեզիայով տառապող մարդիկ չեն կարող ոչինչ պատկերացնել, եթե ոչինչ չեն հիշում:


Երբ ես գիրք գրեցի ժամանակի մեր ընկալումների մասին, ինձ ամենահաճախակի տրվող հարցը մեկն էր՝ ինչպե՞ս դանդաղեցնել ժամանակի վազքը: Ինձ թվում է՝ մենք պետք է մի լավ մտածենք այդ ցանկությունից առաջ: Միջին տարիքում մեզ սկսում է թվալ, որ շաբաթները, ամիսներն ու տարիները թռչում են արագ ու աննկատ: Բայց անցնող ժամանակի մեր զգացողությունը հիմնականում ստեղծվում է նոր հիշողությունների թվից: Երբ դուք հիշում եք տպավորություններով լեցուն արձակուրդը, ձեզ թվում է, որ դուք երկար ժամանակ տանը չեք եղել, նույնիսկ եթե արձակուրդը արագ է անցել: Ինչու՞: Որովհետև դուք կուտակել եք շատ նոր հիշողություններ՝ շաբաթն անցկացնելով առօրյայից դուրս: Եթե ձեզ թվում է, որ կյանքն արագ է անցնում, ուրեմն լի է իրադարձություններով: Իսկ երբ տխուր եք, միայնակ կամ ընկճախտի մեջ, րոպեները, ժամերն ու օրերը դանդաղ են անցնում: Ուզու՞մ ենք մենք, որ այդպիսի ժամանակը դանդաղի: 105 թվականին Պլինիուս Կրտսերը գրում էր. «Որքան երջանիկ է ժամանակը, այնքան կարճ է»:

Բայց եթե դուք ուզում եք ազատվել տագնապալի զգացողությունից, որ ձեզ պատում է կիրակի երեկոյան, (հանգստյան օրերն էլի թռան), որոնեք նոր փորձ, շաբաթ ու կիրակի այցելեք նոր վայրեր, զբաղվեք այլ գործով՝ նորից նույն վայրերը գնալու փոխարեն: Եթե դուք ուրախ ու հետաքրքիր եք անցկացնում օրը, ժամանակը թռչում է արագ ու աննկատ, բայց երկուշաբթի առավոտյան հանգստյան օրերը ձեզ կթվան երկար՝ նոր տպավորությունների հիշողությունների պատճառով: Իհարկե, առօրյայից չեք խուսափի: Բայց եթե ձեզ հաջողվի կյանքը լցնել իրադարձություններով ու տպավորություններով, ապրած տարիները հետո շատ երկար կթվան: Զգացեք տարբերությունը, փոխեք տնից՝ աշխատանքի սովորական ճանապարհը: Ինչքան շատ լինեն հիշողությունները առօրյա կյանքից, այնքան երկար հետո կթվա կյանքը: Իհարկե, ինչքան տարօրինակ է ժամանակը հոսում, ինչպես է կայծկլտում, ինչպես է դանդաղում, կամ նետի պես սլանում, միշտ զարմացնելու կամ դառնացնելու է մեզ: Ինչ արած: Երանելի Ավգուստինն ասել է. «Ի՞նչ է ժամանակը: Երբ ինձ հարցնում են, ես գիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Բայց հենց պիտի սկսեմ բացատրել, չգիտեմ՝ ինչ ասել»:
Կլաուդիա Հեմոնդ, BBC, Future


Հ.Գ. Ժամանակի հետ ամեն մեկն իր հարաբերություններն ունի, բոլոր դեպքերում՝ լավ է երբեք, քան՝ ուշ: Ու՝ անհնար է երկու անգամ նույն գետը մտնել՝ եթե անգամ գետը բացարձակապես նույնն է, ուրիշ եք դուք: Հասկանալու համար՝ ինչպես է ժամանակը ձեզ փոխել, նորից կարդացեք 5-10 տարի առաջ կարդացած գիրքը, ու ձեզ կթվա բոլորովին այլ գիրք, որովհետև փոխվել են աշխարհի ձեր ընկալումները ու գնահատականները: Ու դուք ձեզ Երանելի Ավգուստին կզգաք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao