Ադրբեջանն ընտրեց Ալիևի Միլի մեջլիսը

Ադրբեջանն ընտրեց Ալիևի Միլի մեջլիսը
10.02.2020 | 13:06

Երեկ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, փորձագետների գնահատականով՝ անկախ թեկնածուների անսովոր մեծ թվով: «Ենի Ազերբայջանը» թեկնածուներ է առաջադրել բոլոր 125 ընտրատեղամասերում: Ընտրություններին մասնակցում են «Մուսավաթը»՝ քիչ թե շատ ընդդիամադիր կուսակցությունն ու ReAL-ը («Հանրապետական այլընտրանք»), որի ղեկավար Իլգար Մամեդովը բոլոր քաղաքական ուժերին մասնակցության կոչ էր արել՝ այս ընտրությունները ընդդիմության ու ժողովրդի համար պատմական շանս որակելով: Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, որի կազմում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», բոյկոտում է ընտրությունները: Նրանք գտնում են, որ երկրում չկան ազատ ու արդար ընտրությունների անցկացման պայմաններ: Ընտրություններին մասնակցել են 19 կուսակցությունների ներկայացուցիչներ, Միլի մեջլիսի 125 մանդատներին հավակնում էին 1,3 հազար թեկնածուներ: 2431-ը առաջադրել էին իրենց թեկնածությունն ընտրություններում, գրանցվեցին 1600 թեկնածուներ, 320-ը հանեց թեկնածությունը: Միլի մեջլիսի ընտրություններն Ադրբեջանում անցկացվում են 5 տարին մեկ՝ մեծամասնական ընտրակարգով: Հերթական ընտրությունները 2020-ի նոյեմբերին էին, բայց 2019-ի նոյեմբերին մեծամասնություն ունեցող «Ենի Ազերբայջանը» նախաձեռնեց Միլի մեջլիսի ինքնալուծարում: Նախագահ Իլհամ Ալիևը հաստատեց խորհրդարանի լուծարումը ու արտահերթ ընտրություններ նշանակեց 2020-ի փետրվարի 9-ին: Ընտրությունները մասնակցության շեմ չունեն և քվեարկածների ցանկացած թվի պարագայում համարվելու են կայացած: Ընտրատեղամասերն աշխատել են մինչև 19.00: Արտասահմանում քվեարկություն օրենսդրությամբ նախատեսված չէ:
BBC


Հ.Գ. Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ իշխող «Ենի Ազերբայջանը» կստանա 125 մանդատից 65-ը: «Թուրանը» հաղորդում է խախտումների մասին: Որոշ ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հարձակվել նրանց վրա, դուրս հանել ընտրատեղամասերից: Բռնություններ են գործադրվել տեղական դիտորդների նկատմամբ: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերը թափանցիկ չեն եղել: Ականատեսների պատմելով՝ մի ընտրատեղամասից քվեաթերթիկներ են դուրս բերվել, կողմնակի անձինք նշումներ, հավանաբար քվեարկություն են կատարել: Մի ընտրատեղամասում դադարեցվել էր քվեարկությունը՝ պատճառը երկու թեկնածուների կողմնակիցների վիճաբանությունն էր: Արձանագրություն է կազմվել, որ դիտորդներն են ինչ-որ մեկին ծեծել: Այդ ընտրատարածքում առաջադրված էր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին: Նրա ներկայացուցիչը դիտորդների դեմ մեղադրանքն անհիմն է համարել: «Մուսավաթ»-ը հայտնել է, որ իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասերում թույլ չեն տվել ներս մտնել: Իշխանությունների ներկայացուցիչները հերքել են խախտումների մասին պնդումները: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Արթուր Գերասիմովն ասել է, որ դիտորդները հետևում են քվեարկության ընթացքին, մինչ այս ուսումնասիրվել է նախընտրական իրավիճակը, և երկուշաբթի օրը առաքելությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Ամենակարևորը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիևին և շնորհավորել հաղթանակը: Մնացածը՝ ինչպես եղել է մինչ այս: Մի տարբերությամբ՝ Ադրբեջանում ավարտվում է Ալիևների գերիշխանությունը, սկսվում է Ալիև-Փաշաևների տանդեմի ոդիսականը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ