«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պուտինն ու Էրդողանը խաղարկում են լարվածության ռազմավարությունը Սիրիայում

Պուտինն ու Էրդողանը խաղարկում են լարվածության ռազմավարությունը Սիրիայում
06.02.2020 | 10:21

Թուրքիան ու Ռուսաստանը, որ աջակցում են 2011-ից Սիրիան ամայացնող կոնֆլիկտի հակառակ կողմերին, կարողացան ամրապնդել համագործակցությունը սիրիական դոսիեով՝ գրում է Պասկալ Էրոն L'Opinion-ում: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարպետացել են կոմպրոմիսների մեջ, հետո էլ դրանք չկատարելու: Վերջին 4 տարիներին նրանք պարբերաբար ու որքան հնարավոր է իրենց շահերին համապատասխանող պայմանավորվածությունների էին հանգում Սիրիայում՝ կանաչ լույս վառեցին թուրքական ինտերվենցիաների առաջ քրդական քաղաքներում, զբաղվում էին ջիհադականների տարհանումով, ապառազմականացված գոտիներ էին ստեղծում՝ ինչպես Իդլիբում: Հենց այդ նահանգում, որտեղ Դամասկոսի իշխանությանը դիմադրության վերջին օջախն է, իրավիճակը նորից վատանում է: Սիրիական բանակի հարձակումը՝ ռուսական ինքնաթիռների ու հատուկ ջոկատայինների աջակցությամբ, հանգեցրեց հունվարի 28-ին Մարատ ան Նուման քաղաքի գրավմանը, որ համարվում է զինված սունիների կենտրոն 2011-ից: Իդլիբի ճակատը վերջին ռազմավարական կռիվն է Ասադի վարչակարգի համար, որ բազում հաղթանակներից հետո վերահսկում է երկրի տարածքի 70%-ը: Սիրիական ուժերը պաշարել են թուրքական մի քանի դիտակետեր՝ Իդլիբի շուրջը, ապառազմականացման համաձայնագրի շրջանակներում, որ ստորագրել են Անկարան ու Մոսկվան 2018-ին: Թուրքիայի նախագահը ստիպված է արդարանալ, քանի որ նրա հասարակական կարծիքը դժգոհություն է արտահայտում սիրիացի փախստականների զանգվածային հոսքի պատճառով: Ազդելու համար Ռուսաստանի դիրքորոշման վրա, Թուրքիան սպառնում է մերձենալ ԱՄՆ-ի հետ սիրիական դոսիեի կարգավորման հարցում: Նախագահ Վլադիմիր Պուտինը ստեղծել է քաղաքական առճակատման նոր դաշտ՝ աջակցելով մարշալ Խալիֆա Խաֆթարին Լիբիայում: Էրդողանը հապճեպ ուժեղացնում է իր աջակցությունը Տրիպոլիի ուժերին: «Ռազմական գործողությունների այս երկու թատերաբեմերի միջև կան հաղորդակցվող անոթներ,-ասում է Մոսկվայում Օբսերվո ֆրանս-ռուսական վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Իգոր Դելանոեն:- Վլադիիմիր Պուտինը, հավանաբար, ձգտում էր ներքաշել Էրդողանին Լիբիա, որ զիջումների հասներ Սիրիայում»: Սիրիան գերակայություն է և ռուսների համար, և թուրքերի: Սիրիան Թուրքիայի հարևանն է և այնտեղ կան քրդական ուժեր: Մոսկվայի համար Սիրիան միակ ուղիղ ելքն է Միջերկրական՝ Տարտուսի նավահանգստով: Ռուսական բանակը այնտեղ Հմեյմիմի ռազմաբազա է տեղակայել: «Նոր բարդությունները հազիվ թե կասկածի տակ դնեն Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական ու տնտեսական համագործակցությունը, ինչպես և համագործակցությունն անվտանգության ոլորտում,-գտնում է Իգոր Դելանոեն: -Տարաձայնություններ նրանք ունեն երկար ժամանակ, և ոչ մի կողմը չի ցանկանում վերապրել արդեն հայտնի լարվածության ամիսները ռուսական Су-24-ը թուրքական կործանիչով խփելուց ու ի հետևանս՝ Մոսկվայի սահմանած պատժամիջոցներից հետո»: «Ռեալ պրոբլեմը՝ սահմանափակ ու ժամանակավոր համաձայնությունները Սիրիայի հարցով՝ ստորագրված Աստանայում ու լրացված Սոչիում, գործընկերներից ոչ մեկը չի պահպանում,-եզրափակում է Իգոր Դելանոեն:- Սիրիայի նախագահ Բաշար Ասադը միշտ է ասել, որ ծրագրում է վերադարձնել Իդլիբի նահանգը, որտեղ օգտագործում է ռուսական ավիացիան՝ իբրև հովանի: Թուրքիան չկարողացավ այնտեղ ապառազմականացված գոտի ստեղծել Դամասկոսի ուժերի ու ջիհադականների միջև: Անկարան լծակներ չունի այնպիսի խմբավորումների վրա, ինչպես Հայաթ Թահրիր աշ Շամը, որ նախկինում կապված էր Ալ Կայիդայի հետ»:
Պասկալ Էրո, L'Opinion


Հ.Գ. Աբսուրդը հասել է այնտեղ, որ Էրդողանը Սիրիայից պահանջում է մինչև փետրվարի վերջը դուրս բերել զորքը Իդլիբից, այսինքն՝ ինքը մտել է հարևան երկիր և պահանջում է, որ այդ երկրի զորքը հեռանա իր տարածքից: «Եթե սիրիական կառավարական բանակը չլքի այդ շրջանը, դա կստիպի Թուրքիայի բանակը»՝ երեկ հայտարարել է Էրդողանը: Բացի այդ՝ նա կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: Պուտինն ու Էրդողանը հեռախոսել են նախորդ օրը և ամենայն հավանականությամբ ընդհանուր հայտարար չեն գտել, այլապես Էրդողանը Ասադին չէր սպառնա:


Պուտինն ունի հաղթաթուղթ՝ Էրդողանին համարյա մեկ տարի էր տրված Իդլիբը ջիհադականներից մաքրելու համար, բայց ինչպե՞ս Էրդողանը հանձնի յուրայիններին: Նրա խաղը քրդերով Ասադին Իդլիբի մատույցներում պահելն էր, բայց քրդերը արագ հասկացան, որ բոլորն ունեն իրենց խնդիրները և իրենք ընդամենը օգտագործվում են, ու հետ քաշվեցին՝ բացելով Ասադի ճանապարհը դեպի քրդերին կոտորող թուրքերի վերջին պատվարը: Էրդողանը չի ցանկանում հանձնել ոչ այնքան ջիհադականներին, որքան Մ-4 միջպետական ճանապարհը, որ իրար է կապում Սիրիայի մեծ քաղաքները ու դուրս է գալիս Միջերկրական: Իսկ Լիբիա Էրդողանին ոչ թե Պուտինն է ներքաշել, այլ՝ հակառակը: Սխալվում են նրանք, որ կարծում են, թե Էրդողանը ազնվորեն ուզում է Լիբիայում խաղաղություն հաստատել, նրան պետք է մուտք Միջերկրական, եթե կորցնի Իդլիբը Սիրիայում: Եթե դա էլ չհաջողվի, պահեստային տարբերակ է Լիբանանում իրավիճակի ապակայունացումը: Ամեն ինչ պտտվում է էներգակիրների ու ճանապարհների շուրջ: Պատերազմը շարունակվում է: Հազիվ թե Բաշար Ասադը շատ վախենա ու Իդլիբից հեռանա՝ հանուն Էրդողանի քաղաքական ու տնտեսական ծրագրերի: Նա ունի իր ծրագրերը՝ առջևում ընտրություններ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ