«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց
21.01.2020 | 22:10

Հայաստանի երկրորդ նախկին նախագահի և նրա նախկին 3 ենթակաների
գործով դատական նիստը հետաձգվեց՝ այս անգամ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանների բացակայության պատճառով: Նախորդ նիստին նույն պատճառաբանությամբ դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Թե Քոչարյանի, թե Գևորգյանի, թե Յուրի Խաչատուրովի փաստաբանները նույնն են պնդում՝ Մարտի 1-ի զոհ Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, հունվարի 9-ի դատական նիստում իրենց սպառնացել է: Էդիկ Հարությունյանն ասել էր. «Ուրեմն, թող հարգեն Մարտի 1-ը ու չփորձեն այլ կերպ, այլ երևույթներ պատկերացնել, թե չէ իրանք էլ կհայտնվեն մեր օրին»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրեց փաստաբանների դիմումը. «Տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, պաշտպանության կողմի կարծիքով՝ դատարանը պատշաճ չի արձագանքել միջադեպին, և այդ պատճառով պաշտպանության կողմը գտնում է, որ նշված իրավիճակում զրկված է իրենց իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից»: Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հարց ուղղեց զոհի հորը, թե ինչ է նկատի ունեցել: «Հարգելի դատարան, ես ընդամենը սպառնալիք չեմ հնչեցրել, այլ ասել եմ՝ մեզ եթե փորձում են վիրավորել, կընկնեն մեր օրին, այսինքն՝ մենք էլ կարող ենք վիրավորել, ուրիշ ոչինչ: Նման սպառնալիք, եթե իրենք գտնում են, որ սպառնալիք է, դա իրենց խնդիրն է: Ես սպառնալիք չեմ հնչեցրել»՝ ասաց Էդիկ Հարությունյանը: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հակադարձեց՝ իրենք տուժող կողմին չեն վիրավորել. «Ակնհայտ էր, թե տուժողի իրավահաջորդը, առնվազն դատարանի համար ակնհայտ էր, թե ինչ պատասխան է տալու դատարանի հարցին: Այդ իսկ պատճառով դատարանը թույլ չտվեց իմ առարկությունը ներկայացնել, ինչով որ, իմ գնահատմամբ, նախապես պայմանավորված ինչ-որ տեքստ արտահայտվեց դատական նիստերի դահլիճում, քանի որ այդ տեքստի մեջ իրականությանը վերաբերելի ոչ մի տվյալ չկա: Հարգելի տուժողի իրավահաջորդը նշել էր, որ չփորձվեն մեզ վիրավորել, սակայն այդպիսի արտահայտություն վերջին դատական նիստերի ընթացքում չէր կատարել, և պաշտպանության կողմից որևէ մեկը որևէ հարցին չէր տիրապետում»:

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր սանկցիա կիրառեց անհավասար պայմաններից բողոքող Միհրան Պողոսյանի նկատմամբ, քանի որ նա չէր ներկայացել նախորդ նիստին: Փաստաբանը կարծում է՝ դատարան չներկայանալով խախտում թույլ չի տվել. «Նախագահող դատավորի գործողությունները ոչ այլ ինչ են, քան կրկին տուրք տալ մեղադրանքի կողմի միջնորդություններին և դրանք բավարարել: Հակառակ դեպքում եթե դուք ցանկություն ունեք գործել օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ միջնորդությունը որպես միջնորդություն քննարկման առարկա դարձնել, դուք այս հարցը քննարկման առարկա չէիք դարձնի սույն դատական նիստում, այլ կողմերի լիիրավ մասնակցության պայմաններում այս գործողությունները կկատարեիք»:


Ելույթ ունեցավ նաև դատախազ Պետրոս Պետրոսյանը. «Տարակուսելի է այն հանգամանքը, որ հայտարարություն է հնչեցվում դատարանում, որ դատարանը ոչ իրավաչափ է գնահատել չարամտորեն դատավարական պարտականություններ չկատարելու հանգամանքը: Դրա մասին է վկայում հենց պաշտպան Պողոսյանի վարքագիծը. նախորդ դատական նիստին չի ներկայանում, հայտարարում է, որ դատավարության մասնակիցների կողմից որոշակի հայտարարություններ կատարելն իրեն զրկում է այս նիստին մասնակցելու հնարավորությունից և որևէ հանգամանք չփոխվելու պայմաններում հաջորդ դատական նիստին ներկայանում է, և ի՞նչն է խոչընդոտում, որ նախորդ դատական նիստին ներկայանար և իր դատավարական պարտականությունները կատարեր»:
Լրագրողների հետ զրույցում դատախազը հայտարարեց՝ փաստաբանները փորձում են ձգձգել դատավարությունը. «Սա պաշտպանների կողմից դրսևորված վարքագիծ է՝ արհեստականորեն դատական նիստերը հետաձգելու, և դատարանն արդեն արձանագրել է պաշտպանների կողմից իրենց դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու հարցը», - ասաց Պետրոս Պետրոսյանը: Հարցին, թե ինչո՞ւ են պաշտպանները ձգձգում դատական նիստերը, նա արձագանքեց. «Մենք չենք կարող կանխատեսումներ անել, թե պաշտպաններն ինչից ելնելով են ձգձգում դատական նիստերը, բայց կարող ենք հաստատապես պնդել, որ ձգձգվում է հենց պաշտպանների կողմից միտումնավոր»:
Հայաստանի երկրորդ նախագահի և նախկին երեք բարձրաստիճան պաշտոնյաների փաստաբանները, դատարան չներկայանալով, փորձում են այնպես անել, որ ի վերջո գործը Աննա Դանիբեկյանի վարույթից մեկ ա՞յլ դատավորի փոխանցվի հարցին Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Քրեական գործը ձեռքից վերցնելու արվեստին տիրապետում է Գլխավոր դատախազությունը: Օրինակը պարոն Դավիթ Գրիգորյանի ձեռքից քրեական գործը այսպես ասած՝ խլելու օպերացիան էր, որն իրականացվել է»: Ըստ նրա՝ դատական նիստերը հետաձգելու որևէ միտում չկա. «Դատական նիստերը շարունակվում են, գործի բուն քննության ընթացքում եթե այժմ շատ ավելի դժվար է ընկալվում, որ այսպես այսպես ասած՝ «ջուր» քրեական գործ է, դատական հենց առաջին մի քանի նիստերով առավել ակնհայտ է լինելու, որ այստեղ քրեական գործի օրինական քրեական հետապնդման մասին խոսելն ավելորդ է, ուստի ձգձգման միտում չունենք»:


Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս պնդում է՝ Քոչարյանի կողմը չի ուզում, որ գործը հասնի դատաքննության փուլ, երբ վկաները կներկայանան դատարան ու կպատմեն իրենց աչքի տեսածը 2008-ի մարտին մայրաքաղաքում տեղի ունեցածի մասին: «Իրենց հարմար չէ այս գործի ապացույցների հրապարակումը, և երևի նկատել եք, որ երբ որ անցնում ենք բուն փաստերի շարադրանքին, հատկապես երկու փաստաբան մշտապես կանգնում են և առարկում դրանց դեմ, որ դեռևս ապացույցների հետազոտում չկա, ուրեմն պետք չէ փաստերին վկայակոչումներ անել: Այս տեսանկյունից նկատի ունենալով, որ այո, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքներն ապացուցված են, և գործով այդպիսի ապացույցները ոչ թե բավարար են, այլ շատ ավելին են, այս տեսանկյունից պաշտպանական կողմն ամեն ինչ անելու է, որ մենք չմտնենք բուն դատաքննության փուլ», - հայտարարեց Սեդա Սաֆարյանը:
Հաջորդ դատական նիստը փետրվարի 4-ին է:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ