Իլհամ Ալիև. Ընտրությունների անցկացումը ժողովրդավարության դրսևորում է

Իլհամ Ալիև. Ընտրությունների անցկացումը ժողովրդավարության դրսևորում է
11.02.2020 | 12:11

ԵԱՀԿ դիտորդները բազմաթիվ խախտումներ են նշել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում: Փետրվարի 9-ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին: Վերջին տվյալներով՝ 125 մանդատներից 71-ը ստացել է նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: Մնացած մանդատները ստացել են փոքր կուսակցություններն ու Ալիևի կուսակցությանը չեզոք վերաբերմունք ունեցող անկախ թեկնածուները: Միջազգային դիտորդները նշել են նշանակալից ընթացակարգային խախտումներ ձայների հաշվարկի ժամանակ և բարձրացրել են ընտրությունների թափանցիկության ու արդարության հարցը: Ընդդիմությունը բոլորին խախտումների դեմ բողոքի կոչ է արել: «Ընտրությունները մթագնում են խախտումները, որ ավելին էին՝ քան երբևէ»՝ Ռեյտերին ասել էլ ReAL ընդդիմադիր կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը: Ավելի վաղ նա արտահերթ ընտրություններն անվանել էր ընդդիմության ու ժողովրդի պատմական շանս և քաղաքական բոլոր ուժերին մասնակցության կոչ էր արել: «Միջազգային շատ դիտորդներ անհանգստություն են հայտնել հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտումների պատճառով»՝ նշվում է ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության պաշտոնական հայտարարության մեջ: Խնդիրեներ են եղել ընտրատեղամասերի 7%-ում, որ վիճակագրական բավականին բարձր ցուցանիշ է: Խախտումների թվում դիտորդներն արձանագրել են ճնշումներ ընտրողների վրա, ընդդիմությունը հայտարարել է քվեատուփերի լցոնումների մասին: «Չնայած դիտարկվում է ընտրությունների անցկացման բարելավում, բացահայտվել են որոշակի խախտումներ: Մենք սպասում էինք ավելի թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացում»՝ ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների առաքելության հատուկ համակարգող Արթուր Գերասիմովը: «Արձանագրվել են ընտրողների, թեկնածուների ու նրանց ներկայացուցիչների վրա ճնշման դեպքեր»՝ հավելել է Գերասիմովը ընտրությունների ադյունքներով մամլո ասուլիսում:


ВВС-ի ադրբեջանական ծառայությունը խոսել է մարդու հետ, որ ներկայացել է «հարյուրապետ»: Այդ մարդիկ գլխավորում են իրենց չափերով տպավորիչ խմբեր, որ զբաղվում են «կարուսելով»՝ մի ընտրատեղամասից մյուսն անցնելով՝ մեկ թեկնածուի համար զանգվածային քվեարկության համար: ԿԸՀ-ն հաղորդել է, որ ընտրությունների ժամանակ 261 դիմում են ստացել՝ հիմնականում տեխնիկական ու խորհրդակցական հարցերով, որ արագ լուծվել են: ԿԸՀ փոխնախագահ Ռովզատ Գասիմովը լրագրողներին ասել է, որ բոլոր բողոքներն ու սոցիալական ցանցերում հրապարակված փաստերը ու տեսանյութերը մանրամասն ուսումնասիրվելու են: «Ռուս դիտորդները գտնում են, որ ընտրություններն Ադրբեջանում եղել են ժողովրդավարական ու օրենքին համապատասխան»՝ հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակության ղեկավար Լիլիա Գումերովան:
ВВС


Հ.Գ. Ոչ միայն Լիլիա Գումերովան՝ «Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվել են բաց, օրենքի համաձայն»՝ հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին: Ըստ նրա՝ դիտորդներն արձանագրել են մի քանի աննշան խախտումներ և թերություններ, որոնք չեն ազդել բնակչության կամքի ազատ արտահայտման վրա:
ԱՊՀ դիտորդները ընդհանրապես կարող են որևէ ընտրության դիտարկման չգնալ, միևնույն է, նրանք իրենց եզրակացությունները նախապես պատրաստ ունեն: Եվ որևէ «խիստ կարևոր» երկրի ընտրություններում նրանք երբեք թերություն չեն տեսնում ու տուն են վերադառնում «համապատասխան» վերաբերմունքով:


Արտահերթ ընտրություններից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկել էր իր աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևին, որ 20 տարի աշխատում էր, վարչապետ էր նշանակել 63-ամյա տնտեսագետ Ալի Ասադովին, իսկ էկոնոմիկայի նախարար՝ 43-ամյա Միխայիկ Ջաբարովին: Մինչ այդ պաշտոնանկել էր և երկու փոխվարչապետերին: Այդ փոփոխությունները երկրում իսկապես հույսեր էին ներշնչել, որ իշխանությունը պատրաստվում է բարեփոխումների: Համենայն դեպս՝ զառամյալներին պաշտոնանկելով ու նրանց ավելի երիտասարդներով փոխարինելով: Արտահերթ ընտրությունների առնչությամբ էլ որոշ փորձագետներ տեսնում էին իշխանության փորձը՝ քաղաքական թատերաբեմ բերել ավելի երիտասարդների, որ հազիվ թե, սակայն, արմատական ազդեցություն ունենան քաղաքական ու տնտեսական իրավիճակի վրա: «Տոտալ հավաքագրումների փոխարեն, որով զբաղվում էր հին գվարդիան, հիմա տնտեսության բոլոր «յուղոտ տեղերում» նոր մարդիկ են լինելու պարզապես: Նավթը, ոսկին, շինարարական բիզնեսը վաղուց մոնոպոլիստների ձեռքում են: Հիմա իշխանությունները փորձում են փոխել փող աշխատելու ձևը՝ ոչ ուղղակի հավաքագրւոմներով, ինչպես արել են հին կադրերը, այլ սովորական մանոպոլիաներով»՝ ասել է քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն:


RFI-ն հաղորդում է, որ ընտրություններից հետո ընտրատեղամասերի մոտ հարցումներ են անցկացրել Arthur J. Finkelstein & Associates ամերիկյան ընկերությունը և ֆրանսիական OpinionWay գործակալությունը: OpinionWay-ի հաշվարկներով՝ «Ենի Ազերբայջանը» կարող է ունենալ 66 պատգամավոր: Ամերիկյան ընկերության տվյալներով՝ 69 մանդատ, 41 մանդատ կստանան անկուսակցական թեկնածուները: Իրականում Ալիևի կուսակցությունը ստացել է 71 մանդատ: Մանր կուսակցությունները, որ մանդատ են ստացել, աջակցում են Իլհամ Ալիևին: Խորհրդարանի նոր կազմում վերընտրվել է նախորդ գումարման պատգամավորների մեծ մասը: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են զանգվածային խախտումների մասին: Որոշ ընտրատեղամասերից հաղորդվել է լրագրողների ու դիտորդների վրա հարձակումների մասին: «Ընտրություններն ամբողջությամբ կեղծված են»՝ լրագրողներին ասել է «Մուսավաթի» նախագահ Ալի Հաջիլին: Ընտրությունները դիտարկել են ԵԱՀԿ 350 դիտորդներ: ԵԱՀԿ-ն ոչ մի ընտրություն Ադրբեջանում ազատ ու ժողովրդավարական չի ճանաչել՝ 2003-ին Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո:


Day.Az-ը փոխանցել է Իլհամ Ալիևի ելույթը թուրք-ադրբեջանական միջխորհդարանական բարեկամության խմբի հետ հանդիպմանը: Նա նշել է, որ առաջիկայում Բաքվում կկայանա Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: 2020-ին նախատեսվում է Հարավային գազային միջանցքի շահագործումը: «Արտահերթ ընտրությունների հիմնական նպատակը, ժամանակ չկորցնելով, բարեփոխումները շարունակելն էր: Վերափոխվել են կառավարությունն ու նախագահի աշխատակազմը, իհարկե, Միլի մեջլիսը չէր կարող այդ գործերից դուրս մնալ: Վստահ եմ, որ այս ընտրությունները շատ կարևոր դեր կխաղան Ադրբեջանի հետագա զարգացման համար: Մեր օրենսդրությունը պետք է համապատասխանի մեր զարգացման աճող տեմպերին: Ընդլայնվում են մեր միջազգային կապերը, և Ադրբեջանի պատգամավորները հետագայում էլ պետք է արժանավայել ներկայացնեն ներ երկիրը միջազգային կառույցներում»՝ ասել է Իլհամ Ալիևը: Նա ընդգծել է, որ երկրում երիտասարդացման քաղաքականություն է վարվում: «Բայց դա էլ պետք է մտածված արվի: Ավագ սերնդի փորձը, երիտասարդների հակումը դեպի իննովացիաները, նրա գիտելիքները, ուշադրությունը ժամանակակից գործընթացներին՝ մենք ձգտում ենք ստեղծել այդպիսի միասնություն: Ու մենք հասել ենք դրան: Ինձ ասել են, որ ընտրությունները ամբողջ երկրում անցել են շատ հանգիստ, օրենսդրության շրջանակներում, անհանգստություն պատճառող պահեր չեն եղել: Այս ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Ես չեմ հիշում, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում 1300 թեկնածու լիներ երբևէ: Դա ինքնին նշանակում է, որ ընտրություններն անցել են մրցակցության պայմաններում, և բոլոր թեկնածուների գրանցման գործընթացում արդար մոտեցում է եղել: Թեկնածուների այդքան մեծ թիվը վստահության վկայություն է ընտրությունների նկատմամբ: Եթե վստահություն չլիներ, այդ մարդիկ, հավանաբար, չէին մասնակցի ընտրություններին: Այս ընտրությունները հատուկ դեր ունեն: Ինչ վերաբերում է միջազգային որոշ դիտորդական առաքելությունների կարծիքին, մենք վաղուց արդեն ընտելացել են նրանց բացասական կարծիքին: Նրանց եզրակացությունները որոշ դեպքերում նախապես են գրվում, ընդ որում՝ ոչ իրենց ձեռքով, այլ ուրիշ տեղերում ու փոխանցվում են նրանց: Քանիցս ենք դա տեսել: Դուք ևս տեսել եք Եվրոպայի Խորհրդի բացասական վերաբերմունքը մեր նկատմամբ: Այդ վերաբերմունքի վերջին դրսևորումը ստի վրա կառուցված բանաձևի ընդունումն էր»՝ ասել է Իլհամ Ալիևը: Նրա հայտարարությամբ՝ բանաձևը կոպիտ միջամտություն էր խորհրդարանական ընտրություններին: «Առաջին հերթին այդ բանաձևը կեղծիք է, ու մենք չենք ընդունում: Մենք հերքում ենք մեզ առաջադրված մեղադրանքները և չենք կատարելու մեզ հասցեագրված ոչ մի «պահանջ»: Սա առաջին: Եվ երկրորդ՝ բանաձևի ընդունման ժամանակը: Խորհրդարանական ընտրությունների նախօրեին նման բանաձևի ընդունումն Ադրբեջանի նկատմամբ բացասական ու անարդար վերաբերմունքի վկայություն է: Մեր մերձավոր բարեկամ Մևլութ Չավուշօղլուի հետ վերջին հանդիպման ժամանակ ես իմ կարծիքը հայտնեցի: Նաև ևս համաձայն է և մեզ լավ հայտնի է, որ Եվրոպայի Խորհրդում Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ: Մեզ մոտ կատարվող դրական գործընթացները հաշվի չեն առնվում, մեր աճող հզորությունը նյարդայնություն ու նախանձ է առաջացնում: Չնայած դրան՝ Թուրքիան ու Ադրբեջանն առաջ են դնում իբրև երկու բարեկամական, եղբայրական երկրներ: Մենք շատ կարևոր ծրագրեր ենք իրականացնում, ուժեղացնում ենք մեր հզորությունը: Գտնում եմ, որ մեր ճիշտ քաղաքականությունը միջազգային հարթակում և երկրի ներսում արդեն իրականություն է»՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հակասելով ինքն իրեն: Եթե քաղաքականությունը ճիշտ է, ինչու՞ է բացասական գնահատվում: Եվ վերջապես ստերի սուտը՝ նա հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները Ադրբեջանի ժողովրդի կամքով էին, ու՝ բացատրել է. «Եթե Ադրբեջանի ժողովուրդը դժգոհ լիներ ընտրությունների անցկացումից, ցույց կտար: Դուք ևս այսօր տեսաք, որ Ադրբեջանում իշխում է բացարձակ ժողովրդավարական մթնոլորտ: Ընտությունների անցկացումը ժողովրդավարության դրսևորումներից մեկն է: Եթե թեկնածուներն այդքան ակտիվ էին ընտրարշավում, իսկ նրանք շատ ակտիվ էին, դուք էլ ասացիք, որ տնից տուն էին գնում, որ իրենց տեսակետները ընտրողներին հասցնեն, նրանք, իհարկե, եթե դժգոհ լինեին ընտրություններից, կասեին: Բայց մենք մինչև հիմա նման փաստեր չունենք: Դա մեկ անգամ ևս վկայում է, որ ընտրություններն արտացոլում են Ադրբեջանի ժողովրդի կամքը, ու դա գլխավորն է»: Հարց՝ Ալիևի՞ն են խաբել, թե՞ Ալիևն է թուրքերին խաբում: Կարևորը՝ բոլորը գոհ են ու երջանիկ՝ ի հեճուկս չար ու նախանձ Եվրոպայի: Այս ներկայացումն էլ ավարտվեց, ի՞նչ նոր խաղ է Իլհամ Ալիևը հնարելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ