«Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հուն­վա­րի 31-ին:               
 

Բենեդիկտոսը Ֆրանցիսկոսին խնդրել է խնայել ցելիբատը

Բենեդիկտոսը Ֆրանցիսկոսին խնդրել է խնայել ցելիբատը
14.01.2020 | 14:25

Հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդ պապը խախտել է «ամբողջ աշխարհից թաքնվելու» խոստումը՝ դիմելով Ֆրանցիսկոս պապին կաթոլիկ հոգևորականների համար ցելիբատի կանոնը պահպանելու կոչով: Կոչը գրքում է, որ Բենեդիկտոսը գրել է կարդինալ Ռոբերտ Սառի համահեղինակությամբ: Առիթը Ամազոնում ամուսնացած տղամարդկանց ձեռնադրությունը թույլատրելու առաջարկն է: Բենեդիկտը հայտարարել է, որ չի կարող լռել այդ հարցում: Վատիկանում մեծ զարմանքով են արձագանքել 92-ամյա նախկին պապի հայտարարությանը, որ հակասում է եկեղեցական ավանդույթին: Բենեդիկտոս 16-րդը, հեռանալով Վատիկանից, խոստացավ, որ կթաքնվի աշխարհից, սակայն հրաժարականից հետո բազմիցս իր հոդվածներում, գրքերում ու հարցազրույցներում հեռակա բանավիճել է Ֆրանցիսկոս պապի հետ, ում համարում են ավելի առաջադեմ պոնտիֆիկոս:
Ցելիբատի հարցը Ֆրանցիսկոս պապը կվճռի առաջիկա ամիսներին:
BBC


Հ.Գ. Ցելիբատը (լատիներեն cælibatus-տղամարդու չամուսնացածություն) կուսակրոնության պարտադիր երդումն է հոգևորականների համար՝ կրոնական նկատառումներով: Պետրոս առաքյալը և Ֆիլիպոս առաքյալը ամուսնացած էին: Պողոս առաքյալը գրում էր, որ ամուսնության մեջ վատ ոչին չկա, բայց կուսակրոնությունն ավելի լավ է: «Չամուսնացածը մտածում է Տիրոջ մասին՝ ինչպես Տիրոջը ծառայել, իսկ ամուսնացածը մտածում է աշխարհիկի մասին, ինչպես կնոջը ծառայել»՝ գրել է Պողոս առաքյալը, որ որոշ հեղինակների համաձայն՝ նույնպես ամուսնացած է եղել:


Կաթոլիկ հոգևորականների ցելիբատը օրինականացվել է Արևմտյան եկեղեցում Գրիգորիս Մեծ պապի օրոք (590—604), դե ֆակտո հաստատվել է 11-րդ դարում (Գրիգորիս 7-րդի օրոք): Կուսակրոնության խախտումը համարվում է սրբապղծություն: «Կրակովյան կարճ անալներում» նշվում է. «1197.Լեհաստան եկավ կարդինալ Պետրոս Երկրորդը, որ կարգադրեց պսակ կնքել միայն եկեղեցու առաջ և արգելեց հոգևորականներին կին ունենալ»: Հռոմի կաթոլիկ եկեղեցում ցելիբատը տարածվում է եպիսկոպոսների վրա, ցածր աստիճանակարգերի (ordines minores) հոգևորականները կարող էին ամուսնանալ: Ցելիբատը չի տարածվում Արևելյան կաթոլիկ եկեղեցու, այդ թվում՝ հույն կաթոլիկների վրա: Ցելիբատը հիմա ակտիվ քննարկվող թեմաներից է: ԱՄՆ-ում ու Արևմտյան Եվրոպայում միտում կա ցելիբատից հրաժարվելու: Հովհաննես Պողոս Երկրորդ պապը կտրականապես դեմ էր փոփոխությանը: Իտալիայում վերջին մի քանի տարիներին, տարբեր տվյալներով, 6-մի քանի տասնյակ հազար հոգևորականներ զրկվել են կոչումից ամուսնության պատճառով:
Ի՞նչ կորոշի Ֆրանցիսկոս պապը ցելիբատի հարցում, դժվար է ասել: Կյանքը իր փոփոխություններն է բերում նույնիսկ հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթներում: Ամենայն հավանականությամբ՝ նա որոշ աստիճանակարգերի կարտոնի ամուսնությունը՝ կուսակրոնությունը պահպանելով կարդինալների դեպքում: Իսկ գուցե ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao