Անհնար է բուսակեր մնալ գիշատիչների աշխարհում

Անհնար է բուսակեր մնալ գիշատիչների աշխարհում
16.01.2020 | 14:11

Մեր կյանքում աշխարհաքաղաքականությունն ընթացիկ է, չափորոշիչները փոխվում են շաբաթից շաբաթ՝ Le Monde-ում գրում է Սիլվիա Կաուֆմանը: Նույնիսկ Վլադիմիր Պուտինը, մարդ, որ վերականգնեց սովետական լեգենդար փորձը արաբական աշխարհում, որ 3 տարի զինվորիկներ էր առաջ մղում միջազգային ասպարեզում, հաշտվեց Արևելքի բարդությունների հետ: ՌԴ նախագահի դիվանագիտական հավակնություններին, որ ուներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը, հարված հասցրեց ապստամբ մարշալ Հաֆթարը, որ հեռացավ Մոսկվայից, հունվարի 14-ին՝ չստորագրելով առաջարկված հրադադարը: Բայց 2020-ականների աղմկոտ արշալույսին ոչինչ ամրագրված չէ, ամեն ինչ անցողիկ է: Աշխարհում, որտեղ միակ մշտական մեծությունը փլուզումն է, չափանիշները փոխվում են շաբաթից շաբաթ: Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների աճող լարվածությունը գագաթնակետին հասավ հունվարի 3-ին, երբ Բաղդադում ամերիկյան դրոնով սպանվեց գեներալ Կասեմ Սուլեյմանին՝ Իրանի տարածաշրջանային էքսպանսիայի քաղաքականության հեղինակը: Թեհրանի չափավոր պատասխան գործողությունները դիմակայության դադարի հույս ներշնչեցին, սակայն սարսափելի վրիպումը, որ հանգեցրեց ուկրաինական ինքնաթիռի սխալմամբ խոցմանը և 176 ուղևորների զոհվելուն, նորից Իրանը անորոշության մեջ է դնում: Իրանի ու ԱՄՆ-ի միջև բզկտվող, բողոքի լուրջ շարժումներից տանջահար Իրաքը պահանջեց ամերիկյան զորքերի դուրսբերումը, Վաշինգտոնը հրաժարվեց: Պատերազմը Սիրիայում, կարծես, ոչ մի կերպ չի կարողանում ավարտվել՝ հիմա ռուսական ռումբերի տակ Իդլիբն է իր բնակիչներով: Լիբիական կոնֆլիկտը ոչ միայն չի մարում, այլև ինտերնացիոնալացել է: Ինչպես Սիրիայում, օգտվելով Արևմուտքի բացակայությունից, համատեղ միջամտել են Մոսկվան ու Անկարան,՝ ծառայելով տարբեր ճամբարների շահերին, սակայն նրանց էլ չի հաջողվում գտնել լուծում, որ կարող է պատերազմին վերջ դնել:


Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ը իրեն պահում է իբրև անվճռական խաղացող, որ չի ցանկանում մասնակցել այդ անկարգություններին, որով շփոթեցնում է իր Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի դաշնակիցներին: ԱՄՆ նախագահի ռազմավարությունը, եթե ընդհանրապես գոյություն ունի, մեկնաբանության ենթակա չէ: Մերձավոր դաշնակիցները տագնապի մեջ են:

Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հիմա մեղադրում է Վաշինգտոնին, որ այն լարման մեղավորն էր, որը հանգեցրեց ուկրաիանական բոինգի կործանման, որի ուղևորներից 57-ը կանադացիներ էին, իսկ Բրիտանիայի ՊՆ նախարար Բեն Ուոլեսը The Sunday Times-ին ասել է, որ գիշերն արթնացավ քնից՝ մտածելով ամերիկյան գերակայության վախճանի մասին: ՙ2010-ի կանխատեսումը, որ մենք միշտ լինելու ենք ԱՄՆ-ի հետ կոալիցիայում, հիմա պարզապես չի համապատասխանում իրականությանը՚՝ հայտարարել է նա: Պուտինի Ռուսաստանը ուղիղ հակապատկերն է Թրամփի ԱՄՆ-ի: Առաջինը ձգտում է արտասահմանում ընդլայնել իր ազդեցությունը, որ լավագույնս փոխհատուցի իր տնտեսական թուլությունը ներսում, ինչպես գործում էր և այժմ գոյություն չունեցող ԽՍՀՄ-ը, երկրորդը ուզում է ձերբազատվել արտաքին պարտավորություններից, որ կենտրոնանա իր ներքին ուժի վրա: Մոսկվան երբեք չի հանձնվում, խանդով պնդելով հարևանների վրա ազդեղոթյան գոտու իր իրավունքը, նույնիսկ եթե դա նշանակում է Ուկրաիանայի մի մասի օկուպացում: Ռուսաստանը վերադառնում է Սիրիա, Լիբիա ու նույնիսկ Աֆրիկա, որտեղ տեղակայում է իր վարձկաններին՝ հաճախ հակառակ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի, որոնց կողմ է քվեարկել: Ճիշտ է՝ քվեարկում է ավելի ու ավելի քիչ՝ վերածվելով արգելակող գործոնի՝ Չինաստանի հետ սերտ համագործակցությամբ: Իսկ Չինաստա՞նը: Պեկինը հավատարիմ է իր իմիջին և 2020-ի աղմկոտ սկզբին հանգիստ ու աննկատ գործում է իր կտավը: Իր ուժը Չինաստանը ստեղծում է համբերատար՝ թե ներսում, թե դրսում՝ բնավ չմտահոգվելով իր բարոյական վիճակի մասին: Մնում է Եվրոպան: Եվրոպան բոլոր վտանգների կենտրոնում է, թիրախ է ամենատարբեր ախորժակների, տառապում է իր բարոյական վիճակից, բայց սկսում է գիտակցել, որ անհնար է բուսակեր մնալ գիշատիչների աշխարհում: Մինչդեռ հաջորդ շաբաթ ամեն ինչ կարող է փոխվել:
Սիլվիա Կաուֆման, Le Monde


Հ.Գ. Ֆրանսիան փորձում է փոխել Եվրոպան, բայց Ֆրանսիայում փոփոխությունները ընդունվում են ֆանտաստիկ դիմադրությամբ: Սա Մակրոնի սինդրոմն է՝ որ շատ նման է Նապոլեոնի սինդրոմին, մինչ ֆրանսիացիները փորձում են աշխարհը փոխել, Ֆրանսիան փոխում է նրանց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao