Թուրքիան գնդակոծել է սիրիական ռազմական օբյեկտները Իդլիբում

Թուրքիան գնդակոծել է սիրիական ռազմական օբյեկտները Իդլիբում
12.02.2020 | 12:48

Թուրքիայի բանակը հայտարարել է պատասխան հարվածի մասին Իդլիբի սիրիական ռազմական օբյեկտներին: Անկարան տեղեկացրել է, որ գնդակոծության զոհ են դարձել 100 զինվորներ՝ հաղորդում է France-Presse-ը: Մինչ այդ Թուրքիայի ՊՆ-ն էր հաղորդել, որ հրետակոծության հետևանքով փետրվարի 10-ին 5 թուրք զինվոր է սպանվել: Թուրքիան նախազգուշացրել է, որ կշարունակի հարվածել Սիրիայի կառավարական բանակի դիրքերին: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչները Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել են, որ Իդլիբում Թուրքիայի դիտակետերի վրա հարձակումները պետք է դադարեցվեն: Sabah-ը հաղորդել է, որ երկուշաբթի Անկարան արագացրել է տեխնիկայի ու զինամթերքի մատակարարումը Իդլիբ: Դիտակետեր են ուղարկվել նաև տանկեր: Կրեմլում ընդգծել են, որ անհանգստացած են Իդլիբում կոնֆլիկտի սրմամբ՝ հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Փետրվարի 6-ին ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է թուրք ու ռուս զինծառայողների զոհվելը Իդլիբում, գնդակոծվել է Հմեյմիմ ռազմաբազան: Կոնֆլիկտն Իդլիբում սրվեց փետրվարի սկզբին, երբ Սիրիայի կառավարական զորքերի գնդակոծության հետևանքով սպանվեց թուրք 5 զինվոր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Թրդողանը հայտարարեց Իդլիբի նահանգում 40 նպատակակետերին պատասխան հարվածի մասին: Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում հայտարարեցին, որ զինվորները կրակի տակ են հայտնվել, որովհետև նախապես չեն տեղեկացրել իրենց տեղաշարժի մասին:
RFI


Հ.Գ. 5 զինվորի փոխարեն 100-ին սպանելու Էրդողանի վրեժխնդրությունը նման է կանիբալիզմի, բայց նպատակը նաև քարոզչական է՝ նա փորձում է վախեցնել: Իսկ Ասադի զորքերը, կարծես թե, չեն վախենում ու շարունակում են հարձակումը:


Իդլիբում պատերազմ է նորից՝ մի կողմում նախագահ Ասադի բանակը՝ ռուսների առաջնորդությամբ, մյուս կողմում՝ ընդդիմությունը, որին սատարում է Թուրքիան։ Ասադի կառավարական բանակի ուղղաթիռներից մեկը կործանվել է. օդաչուն զոհվել է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր. «Նրանք, ովքեր պատասխանատու են մեր զինվորների մահվան համար, շատ բարձր գին կվճարեն»: Անցած մեկ շաբաթում թուրքական բանակը 12 զոհ է տվել, 5 վիրավոր: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց կունենան այս թեմայով: «Ռուսաստանը՝ Իրանի հետ, Սիրիայի կառավարության երաշխավորն է, ուստի և պետք է կանգնեցնի այս արյունահեղությունը», հայտարարել է Անկարան: Պուտինն ու Էրդողանը արդեն մի քանի հեռախոսազրույց ունեցել են, բայց ակնհայտորեն միմյանց չեն համոզել: Էրդողանն իզուր է ակնկալում, որ Մոսկվան կդադարեցնի աջակցությունը Ասադին, դա չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ Սիրիայի, ոչ Իրանի շահերից, որ այս ընթացքում ոչ մի հայտարարություն չի արել: Փոխարենը հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ և կոչ է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը: «Մենք տեսնում ենք, որ մարտական գործողություններն ընթանում են առանց խտրականության, մենք խորապես անհանգստացած ենք և դատապարտում ենք: Կոչ ենք անում Բաշար Ասադի ռեժիմին և Ռուսաստանին, որ աջակցում է Ասադին, դադարեցնել հարձակումը»,-ասել է Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարները կքննարկեն Սիրիայի իրադրությունը: «Ասադի ռեժիմը պետք է դադարեցնի այդ սարսափազդու հարձակումներն Իդլիբի խաղաղ բնակչության վրա»,-հավելել է նա: Փաստացի՝ ՆԱՏՕ-ն պաշտպանում է իր անդամին՝ շրջանցելով իրականությունը: Սա հենց այն է՝ ինչ բնորոշել էր Էմանուել Մակրոնը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ