«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

Նախագահն առանց սահմանների

Նախագահն առանց սահմանների
08.02.2020 | 12:49

Դոնալդ Թրամփի համար ավարտվեց իմպիչմենտի գործընթացը: Տրիումֆով: Իհարկե՝ դեմոկրատների նկատմամբ, բայց նաև դեմոկրատիայի: Նա ցանկանում է, որ իրեն ենթարկվեն վախից՝ գրում է Կարստեն Լյութերը Die Zeit-ը: Դոնալդ Թրամփի պատրանքային արդարացումը իմպիչմենտի գործում պահը չէ, երբ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում հանկարծ, անսպասելի ու ճռնչալով ճաքեր է տալիս: Այս պատմական ու աբսուրդ գործընթացի ավարտը կուրացուցիչ պարզությամբ ցույց տվեց՝ որքան ուժեղ հարված հասցվեց ԱՄՆ քաղաքական համակարգին: Ամեն ինչ միանգամից չի փլուզվի, բաց հեռանկարը մռայլ է: Եվ նախագահը, որ այլևս սահմաններ չի ճանաչում, միայն անմիջական վտանգն է: Թրամփը ցանկանում էր Կոնգրեսի հավանությունն ստացած օրենքով Ուկրաինային հատկացված ռազմական օգնությունը կասեցնել այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի կառավարությունից չէր ստացել իր ցանկացածը՝ հետաքննություն իր քաղաքական հակառակորդ, դեմոկրատների նախագահի թեկնածու Ջո Բայդենի և նրա որդու դեմ: Թրամփն ուզում էր օգտագործել Ուկրաինայի թուլությունը, որ ճնշում գործադրելով հասնի կեղտոտ արշավի, որը կապահովի իր վերընտրությունը:


Իրավասությունների գերազանցումը հազիվ թե կարող էր ավելի բացահայտ լինել: Դեմոկրատների ապացույցները տրամաբանական էին, մասշտաբային և ոչնչացնող՝ չնայած Սպիտակ տան շրջափակմանը: Կարելի էր կանխատեսել՝ ինչքան հեռու ամեն ինչ կգնար, եթե մեղադրողներին չզրկեին վկաներից ու փաստաթղթերից: Բայց հանրապետականները շահագրգռված չէին նրա մեղավորության հարցով: Նրանց համար խոսքը իշխանության մասին էր: Նրանք խուսափեցին իրենց սահմանադրական պատասխանատվությունից՝ չնշելով Թրամփի սահմանները: Մի ժամանակ հարգանքի արժանի կուսակցությունը վերջնականապես վերածվեց նախագահի բութ գործիքի: Ժողովրդավարության վերաբերյալ հիմնարար կոնսենսուսը ինչ-որ պահի սկսեց փլուզվել, գուցե, երբեք էլ այնքան կատարյալ չէր եղել, որքան թվացել էր: Թրամփը դարձավ այդ ձգձգված գործընթացի պատճառը, որ ընդունեց ու արագացրեց: Ինստիտուտների ու նորմաների նկատմամբ թաքնված անվստահությունը նա օգտագործեց իր շահի համար՝ մինչև ընտրություններն ու ընտրություններից հետո՝ սուտը, կեղծիքը, սադրանքը եղել ու մնում են նրա համար հարմար միջոցներ: Իմպիչմենտը ձախողվեց ոչ թե ապացույցների պակասի պատճառով, այլ դեմոկրատների կապիտուլյացիայի, որ չկարողացան պահպանել նույնիսկ զսպումների ու հակակշիռների համակարգի պատրանքը: Թրամփը, նրա կողմնակիցները և հանրապետականների մեծ մասը խարխլում են ժողովրդավարության հիմնաքարերը՝ միաժամանակ ու կանխամտածված: Թրամփը գործընթացի արդյունքը կարող է օգտագործել իր իրական նպատակի համար՝ թուլացնել իր իրշխանության սահմանները և աղավաղել նախագահական ընտրությունները նոյեմբերին՝ իր օգտին: Հավանաբար Թրամփի կարծիքով՝ արդարացնող դատավճիռը հավաստում է զոհի նրա դերը և իր նախագահության պաշտպանությունը բոլոր միջոցներով՝ նրան այլևս ոչինչ չի զսպում: Ենթարկում վախից՝ ահա ինչ է ուզում Թրամփը և ինչ ստացավ իր կուսակցությունից: Թրամփը դեռ երբեք չի զգացել ինքնավստահության պակաս, որ անհրաժեշտ է իրեն անձեռնմխելի չհամարելու համար: Ինքը կարող է կանգնել Հինգերորդ ավենյուում ու կրակել ինչ-որ մեկի վրա, և չի կորցնի ընտրողներին՝ հայտարարեց նա 4 տարի առաջ նախընտրական արշավի ժամանակ: Այն ժամանակ հայացքն ուղղելով տեսախցիկին ու ձեռքով ատրճանակ պատկերելով՝ նա սեղմեց սիմվոլիկ ձգանը: Նախագահի պաշտոնում Թրամփը չի մոռացել իր տագնապալի մտահղացումը: Նա դեռ գտնում է, որ բոլորից լավն է: Ոչ միայն իբրև իմպիչմենտի արձագանք՝ նա պնդում էր, որ ԱՄՆ Սահմանադրության երկրորդ հոդվածն իրեն թույլ է տալիս անել՝ ինչ ուզում է: Իհարկե, այդպես չէ, բայց իմպիչմենտի գործընթացից հետո նա կանգնած է ծխացող ատրճանակի առաջ ու մտածում է, որ հաղթել է: Նոյեմբերի ընտրությունները փոփոխության միակ շանսն են, եթե բավարար թվով ամերիկացիներ ընդհանրապես հավատում են ժողովրդավարությանը:
Կարստեն Լյութեր, Die Zeit


Հ.Գ. Փետրվարի 5-ին Սենատն արդարացրեց Դոնալդ Թրամփին երկու հոդվածներով՝ իշխանության չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում: Իշխանության չարաշահման հոդվածով 52 սենատոր Թրամփին համարեցին անմեղ, 48-ը՝ մեղավոր: Երկրորդ հոդվածով՝ 53 սենատոր համարեցին անմեղ, 47-ը՝ մեղավոր: Միակ հանրապետականը, որ դեմոկրատների հետ քվեարկեց, Միթ Ռոմնին էր: Նա Թրամփին մեղավոր համարեց իշխանության չարաշահման մեջ, բայց երկրորդ հոդվածով միացավ հանրապետականներին: Հավանաբար՝ կուսակցությունում կքննարկեն նրան հեռացնելու հարցը: Իսկ Դոնալդ Թրամփը Թվիթերում դրեց սեփական լուսանկարն ու հավաստեց իր նախագահությունը՝ մի քանի հազարմյակ՝ լուսանկարի տակ թարթվող թվականներով: Թրամփին, իհարկե, դժվար է լավագույն նախագահ համարել, բայց փաստ է, որ ամերիկացիները նրան են ընտրել նախագահ՝ հոգնած հայտնի քաղաքական դեմքերից: Թրամփը աշխարհաքաղաքականությանն էլ նայում է իբրև բիզնեսմեն՝ պարզապես Սպիտակ տանը բիզնես շահին փոխարինել է ազգային շահը: Իսկ դա վերընտրության լավ երաշխիք է: Որքան էլ Նենսի Փելոսին պատռի նախագահի Կոնգրեսին ուղղված ուղերձի տեքստը՝ իր ձեռքը չսեղմելուց հետո, երբ պատշաճ չէր ներկայացրել նախագահին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ