Չկան ծննդատներ, չկան նաև դրանց հետ կապված խնդիրնե՞ր

Չկան ծննդատներ, չկան նաև դրանց հետ կապված խնդիրնե՞ր
15.01.2020 | 15:01

Առողջապահությունն այն խիստ կարևոր ոլորտներից է, որտեղ յուրաքանչյուր որոշում և օրենք պետք է, ինչպես ժողովուրդն է ասում, յոթ չափել, նոր մեկը կտրել։ Մինչդեռ այսօրվա կառավարության, որ աչքի է ընկնում իմպուլսիվ որոշումների առատությամբ, գրեթե յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուի այս կամ այն որոշում արժանանում է հանրության մեծ դժգոհությանը։ Մշտապես քննադատության թիրախում հայտնված առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հերթական «գլուխգործոցն» էլ մարզային որոշ բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունների լուծարման գործընթացն է։ Ծնելիությունն իբրև խրախուսող, ժողովրդագրական վիճակը բարելավելու մեծ-մեծ խոստումներ տված այս կառավարությունն ի՞նչ տրամաբանությամբ է ծննդատներ լուծարում։ Արսեն Թորոսյանը երկար-բարակ բացատրում է, թե ինչպես է նախկինում «մեկ» զանգով ծննդատները միանգամից դառնում էին 3-րդ կարգի, իսկ իրենք դա «զրոյացրել» են։ Նախարարը քիչ ջանք չի թափում նաև ապացուցելու, որ փակվող ծննդատները համապատասխան պայմաններ չունեն, դրա համար երբեմն ծննդկանները տեղափոխվում են բարձր կարգի ծննդատներ։ Հիշեցնենք, որ 1-ին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։


Ի՞նչ է ստացվում, չկան ծննդատներ, չկան նաև դրանց հետ կապված խնդիրնե՞ր։ Առկա խնդիրները կարգավորելու, պայմանները բարելավելու փոխարեն որոշվել է ընդհանրապես լուծարել ծննդատները։ Հա, ի՞նչ է որ, երկունքի ցավերից գալարվող կինը կարող է նաև 30 կմ համբերել ու հասնել այլ շրջանի ծննդատուն, նոր ծննդաբերել։ Իսկ եթե երեխան շատ անհամբեր է, ոչինչ, մեքենայի մեջ կարող է այս անիրավ աշխարհի հետ առաջին ծանոթությունը հաստատել։ Ընդ որում, Թորոսյանն այնքան մարնակրկիտ թվաբանություն է ներկայցնում, թե այս կամ այն համայնքի ծննդատան փակվելուց հետո մյուսին որքան ժամանակ կարելի է հասնել, թվում է, թե խոսողը ոչ թե առողջապահության, այլ, ասենք, ֆինանսների նախարար է, որը գործ ունի թվերի հետ, այլ ոչ նոր ծնվող մարդու կյանքի, որը գուցե ոչ թե 17, 25 կամ 30 րոպե կարող է համբերել, որ հասնի «բարձր» կարգի ծննդատուն ու «հասկանա» տեղ են հասել, կարելի է ծնվել, այլ ենթադրենք, շա՜տ աշխույժ բալիկ է ու անգամ 10 րոպե էլ իրեն սպասեցնել չի տալիս։
Այլ խոսքով, իրեն 2մլն պարգևատրումներ սահմանող առողջապահության նախարարը ճիշտ կանի նախ առողջապահական համակարգի հազար ու մի խնդիրները վերացնի, հետո միայն մտածի եղածը փակելու կամ լուծարելու մասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao