ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է կազմակերպել կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի էպիկենտրոն համարվող չինական Ուհան քաղաքից ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների և քաղաքացիների տարհանումը: Այս ամենն արվում է մահացու վտանգավոր վարակի արագ տարածման ֆոնին: Ի սկզբանե որոշված էր, որ ԱՄՆ քաղաքացիները հայրենիք են վերադառնալու Boeing 767 օդանավով, որը պետք է երկուշաբթի լքեր Ուհանը: Սակայն որոշումը չեղարկվել է:
Պետքարտուղարությունը համագործակցում է Չինաստանի ԱԳՆ-ի հետ՝ ամերիկացի դիվանագետների, նրանց ընտանիքների և քաղաքում գտնվող մյուս ԱՄՆ քաղաքացիների տարհանումը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով:
Մի քանի տասնյակ ԱՄՆ քաղաքացի արդեն հայտնել են, որ ցանկանում են լքել երկիրը: Նշվում է, որ առաջին չվերթով հնարավոր կլինի Ուհանից դուրս բերել 240 մարդ:
Չինաստանը պատուհասած կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի:Չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան բոլոր դեպքերը գրանցվել են Չինաստանում: Հաղորդվել է նաև ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 2057 դեպք: Առայսօր հիվանդությունից բուժվել է 49 մարդ: Չինաստանի առողջապահության նախարարը չի բացառել, որ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման աղբյուրը եղել է ինչ-որ վայրի կենդանի: Ներկայում 1600 բժիշկ ուղարկվել է համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաք, որտեղ հիվանդների թիվը շատ արագ է ավելանում: Առողջապահության նախարարը խոստովանել է, որ վարակի տարածման հատկությունը գնալով ուժեղանում է և մուտացիաների հավանական ռիսկերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-14 օր է: Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակը գագաթնակետին հասնի փետրվարին: